Վերջին ամիսներին ֆուտբոլային հանրությանը հուզող առաջնությանն «Արարատի» մասնակցության հարցը վերջապես դրականորեն լուծվելու միտում ստացավ։ Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում հրավիրված մամուլի ասուլիսում Ռուբեն Հայրապետյանն անդրադառնալով բոլորին հուզող հարցին, հաշվի առնելով մարզական լրագրողների եւ ֆուտբոլասերների խնդրանքը, հայտարարեց, որ պատրաստ է վերանայել ընդունված որոշումը։ Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ եթե «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմի ֆեդերացիայինՙ ընդունելով այդ կազմակերպության կանոնակարգը, ենթարկվի գործող օրենքներին, ապա «Արարատի» առաջնությանը մասնակցելու հարցը կքննարկվի գործկոմում եւ կվերանայվի նախկին որոշումը։ Նա նաեւ ընդունեց, որ անձնական վիրավորանք է հասցրել ակումբի արտասահմանցի հովանավորներին եւ պատրաստ է հրապարակավ նրանցից ներողություն խնդրել։ Ինչ խոսք, ողջունելի է ֆեդերացիայի նախագահի բարի կամքի դրսեւորումը։ Կարծում ենք, որ «Արարատ» ակումբն էլ քայլեր կանի հարցի վերջնական լուծման ուղղությամբ եւ վերջապես մեր ֆուտբոլային շիկացած մթնոլորտը կհանդարտվի։ Առավել եւս, որ ըստ ֆեդերացիայի նախագահի, ինքն անձնական կոնֆլիկտ չունի «Արարատի» հետ։
Կցանկանայինք մեկ նկատառում հայտնել։ Ողջունելով ֆեդերացիայի նախագահի բարի կամքի դրսեւորումը, ցանկալի կլիներ, որպեսզի հաշվի առնելով «Արարատի» համար հոբելյանական տարվա հանգամանքը, համաներում շնորհվեր Արկադի Անդրեասյանինՙ թույլատրելով կրկին զբաղվել մարզչական գործունեությամբ։
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ ֆեդերացիայի գործունեությանըՙ կապված մարզերում ֆուտբոլի զարգացման հետ։ Մարզերում նշանակվել են ֆեդերացիայի ներկայացուցիչներ, որոնք համակարգում են աշխատանքը։ Ֆեդերացիան 6 հազար գնդակ, 1500 մարզահագուստ է տրամադրել մանկապատանեկան մարզադպրոցներին, ֆինանսապես օգնում է մարզադաշտերի վերանորոգման աշխատանքներին։ ՈՒԵՖԱ-ի «Գոլ» ծրագրով ավարտին են մոտենում ֆուտբոլի հանրապետական մարզադպրոցի վերակառուցման աշխատանքները։ Մայիսին Երեւան կժամանի ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերըՙ մասնակցելու մարզադպրոցի բացման հանդիսավոր արարողությանը։
Անդրադառնալով առաջիկա ընտրական հանդիպումներին, ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ նոր գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի առջեւ խնդիր է դրվել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին անպայման հաղթել Երեւանում։ Գլխավոր մարզչի հետ ֆեդերացիան պայմանագիր է կնքել մինչեւ 2006 թ.։ Նա համակարգելու է բոլոր հավաքականների նախապատրաստական աշխատանքները, որոշելու է խաղի տակտիկան։ Չնայած դրան, երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն Անդրանիկ Ադամյանն է։ Ռուբեն Հայրապետյանը նույնիսկ կողմ է եղել, որ առաջիկա հանդիպումներում հավաքականը գլխավորի հայ մարզիչը, սակայն Ստոյկիցան պատրաստ է պատասխանատվություն կրել խաղի ելքի համար։
Կարեն Օհանյանի հարցով նախագահը մտադիր է անձամբ մեկնել Մոսկվա եւ խոսել երիտասարդ ֆուտբոլիստի հետ։ Իսկ Անդրեյ Մովսիսյանի հարցում, ցավոք, Ռուբեն Հայրապետյանը նույն կոշտ դիրքորոշմանն է. ֆուտբոլիստը պետք է ներողություն խնդրի ֆուտբոլասերներից։ Բայց չէ՞ որ հարկավոր է նրան նման հնարավորություն ընձեռել։ Փոխարենը հավաքի է հրավիրվել Հունգարիայի «Շոպրոնում» հանդես եկող Եղիա Յավրույանը։ Հայազգի հարձակվողը ծնունդով ռոստովցի է եւ արդեն չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Շոպրոնի» կազմում։