Մեքսիկայում հայեր շատ քիչ կան, ու մեր այս միտքը Երեւանում հաստատում է արվեստաբան Հայկ Մսրլյանը, որն ամերիկյան գովազդային մի կազմակերպության ներկայացուցիչն է Մեխիկոյում։ Բայց նա գովազդելու համար չի եկել Հայաստան, պարզապես 30-ամյա մի տարածք է բաժանում նրան հայրենիք կատարած վերջին այցելությունից, ուստի որոշեց զանգահարել Բեյրութ, Զավեն ավագ եղբորը, որը նույնպես նման մի անջրպետով էր բաժանված հայրենիքից, ու ասել նրան, որ երկուսով գան ու իրենց արձակուրդն անցկացնեն հայրենիքում։
Հայկըՙ հայրենիքի բանալին գրպանում
Երեւի մի ուրիշին ասեիր, կզարմանային կամ թերահավատորեն մեղմ կժպտային։ Բայց դա Մսրլյան եղբայրներին չի վերաբերում։ Հայկն այն Հայկն է, որը 30 տարի առաջ հայ երիտասարդության հավաքում, Երեւանում ամբիոնից այնպիսի հայտարարություն արեց, որը ոչ միայն ծափերի փոթորիկ առաջացրեց դահլիճում, այլեւ թեմա դարձավ ականավոր հրապարակախոս-գրող Վարդգես Պետրոսյանի ստեղծագործության համար։
Պատմությունը հետեւյալն է. Հայկի հայրը 1946-ին առաջին անգամ Հայաստան գալուց առաջ որդուն հարցրել է, թե ինչ բերի նրան Հայաստանից։ Չորս տարեկան մանչուկն ասել էՙ Հայաստանի բանալին։ Եվ հայրը բերել է Հայաստանի... բանալին։ Դա Մսրլյան ընտանիքի լուսանկարի հետեւին Ավետիք Իսահակյանի արած մակագրությունն էր. «Սիրելի Հայկարամ։ Հայաստանի բանալին հայոց լեզուն է, սովորիր եւ Հայաստանի բոլոր դռները կբացես»։
¬ Մեքսիկայից պատմիր, Հայկ։ Հայություն կա՞, թե՞ ոչ։
Ոչ պաշտոնական տվյալներով Մեքսիկայում, հիմնականում Մեխիկոյում, ապրում է 150 կամ 200 ընտանիք։ Այն չնչին թիվն, իհարկե, կտարալուծվի մինչեւ 22 միլիոնանոց քաղաքում, այնպես որ Մեքսիկայում հայկական գաղութՙ որպես այդպիսին չկա։ Մանավանդ, որ շատերը խառնված են, այսինքնՙ կան խառն ամուսնություններ, մի մասը հայերեն անգամ չգիտի։ Մեկուկես տարի առաջ Արգենտինայից հայ կաթողիկե եկեղեցու մի գերապայծառ էր եկել, տեղում հայերից մոտ 150 մարդու հավաքել մեքսիկական եկեղեցում, որոնցից շատերը եկել էին մկրտվելու, թեեւ մայրենին չգիտեին։ Հայտնի է Առաքելյան ընտանիքը, որը տեղի նշանավոր հայ ընտանիքներից է, կա Սարուխանյան ազգանունով մի նշանավոր հայ, որը Մեքսիկայի գլխավոր համալսարանի ռեկտորն էր երկար ժամանակ, հիմա կառավարության քարտուղարներից է, որը նախարարին հավասար պաշտոն է, մշակույթի խնդիրներն է վերահսկում։ Մի որոշ շրջան այստեղ աշխատած Ռուսաստանի դեսպանն էլ է հայ եղել։
Հիմնականում գործարար շրջանների մարդիկ են, ընդհանուր համախմբում չունեն, տարին մեկ կամ երկու անգամ թե հանդիպեն մեկը կամ մի քանիսը, լավ է։
