ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, Չեխիա
Մարտի 21¬23-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի արտգործնախարարության «Սյուզա» հյուրանոցի խորհրդաժողովների դահլիճում տեղի ունեցավ ԵՀՄՖ Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումը, որին չնայած մասնակցեցին նախատեսվածից քիչ լրագրողներ (10 երկրներիցՙ մամուլի ու լրատվության ասպարեզի մոտ 20 ղեկավարներ, խմբագիրներ ու լրագրողներ), սակայն կարողացան բավականին արդյունավետ քննարկել, բանավիճել ու որոշումներ կայացնել։ ԵՀՄՖ մամուլի առաջին ֆորումը ծրագրված էր Պրահայում (Չեխիա) անցկացնել, բայց չեխական իշխանությունների կողմից ընդունված մուտքի հրավեր վիզա ստանալու նոր կանոնները ստիպեցին ժողովի անցկացումը տեղափոխել հարեւան երկիր։
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ընդհանուր քարտուղար Թորոս Սակերյանը, Սլովակիայի հայկական համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի խորհրդարանի արտաքին հարցերի դեպարտամենտի անդամ պրն Ռուդոժակն իրենց ելույթներում կարեւորեցին նման հավաքների անցկացումը եւ դրանց նշանակությունը ոչ միայն հայ համայնքների մերձեցման, այլեւ եվրոպական երկրների հետ համագործակցության առումով։
Հայաստանի արտգործնախարարության անունից ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳՆ սփյուռքի գործերի քարտուղարության բաժնի վարիչ Նելլի Մաթեւոսյանը։
Այնուհետեւ սկսվեց առաջարկված թեմաների քննարկումը։ Բրատիսլավայում «Նոյյան տապան» գործակալության ներկայացուցիչ, տեղի հայ համայնքի ղեկավար Աշոտ Գրիգորյանը անդրադարձավ լոբբիստական եւ տեղեկատվական կենտրոնների ստեղծման խնդրին, եվրոպահայ համայնքում միասնական գործունեություն ծավալելու կարեւորությանը։ Այդ աշխատանքը նա երեք մասի բաժանեցՙ ընդգծելով քաղաքական, տնտեսական եւ մշակութային ուղղությունների կարեւորությունը։ Այս աշխատանքում բանախոսը կարեւորեց սփյուռքահայ եւ հայաստանյան լրատվության միջոցների հետ համագործակցության խնդիրը։
Իր հերթին «Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը նշեց քարոզչական եւ տեղեկատվական ուղղությունների առանձնացման կարեւորությունը, ընդգծելով դրանց անհամատեղելիությունը։
Այնուհետեւ ներկաներին իրենց փորձը փոխանցեց սլովակյան ՍԻՏԱ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Պավոլ Մուդիին, ընդգծելով նման կառույցներն ինքնաֆինանսավորմամբ զարգացնելու անհրաժեշտությունը։
Եվրոպահայ մամուլի ներկա վիճակը, տպագրվող 40-ից ավելի պարբերականներիՙ օրաթերթերի, շաբաթաթերթերի, ամսագրերի ու տարբեր հանդեսների բնութագրական վերլուծությամբ հանդես եկավ «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագրի խմբագիրըՙ տողերիս հեղինակը, խոսելով նաեւ, թե ինչպիսի հանգրվանում է այսօր գտնվում եվրոպահայ մամուլը։ Միայն հայերեն կամ նաեւ հայերեն էջեր ունեցող մամուլը կազմում է ընդհանուրի 1/3-ը։ Եվրոպահայ ամենաբազմատպաքանակ թերթը Մոսկվայում լույս տեսնող «Նոյեւ կովչեգ» ռուսալեզու ամսաթերթն էՙ 42 հազար, ամենաքիչ տպաքանակովՙ 200 օրինակով լույս է տեսնում Գերմանիայի «Գարուն» եռալեզու ամսաթերթը։ Հարուստ մամուլ ունեն հատկապես ֆրանսահայ, ռուսահայ եւ հունահայ գաղութները։ Այսօր եվրոպահայ մամուլն ունի երկու օրաթերթՙ Փարիզի «Յառաջը» եւ Աթենքի «Ազատ օրը», իսկ եթե սրանց միացնենք նաեւ Պոլսի «Մարմարա» եւ «Ժամանակ» օրաթերթերը, ապա դրանց թիվը կհասնի չորսի։
