Վստահեցնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակը
Եվրոպական ուղղությունը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում շեշտվում է մշտապես։ Դեռեւս ամբողջությամբ կատարած չլինելով եվրոպական կառույցներից մեկիՙ Եվրախորհրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունները, նախագահական վերջին ընտրություններին ունեցանք եվրոպացիների ընդգծված բացասական գնահատականը։ Ինչպե՞ս է ՀՀ արտգործնախարարությունը պատկերացնում մեր երկրի համագործակցությունը եվրոպական կառույցների շրջանակներում։ Կկրի՞ փոխգործակցությունը փոփոխություններ, խմբագրումներ։ Մեկնաբանում է ԱԳՆ մամլո խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը։
¬ Փոփոխություններՙ ոչ, քանի որ կա գործող ու հստակ մշակված օրակարգ թե՛ Եվրամիության հետՙ Գործընկերության ու համագործակցության պայմանագրի շրջանակներում, թե՛ Եվրախորհրդի հետՙ ՀՀ ստանձնած պարտավորությունների առումով։
Ինչ վերաբերում է ընտրությունների առնչությամբ տրված գնահատականներից բխող աշխատանքներին, ապա բնականաբար հստակ քայլեր կձեռնարկվեն դրանք եվրակառույցների հետ առավել ակտիվ դարձնելու ուղղությամբ, որպեսզի վեր հանվեն այն խնդիրները, որ ունենք, եւ համակարգված ջանքերով փորձենք շտկել իրավիճակը։ Այս գործընթացում պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակության կառուցումը, այդ հասարակության բոլոր շերտերում փոփոխությունների, եւ շատ դեպքերում անգամՙ հիմնարար փոփոխությունների գրանցումը մեծ ջանքեր, ժամանակ եւ, ամենակարեւորը, համառորեն առաջ գնալու հաստատակամություն պահանջող գործընթաց է, որին մասնակից պետք է լինեն բոլորը։ Եվ այստեղ մենք եվրոպական երկրներից սովորելու շատ բան ունենք։
¬ Ինչպե՞ս կամփոփեք Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն առաջիկա 5 տարիների համար։ Ինչպիսի՞ շեշտադրումներ կարող է բերել իրաքյան պատերազմը։
¬ Ինչպես ամեն երկրի համար, մեզ համար էլ ամենակարեւոր խնդիրը մեր երկրի անվտանգության ապահովումն էՙ անվտանգություն հասկացության բոլոր վեկտորներովՙ թե՛ պաշտպանական, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական։ Այս առումով մենք կշարունակենք փոխլրացման քաղաքականության կիրառումը, որը բավականին արդյունավետորեն ծառայել է մեր շահերի պաշտպանությանն ու առաջ մղմանը։ Հետամուտ կլինենք տնտեսական զարգացմանն ուղղված ամենատարբեր քայլերի իրականացմանըՙ առկա շուկաներում հնարավորությունների ընդլայնումից մինչեւ նորերում մուտք ապահովելը, արտաքին ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումն ու նոր ներդնողների ներգրավումը մեր տնտեսության մեջ։ Եվ, իհարկե, խնդիր է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը։
Ինչ վերաբերում է իրաքյան պատերազմի հետեւանքներին, կարելի է ամենատարբեր կանխատեսումներ անել, սակայն դրանք բոլորը մեկ ընդհանրություն կունենանՙ անորոշությունը։ Առայժմ վաղ է խոսել իրաքյան պատերազմի ավարտից հետո ստեղծվող իրավիճակի մասին, քանի որ շատ բան կախված կլինի գլոբալ մակարդակով ծագած որոշակի հակասության շարունակությունից եւ դրա բնույթից, Թուրքիա-ԱՄՆ զարգացումներից եւ տարածաշրջանում Թուրքիայի ու մեր հարեւանների դիրքերի փոփոխությունից։ Այս անորոշության մեջ դժվար է հստակ կանխատեսումների մասին խոսել։ ԱԳՆ-ում այսօր բոլոր հնարավոր զարգացումների վերաբերյալ ուսումնասիրություններն արվում են, մշակվում են մեր քայլերի տարբերակները, սակայն այս պահին վաղ է որեւէ սցենարի վրա կանգ առնել։
ԼԻԼԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