Սակայն վերջին շրջանում փոքր ինչ համախմբման նման մի բան եղավ Հայաստանի երիտասարդ մի պրիմիտիվիստ նկարչուհու մշտաբնակ հայտնվելը Մեխիկոյում։ Հերմինե Դեմիրճյան. ընդամենը մեկուկես տարի է, ինչ տեղափոխվել է Մեխիկո, բայց արդեն մեծ անուն է վաստակում։ «Մուզեյ դել Կարմենում» 145 հեղինակների գործերի ցուցահանդեսում միակ այլազգին էր եւ շահեց երկրորդ մրցանակը, այլազգի չլիներ, առաջինը կշահեր։ Վերջերս երկու կարեւոր ամսագրեր անդրադարձել են նրա ստեղծագործությանը։
¬ Ուրեմն, մեր կոմունիզմը տեսել ես, հիմա էլ մեր կապիտալիզմը տեսար։
¬ Կարեւորն այն է, որ զարգացում նկատեցի, թեեւ դժվարություններն էլ սովորական աչքով տեսանելի են։ Դարձյալ մեր ճակատագիրն էՙ պիտի զինվենք համբերությամբ, որ այս շրջափակումը հաղթահարենք։ Սիրտս շատ ցավեց, երբ տեսանք նաեւ ավերածություններ Երեւանում, օրինակ, Հաղթանակի զբոսայգում, Մայր Հայաստան արձանի շրջապատում։
Հայկ Մսրլյանը ծնվել է 1941 թվականին, Բեյրութում, 1963-ին անցել է Լոնդոն, որտեղ բարձրագույն կրթություն ստանալուց հետո մնացել է աշխատելու մինչեւ 1973 թվականը, ամերիկյան գովազդի մի ընկերությունում, նրա ներկայացուցիչը լինելով ինչպես Անգլիայում, այնպես էլ Հունաստանում, Գերմանիայում, Իսպանիայում, ապա փոխադրվել է ընկերության Չիկագոյի գրասենյակ 1977 թվականին։ Երկու տարի հետո աշխատանքի հրավիրեցին ՀԲԸՄ, որտեղ աշխատել է իննուկես տարի։ Ապա վերադարձավ նախկին աշխատանքին եւ ընկերության կամքով մեկնեց նրա Մեքսիկայի գրասենյակում աշխատելու որպես ստեղծագործական տնօրեն։
Զավենըՙ հայ դպրոցի, հայոց պատմության մտահոգությամբ
Ավագ եղբայրըՙ Զավենը, նրանից մեկ օր առաջ Բեյրութից էր եկել։ Այսպես կայացավ եղբայրների հանդիպումը մայր հայրենիքի հետ, ավելի քան 30 տարի անց։
Առաջին այցը կայացել էր 1971 թվականին, երբ Բեյրութի Հայ ավետարանական քոլեջիՙ սփյուռքի հետեղեռնյան առաջին բարձրագույն հայկական վարժարանի երեք տարվա երիտասարդ տնօրենը (մինչեւ այժմ էլ այդ պաշտոնին է) սփյուռքահայ ուսուցիչների խմբի կազմում եկավ Հայաստան, վերապատրաստման կուրսեր անցնելու այստեղ 42 օրով։
¬ Այս տարի մենք հանդիսավորությամբ նշելու ենք քոլեջի 80-ամյակը եւ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսել ենք, ասում է Զավեն Մսրլյանը։ Այն առաջին հունձքը տվել է 1927-ին, որի մեջ են ականավոր անձնավորություններ։
1971 թվականին կառուցվել է դպրոցի ներկա շենքըՙ 7 հարկանի, 1967 թվականին, երբ Մսրլյանը ստանձնեց տնօրինությունը, քոլեջն ուներ 563 աշակերտ, սակայն նրա գագաթնակետը եղավ 796 թիվը 1974-1975 տարեշրջանին։
Պատերազմից քոլեջը տուժել է. 10 անգամ բռնագրավման է ենթարկվել իր ստրատեգիական դիրքի պատճառով։ Այն Արեւմտյան Բեյրութում է գտնվում, որը պատերազմի պատճառով պարպվել է հայերից։ Այնտեղ հիմա հազիվ 2000 հայ է ապրում։ Բնականաբար պակասել է եւ աշակերտների թիվը (մոտ 100)։ Իսկ գաղութի թիվն ընդհանրապես գնահատվում է 70-120 հազար մարդ, մինչեւ պատերազմըՙ 200-225 հազար։
