Վերջապես երեկ պարզվեց, թե վերջին ժամանակներս հասարակության մեջ պտտվող համաշխարհային հայկական կառույց ստեղծելու մասին լուրերը որքանով են հավաստի եւ իրատեսական։
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի երեկվա ասուլիսը նվիրված էր հենց համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման նախապատրաստական աշխատանքներին։ 2002 թ.-ի հոկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «Հայերը դարերի սահմանագծին եւ միջազգային հարաբերությունների այժմեական խնդիրները» թեմայով միջազգային համաժողով, որի ընթացքում ընդունվեց որոշումՙ համահայկական կառույց ստեղծելու համար նախաձեռնող խումբ ձեւավորելու մասին։ Նախաձեռնող խումբը ձեւավորվեց եւ մի քանի ամիս շարունակ զբաղված էր համաշխարհային կառույցի կազմկոմիտե ձեւավորելով։
Նախաձեռնող խումբը պատրաստել է նաեւ նոր ստեղծվելիք կառույցի կանոնադրությունը, հայեցակարգը, մի շարք այլ նյութեր, որոնք կներկայացվեն 2003 թ. հոկտեմբերին կայանալիք հիմնադիր համագումարի քննարկմանը։
Ըստ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի, որոշվել է կազմկոմիտեի անդրանիկ նիստն անցկացնել Երեւանում, եւ այն տեղի կունենա այսօր։ Աշխարհի 20-ից ավելի երկրներից մոտ 35 կազմակերպություններ առաջադրել են իրենց թեկնածուներին այդ նիստին մասնակցելու համար։ Արա Աբրահամյանի համոզմամբ, առաջին անգամն է, որ հայ ժողովուրդը կազմակերպված ձեւով կարողացել է համախմբել այսքան մեծ թվով կազմակերպություններիՙ ազգային խնդիրները լուծելու նպատակով։
Պատասխանելով լրագրողների հարցերին, ՌՀՄ նախագահը նշեց, որ նախ Հայերի համաշխարհային միություն անվանումը դեռեւս պայմանական է, այն կարող է փոխվել, իսկ ընդհանուր առմամբ նման կառույցի ստեղծումը նշանակում է աշխատել միասին ե՛ւ կազմակերպությունների, ե՛ւ անհատների մակարդակովՙ տեսադաշտից դուրս չթողնելով հայկական ոչ մի կազմակերպության, ոչ մի հայի։ Թե «ինչ կազմակերպություններ հանդես կգան որպես հիմնադիր» հարցին Արա Աբրահամյանը պատասխանեց, որ այս հարցը լուծում կստանա այսօր կայանալիք նիստի ժամանակ։
Անդրադառնալով համաշխարհային համահայկական կազմակերպության լուծելիք խնդիրների շրջանակին, Արա Աբրահամյանը նախ ընդգծեց, որ կազմակերպությունը հիմնականում երեք խնդիր պետք է փորձի լուծել։ Առաջինը հայկական պետականության ամրապնդումն ու զարգացումն է, որին, ըստ պրն Աբրահամյանի, յուրաքանչյուր հայ կցանկանա մասնակցել։ Երկրորդ խնդիրը Ցեղասպանության ճանաչումն է։ Այս կտրվածքով ՌՀՄ նախագահը կարծում է, որ եթե սփյուռքը կարողանա մեկ ձայնով հանդես գալ, այդ դեպքում միայն այս խնդրի լուծման հարցում կբարձրանա արդյունավետությունը, կմշակվեն հերթական քայլեր։
Այս խնդրի շրջանակներում կազմակերպությունը կզբաղվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցով։ Երրորդ խնդիրը տնտեսական է, քանի որ, ըստ Արա Աբրահամյանի. «Այս կազմակերպության հիմքում շահավետությունն է, մարդ պետք է հպարտությամբ ասի, որ հայ է»։ Այս առումով, խնդիրների տնտեսական բլոկում կստեղծվի համաշխարհային ֆինանսական հոլդինգ, որը կիրականացնի տարաբնույթ գործունեություն եւ իր ստացած եկամտի մոտ 20 տոկոսը կտրամադրի ազգային խնդիրների լուծմանը։
