Հիմնական խնդիրներից մեկը, որի մասին խոսվեց թե՛ հոկտեմբերի 20-ի տեղական ինքնակառավարման մարմինների եւ թե՛ նախագահական ընտրությունների երկու փուլերի ընթացքում, ընտրացուցակների թերություններն էին։ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) ամերիկյան կազմակերպությունը նախաձեռնել էր ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների նվազեցումը։ Աշխատանքն իրականացվել է հանրապետության 24 բնակավայրերում հատուկ ձեւավորված հանձնաժողովների եւ ներգրավված կամավորների օգնությամբ, որոնք շրջել են բնակարաններով եւ համեմատել փաստացի բնակվողների թիվն ընտրացուցակների տվյալների հետ։ Տարբեր մարզերում անճշտությունների վերացման տարբեր տոկոսներ են արձանագրվելՙ 6 տոկոսից մինչեւ 20 տոկոս, կախված տվյալ բնակավայրի տեղական իշխանությունների համագործակցելու պատրաստակամությունից։
Մինչեւ հոկտեմբերի 20-ի ՏԻՄ ընտրություններն IFES-ի աջակցությամբ վերացվել են շուրջ 30 հազար անճշտություններ։ Այդ ժամանակահատվածից մինչեւ նախագահական ընտրությունները կատարված աշխատանքների ամփոփումն ու մինչեւ մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունները կատարվելիք աշխատանքները կքննարկվեն ապրիլի 2-ին։
Մ. Հ.