Դպրոցում հատուկ ուշադրություն է դարձվում հայապահպանման խնդրին. հայերենի, հայոց պատմության եւ կրոնի հատուկ դասընթացներ են ավանդվում, գործում են տարբեր ակումբներՙ սուրբ գրային, հայոց, պատմության, թատերական եւ այլն, որոնք աշակերտի մեջ հոգեւոր, բարոյական եւ ազգային ոգու պահպանմանն են նպատակամղված, հրատարակվում են տարեկան պարբերաթերթեր («Գառնի», «Անի»)։ Հրատարակվում է նաեւ «Սիփան» տարեգիրքը եւ աշակերտական մեկական հրատարակություն է ընթերցողին տրվում անգլերենով եւ արաբերենով։
Ամեն ուրբաթ դասից անմիջապես հետո կազմակերպվում է ատենամարզանքի պահ. աշակերտների առջեւ հանդես են գալիս քաղաքի եւ դրսից եկած անվանի մտավորականներ, նշվում են բոլոր ազգային տոները։
Դպրոցը տվել է մոտ 1500 շրջանավարտներՙ գրողներ, խմբագիրներ, պատմաբաններ, բժիշկներ, քաղաքական գործիչներ, բանակի զորավար, պետական հեռուստատեսության արաբերենի խոսնակ, դպրոցի տնօրեններ եւ այլն։ Գրադարանն ավելի քան 20000 անուն գիրք ունի, ամեն տարվա գարնանը աշակերտները հայ գրքի շաբաթ են անցկացնում, հնարավորինս հարստացնում գրադարանը։
Դպրոցի հոբելյանի առթիվ որոշ չափով առաջ է ընկել դպրոցի Լոս Անջելեսում գտնվող շրջանավարտից միությունը, որը հանդիսություն է կազմակերպելու Զավեն Մսրլյանի մասնակցությամբ։ Այդ միությունը, շնորհակալությամբ խոստովանում է վերջինս, զգալի նյութական օգնություն է ցույց տալիս հաստատությանը։
Կարելի է ասելՙ սփյուռքն ինչքան տարիքն առնում է, այնքան էլ բազմապատկվում են նրա հայապահպանության հոգսերը։ Այսօր արդեն ներկա ու գալիք սերունդները ծնողների մտահոգության պատճառով օտար կրթություն են ստանում, որը, բնականաբար, հանգեցնում է սփյուռքահայ դպրոցի նոսրացմանը։ Զավեն Մսրլյանն այդ հոգսերի տակ էլ է կքած, ինչպես անել, որ հայ երեխան դպրոցական հայեցի դաստիարակություն ստանա։
Տնօրենի պարտականությունը կատարելուն զուգընթաց Զավեն Մսրլյանիՙ որպես պատմաբանի երկրորդ «ծանր բեռը» Հայոց ցեղասպանության ուսումնասիրումն է։ Այդ առնչությամբ նա բազմաթիվ հոդվածներ եւ գրքեր է հրապարակել, որոնցում վեր է հանել, թե, ի վերջո, Թուրքիան պարտավոր է ընդունել Հայոց ցեղասպանությունը, եթե կամենում է մուտք գործել Եվրոպա, քաղաքակիրթ ազգ դառնալ։ Դրանցից մեր ձեռքի տակ է մեկը, որը կրում «Փոխգնդապետ Սթոքսի լրտեսած Բեկզադյան-Մռավյան հեռաձայնային խոսակցությունը (20 դեկտեմբեր, 1920)», որտեղ հեղինակը, հանգամանորեն հենվելով խորհրդային պատմագրության վրա, ցույց է տալիս, թե ինչպես Լենինն ու Կրեմլի մյուս առաջնորդները հրաժարվեցին հանուն հայկական հողերի Թուրքիային հակադրվելուց, ու կնքվեց Մոսկվայի խայտառակ պայմանագիրը։
Ժպտերես է Զավեն Մսրլյանը, ցույց չի տալիս, որ բազում հոգսեր ունի.
¬ Հայրենիքը ողջ լինիՙ մենք կշտկենք մեր մեջքը...
ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ, «Արմենպրեսի» թղթ., «Ազգ»-ի համար