Խոսելով երեկ մինչ ասուլիսը Ազգային ակադեմիայում կայացած հանդիպման մասին, պրն Աբրահամյանը հայտնեց, որ հավաքվել էին մի քանի կազմակերպություններ, որոնք որոշել են եւ ստեղծել ՀՌԱԿ, ԼՂՀ կառավարության, «Փախստականների միության», ԳԱԱ-ի եւ «Վասպուրական» կազմակերպության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն սկսել է աշխատել։
Ընդհանուր առմամբ, Արա Աբրահամյանի կարծիքով, պետք է ստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք այստեղ կիրականացնեն ՀՌՄ ծրագրերը։ Որպես արդեն կատարված քայլ, պրն Աբրահամյանը կարեւորեց, որ սկսվող գյուղատնտեսական աշխատանքների կապակցությամբ յուրաքանչյուր մարզում կձեւավորվեն 10 մարդուց բաղկացած աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն գյուղատնտեսական աշխատանքներում գյուղացուն օգնելու հարցերով։ Այս առնչությամբ ապրիլի 10-ին կհավաքվեն Հայաստանի մարզերի ղեկավարության ներկայացուցիչներըՙ քննարկելու, թե կոնկրետ ինչպիսին կլինի այդ օգնությունը եւ ովքեր դա կիրականացնեն։
Նշվեց նաեւ, որ փորձ կարվի գյուղատնտեսական աշխատանքներում օգտագործելու տեղական արտադրության պարարտանյութերն ու թունաքիմիկատները, որոնց գնի եւ ներմուծվող նմանատիպ արտադրանքների գների միջեւ եղած տարբերությունը կվճարի Ռուսաստանի հայերի միությունը։ Որպես համատեղ ծրագիր, Արա Աբրահամյանը նշեց Հայաստանի ռամկավարների հետՙ մանր եւ միջին բիզնեսի զարգացման խնդիրների քննարկումը։
Այն հարցին, թե «ինչ բարոյական իրավունքով է Արա Աբրահամյանը ստեղծել համահայկական կազմակերպություն, երբ իր կազմակերպության պաշտպանած թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը «չի ճանաչում հայ ժողովրդի գոնե կեսը ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում», Արա Աբրահամյանը պատասխանեց, որ բարոյական գնահատական տալու համար պետք է բարոյական իրավունք ունենալ։ Իսկ բարոյական բարձր գնահատական Ռուսաստանի հայերի միության գործունեությանը տվել են ՌԴ նախագահը, ՄԱԿ-ը, Յունեսկոն եւ այլք։ Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելուն, ապա ՌՀՄ նախագահը հայտարարեց, որ նման որոշում կայացվել է Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցների ղեկավարների կողմից համատեղ, եւ այսօր էլ ՌՀՄ-ը շարունակում է պաշտպանել գործող նախագահին։
Այս հարցի հետ կապված Արա Աբրահամյանը նշեց, որ նախորդ օրը հանդիպել էր ՀՀ նախագահին, քննարկել առաջիկա 5 տարիների ծրագրերը, թե ինչ պետք է արվի համատեղ ջանքերով։ Պրն Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ պետք է խոսել ոչ թե արյուն թափելուց, այլ պետք է երկիրը կառուցելու քայլեր կատարվեն։
ՌՀՄ նպատակն այսօր Հայաստանում այնպիսի պայմանների ստեղծումն է, որ մարդիկ կարողանան աշխատել, եւ այն կուսակցությունները, այն մարդիկ, ովքեր այլ կարծիք ունեն, պետք է հասկանան, որ ժամանակն է «նստել մեկ սեղանի շուրջ» եւ մասնակցել երկրի զարգացմանը։
Ինչ վերաբերում է Մ. Նահանգներում տեղի ունեցած ցույցերին Հայաստանի ներկա իշխանությունների դեմ, ապա Ռուսաստանի հայերի միությունը դրանք բացասական է գնահատում։
Ըստ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի, ՌՀՄ-ը շատ պատասխանատվությամբ է վերաբերվում այս հարցին, նկատի ունենալով, որ հայրենիքում առաջնային խնդիր է կայունություն պահպանելը։ Եվ այն պահին, երբ միությունը որոշում ընդունեց մասնակցել Հայաստանի ներքին քաղաքական գործերին, միայն նկատի են ունեցել այդ կայունության պահպանությունը։