Շատ են օտարալեզու պարբերականները։ Հայերենն այս իմաստով նահանջ է ապրում։ Իսկ բազմալեզու եվրոպահայ ընտանիքը, որ հիմնականում համալրվել է Հայաստանի անկախության տարիներին, միայն արեւելահայերենով ընդամենը երկու պարբերաթերթ ունիՙ Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագիրն ու Աթենքում լույս ընծայվող «Հայաստան» ամսաթերթը։ Տողերիս հեղինակը առաջ քաշեց հրատարակվող մամուլի օրգանների միջեւ տեղեկատվական ցանց ստեղծելու հարցը, կարեւորեց արտատպումների ժամանակ միմյանց հղումներ անելու լրագրողական էթիկայի պահպանումը։ Առաջարկվեց ստեղծել եվրոպահայ մամուլի ակումբ, հրատարակել մամուլի տեղեկատու, որի աշխատանքներն «Օրեր» ամսագիրն արդեն սկսել է։
Հայ մամուլի եւ լեզվի առաքելության խնդրին անդրադարձավ Կիպրոսի «Փարոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր տիկին Երան Գույումճյանը։ Լեզուն ապրում է, նոր եզրերով ու մտածողությամբ հարստանում, հայատառ մամուլըՙ ժամանակի հետ քայլ պահելով, նոր գաղափարներն ու երեւույթները մեկնաբանում է ճիշտ հայերենով, բծախնդրություն ցուցաբերելով լեզվի ճշգրտության, ոճի ու շարադասության նկատմամբ։ Հրամայական խնդիր է, որ լրագրողը, խմբագիրը արտահայտվեն կոկիկ ու պատշաճ հայերենով, ճոխ բառամթերքով, ճիշտ շարահյուսությամբ ու հստակ լեզվամտածողությամբ ու ոճով։ Մշակույթի ոլորտում բանախոսն ընդգծեց մամուլում «ՄԵկ ազգ, մեկ մշակույթ» սկզբունքի կենսագործման կարեւորությունը, ինչպես նաեւ ազգային, հոգեւոր, մշակութայինՙ համամարդկային արժեքների քարոզչության տարածումը հայ մամուլի միջոցով։
Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը ներկայացրեց պոլսահայ մամուլը, առավել անդրադառնալով իր հրատարակած ամենահին օրաթերթին եւ եվրոպահայ մամուլում հայաստանյան իրադարձությունների լուսաբանման բովանդակային կողմին։ Իրենց հրատարակությունների մասին խոսեցին նաեւ Շվեյցարիայում հրատարակվող «Մենք» ամսագրից Ռոբերտ Կարայանն ու Շվեդիայի «Նոր Հորիզոն» ամսագրի գլխավոր խմբագիր Կարո Հակոբյանը։
Իրենց կազմակերպությունների գործունեության մասին բազմաբովանդակ ելույթներ ունեցան նաեւ հայաստանյան պատվիրակության անդամները։ Հայաստանի ազգային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն առաջարկեց օգտագործել միասնական ինտերնետային էջ ունենալու տարբերակըՙ իբրեւ համագործակցության մի ձեւ, ինչպես նաեւ կոչ արեց պաշտպանել մեր մշակութային գործիչների եւ նրանց գործերի հեղինակային իրավունքները։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը խոսեց լրագրողական համագործակցության ոլորտում իրենց կուտակած փորձից, առաջարկելով ավելի ակտիվացնել միջազգային կառույցներում հակահայկական քարոզչության դեմ պայքարը։ Մասնավորապես, իբրեւ օրինակ բերվեց ադրբեջանցիների կողմից տարածվող էթնոցիդիՙ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականությունը։
Բաց հասարակության ինստիտուտի երեւանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը ծանոթացրեց Հայաստանում իրենց իրականացրած գիտական, կրթական, մշակութային ու լրատվական ծրագրերին, որոնց միայն թվարկումըՙ հագեցվածությամբ ու նշանակությամբ, զարմացրեց ներկաներից շատերին։ Առաջարկվեց լրագրողների վերապատրաստման դասընթացներում ընդգրկել նաեւ սփյուռքահայ սկսնակ լրագրողների։
Այնուհետեւ «Փարոս» ամսաթերթի մեկնաբան Գեւորգ Զեյթունցյանն անցկացրեց կլոր սեղան, որին մասնակցեցին բոլոր ներկա գտնվող լրագրողներըՙ քննարկելով Հայաստան-սփյուռք լրատվական լուսաբանման խնդիրներն ու ձեւերը, առկա բացթողումները։
Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, մեծ թվով լրագրողներ չկարողացան գալ պատերազմական իրավիճակի, ֆինանսական ու կազմակերպչական մի շարք դժվարությունների պատճառով, հետեւաբար մի շարք թեմաներ ավելի լայնածավալ քննարկման չարժանացան։ Փոխարենը ժողովը մի բանաձեւ ընդունեց, որը թույլ է տալիս առաջիկա 6 ամիսներին իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կխթանեն եվրոպահայ մամուլի ընտանիքի սերտ համագործակցությանը։
Ֆորումի աշխատանքներին ներկա էին եւ հակիրճ մեկնաբանություններով հանդես եկան ԵԱՀԿ-ում, Ավստրիայում, Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիվան Թաբիբյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ տիկին Աստղիկ Գեւորգյանը։ Իսկ նախօրեին ֆորումի մասնակիցները ներկա գտնվեցին սլովակահայ համայնքի ուժերով կազմակերպված Արամ Խաչատրյանի 100-ամյակին նվիրված դասական երաժշտության երեկոյին, որ տեղի ունեցավ քաղաքապետարանի Պրիմացիալնա պալատի համերգային դահլիճում։ Երեկոյին ելույթ ունեցան տենոր Գուրգեն Հովսեփյանն ու սոպրանո Սեւան Հովսեփյանը, դաշնակահարուհի Հասմիկ Գաբրիելյանն ու շեփորահար Լուբոմիր Կամենսկին։
Վերադառնալով ժողովի առաջին օրը ԵՀՄՖ ընդհանուր քարտուղար Թորոս Սակերյանի հնչեցրած այն հարցին, թե լրագրողներն իրենք ինչպես պետք է լուսաբանեն իրենց մասնագիտական հանդիպումը, նշենք, որ այո, առաջին հավաքի փորձը իրականություն դարձավ մեծ դժվարությամբ, սակայն կարեւորը շարունակելն ու ընդունած որոշումները իրականացնելն է, նաեւ արդեն իսկ թույլ տված կազմակերպչական սխալներից դասեր քաղելը։
Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումի մասնակիցների ընդունած բանաձեւը
Մենքՙ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացված Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումի մասնակիցներս,
քննարկելով մամուլի եւ այլ լրատվամիջոցների ներկա վիճակն ու առկա խնդիրները,
փաստելով հայ մամուլի հսկայական նշանակությունը հայապահպանման գործում,
ընդգծելով արդի ժամանակների նետած մարտահրավերներին միասնաբար դիմակայելու հրամայականը,
արձանագրում ենք հետեւյալ առաջնահերթ խնդիրների իրականացման անհրաժեշտությունը.
1. Ստեղծել եվրոպահայ լրատվամիջոցների միասնական տեղեկատվական ցանց (ինտերնետային էջ)։
2. Ստեղծել համահայկական լրատվական կենտրոնՙ Հայաստանում եւ արտերկրում, ապահովելու Հայաստան-սփյուռք մշտական լրատվական կապը։
3. Ստեղծել եվրոպահայ լրագրողների մասնագիտական կազմակերպությունՙ մամուլի ակումբ, որը կմիավորի ոչ միայն հայ մամուլի ներկայացուցիչներին, այլեւ եվրոպական տարբեր լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներին։
4. Կազմել եւ հրատարակել Եվրոպայի հայ մամուլի տեղեկագիր։
5. Համագործակցել լրագրողների մասնագիտական կրթական-վերապատրաստման ծրագրերի հետ։
6. Նպաստել Հայաստան-սփյուռք հեռուստատեսային հաղորդումների պատրաստմանը։
Եվրոպահայ մամուլի առաջին ֆորումը որոշեց վերոհիշյալ խնդիրների իրականացման համար ձեւավորել մասնագիտական հանձնախումբ, որը 6 ամսվա ընթացքում կհամակարգի եւ ԵՀՄՖ ֆորումին կներկայացնի կատարված աշխատանքների արդյունքը։
Հանձնախմբի անդամները
Հակոբ Ասատրյան¬Չեխիա, «Օրեր» ամսագրի խմբագիր
Արմեն Ամիրյան¬Հայաստան, ազգային ռադիոյի նախագահ
Գեւորգ Զեյթունցյան¬Կիպրոս, «Փարոս» թերթի լրագրող
Արա Քոչունյան¬Թուրքիա, «Ժամանակ» օրաթերթի խմբագիր
Բորիս Նավասարդյան¬Հայաստան, «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ
Կարո Հակոբյան¬Շվեդիա, «Նոր Հորիզոն» ամսագրի խմբագիր
Տիգրան Հարությունյան¬Հայաստան, «Նոյյան տապան» գործակալության տնօրեն
Աշոտ Գրիգորյան¬Սլովակիա, «Նոյյան տապան» գործակալության ներկայացուցիչ
Հարություն Մանսուրյան¬Հայաստան, «Ինտերնյուս» գրասենյակ