«Այն մարդիկ, ովքեր այդպիսի ցույցեր են կազմակերպում եւ նման առիթներ ստեղծում, փաստորեն փոքրացնում եւ նվազեցնում են Հայաստանի պետականության արժեքը, ապալեգիտիմացնում են Հայաստանի ղեկավարությանը, եւ դրանով ոչ թե քաղաքական կամ տնտեսական հարց են լուծում, այլ բարդացնում են Հայաստանի վիճակը, որովհետեւ այս փոքրիկ հանրապետությունը հսկայական կախվածություն ունի միջազգային կառույցներից եւ իր մոտ ու հեռու հարեւաններից», ասաց Անդրանիկ Միհրանյանը։
Շարունակելով պատասխանել լրագրողների հարցերին, Արա Աբրահամյանը նշեց, որ միությունը աշխատում է նաեւ ընդդիմության հետ, քանի որ նա նույնպես հայ ժողովրդի մի մասն է։ Այս առումով ե՛ւ կառավարության, ե՛ւ ընդդիմության կտրվածքով կարեւորվում է այն հանգամանքը, որ երկուսն էլ գործեն իրավական դաշտում։ Ինչ վերաբերում է նույն իրավական դաշտի կարեւորման պարագայում տեղի ունեցած ձերբակալություններին, ապա, ըստ պրն Աբրահամյանի, ձերբակալությունների համար պետք է որ հիմքեր լինեն։
Այն լուրը, թե Արա Աբրահամյանը նշանակվելու է ՀՀ վարչապետ, ըստ նրա, անգամ իր ցանկության դեպքում հավանական չէ, քանի որ ինքը բազմաթիվ պայմանավորվածություններ ունի անգամ 5 տարվա կտրվածքով, եւ այդ պայմանավորվածությունները չի կարող թողնել։ Արա Աբրահամյանը ժխտեց նաեւ, թե իրեն առաջարկվել է գնել «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը։
Այն հարցերին, թե արդյոք Արա Աբրահամյանը ծրագրո՞ւմ է մտնել խորհրդարան, մասնավորապես իր եղբորՙ ՀՌԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու առումով, եւ ինչո՞ւ է ընտրվել հենց հատկապես ՀՌԱԿ-ը, պրն Աբրահամյանը նշեց, որ ինքը մտավախություն չունի ՀՌԱԿ-ի հետ համագործակցելու առումով։ Համագործակցությունը կապված է երկու կողմից էլ կատարված աշխատանքների հետ։ Ինչ մնում է եղբորը, ապա ՀՌԱԿ համամասնական ցուցակում ընդգրկվելը Գագիկ Աբրահամյանի որոշումն է, որն Արա Աբրահամյանը ողջունում էՙ ընդգծելով գործարարի խորհրդարան մտնելու հանգամանքը։
Թե ինչու է ընտրվել հատկապես ՀՌԱԿ-ը եւ ոչ մեկ այլ կուսակցություն, ապա, ըստ Արա Աբրահամյանի, 117 տարվա պատմություն ունեցող այս կուսակցությունը շատ լիբերալ է, եւ երկու տարի սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հայերի միության հետ։ Ռամկավարներն ակտիվ մասնակցել եւ օգնություն են ցուցաբերել համաշխարհային համահայկական կառույցի ստեղծմանը, ինչպես սփյուռքի տարածքում, այնպես էլ այստեղ։
Ասուլիսի ավարտին պատասխանելով, թե ինչու է ՌՀՄ-ն սկսել ՀՌԱԿ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացում, Արա Աբրահամյանը ասաց. «Մենք վստահում ենք նրանց, գտնում ենք, որ այդ կուսակցությունը կարող է իրագործել այն ծրագրերը, որ մենք նախատեսել ենք։ Եվ կարեւորը, այդ կուսակցությունը միշտ իրեն ճիշտ է դրսեւորել։ Իրենց եւ մեր նպատակները համընկնում են։ Մենք ՀՌԱԿ-ի հետ Հայաստանում ներդնելու ենք մոտ 50 մլն դոլար այս եւ գալիք տարիներին։ Հիմնական ուղղությունները մանր եւ միջին բիզնեսի զարգացումը, սոցիալական հարցերը, նաեւ գիտական, մշակութային խնդիրներն են»։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