Քննարկվում է «Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքը
Այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Անդրկովկասն է, Հայաստանի համար ազգային անվտանգության ապահովման խնդիրը կենսական նշանակություն է ստանում, մինչդեռ այսօր չկա որեւէ իրավական ակտ, որով կարգավորվեին մեր անվտանգության խնդիրները։ Ավելին, չկա որեւէ պետական մարմին, որ սահմանադրությամբ իրավասու եւ պատասխանատու լինիՙ ճակատագրական որոշումներ կայացնելու համար։ Կարճ ասած, Հայաստանը հիմա իր ազգային անվտանգության հիմնախնդիրները լուծում էՙ թելադրվելով օրվա պահանջներով, մինչդեռ իրականում նման խնդիրները պահանջում են երկարատեւ, պլանավորված, ծրագրային, ռազմավարական գործողություններ։
Թվում է, թե այս կարեւորագույն հիմնահարցը պետք է պետական մարմինների համար մտահոգության առարկա լինի։ Սակայն ԱԺ նախորդ եռօրյան ցույց տվեց, որ քաղաքական ուժերին այսօր ընդհանրապես չի հետաքրքրում ազգային անվտանգության համակարգի ստեղծումը։ Բանն այն է, որ ԱԺ քննարկմանն էր ներկայացվել «ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» օրենքը, սակայն, վերջինս ներկայացնելիս որեւէ հարց, որեւէ մտահոգություն օրենքի այս կամ այն դրույթի վերաբերյալ չի հնչել եւ այդ պայմաններում արդեն պետք է առաջիկայում քվեարկության դրվի։
Օրենքը բաղկացած է 6 գլուխներից, 47 հոդվածներով։ Ուշադրություն դարձնելով հենց թեկուզ գլուխների վերնագրերին, կարելի է հասկանալ օրենքի իմաստն ու նպատակը («Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները, «Ազգային անվտանգության ապահովումը», «Ապահովման համակարգը» եւ այլն)։ Ըստ նախագծի, ազգային անվտանգության օբյեկտներ են մարդու իրավունքները եւ ազատությունները, կյանքն ու առողջությունը, սեփականությունը, ազգային կենսաձեւը, ազգային արժեքները։ Մասնավորապես նախագիծը տալիս է մեր ազգային շահերի ընդհանուր նկարագիրըՙ հիմնված անհատի, հասարակության եւ պետության շահերի վրա։ Ավելին, տալիս է նաեւ այդ շահերը որոշելու գործոնները, որոնց մեջ առանցքային նշանակություն ունեն պետության աշխարհագրական դիրքը, ազգային պատմության ու հոգեբանության առանձնահատկությունները, ազգային գաղափարախոսության ու հոգեւոր արժեքների չափորոշիչները, ազգի մտավոր ներուժը, երկրների ու համաշխարհային ուժային կենտրոնների կենսական շահերի ու աշխարհաքաղաքական իրավիճակի համակողմանի վերլուծությունն ու փոփոխությունների միտումների կանխատեսումը։ Այնուհետեւ տրվում են տարբեր ոլորտներում ազգային շահերի դրսեւորման ձեւերը։ Նույն եղանակով մեկնաբանված են նաեւ ազգային անվտանգության համակարգի հիմնական հետաքրքրություններն ըստ ոլորտտների, այսինքնՙ ազգային անվտանգությանն սպառնացող վտանգները։ Այդ վտանգները չեզոքացնելու համար առաջարկվում է նաեւ ըստ նշված ոլորտների ազգային անվտանգության ապահովման մեխանիզմների ընդհանուր պատկերը։ Հատկանշական է, որ օրենքի նախագիծը որդեգրել է ծրագրային, տվյալ դեպքում հայեցակարգային համակարգի ստեղծում։
Ի դեպ, պետք է նշել, որ կառավարությունը դեմ չէ օրենքի ընդունմանը եւ առաջարկում է անգամ անվտանգության համակարգի կարեւոր գործառույթների թվում ավելացնել նաեւ հետախուզության եւ հակահետախուզության ապահովման անհրաժեշտությունը։ Սակայն գործադիրը հայեցակարգերի մշակման համար ավելի երկար ժամանակահատված է պահանջում, իսկ նպատակային ծրագրերն ԱԺ-ում հաստատելու անհրաժեշտություն չի տեսնում։ Սակայն պետք է նշել, որ կառավարության այս մոտեցումն ընդունելի չէ, քանի որ միայն իր վրա վերցնելով ծրագրերի ընդունումը, նախ ԱԺ-ին զրկում է պատասխանատվությունից, եւ երկրորդՙ փորձը ցույց է տալիս, որ գործադրի կողմից այդպիսի ծրագրերի մշակման առումով կամ դանդաղկոտություն է նկատվում, կամ ընդունվելու պարագայում չի իրագործվում։
Ըստ օրենքի նախագծի համահեղինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի, մոտ 200-ից ավելի առաջարկներ են ստացվել տարբեր քաղաքական ուժերի եւ պաշտպանության նախարար, նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի կողմից, որոնց հիմնական մասն ընդգրկվել է նախագծում։ Եթե պաշտպանության նախարարն ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանական համակարգի կատարելագործման հիմնահարցերին, ապա քաղաքական ուժերը, այդ թվում ՀՌԱԿ-ը, ըստ Վ. Դալլաքյանի, առաջարկներ են ներկայացրել սահմանադրական կարգի պաշտպանության, արտաքին քաղաքականության առաջնահերթությունների կտրվածքովՙ հիմնականում շեշտադրելով սփյուռքի հետ հարաբերությունների կատարելագործմանը եւ այլ երկրներում ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։
Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ օրենքը զերծ է կոնկրետացումներից, առաջին հայացքից թվում էՙ կրում է դեկլարատիվ բնույթ։ Սակայն Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ սա յուրօրինակ մայր օրենք կարելի է համարել, որը տալիս է դրանից բխող օրենքների, ծրագրերի, հայեցակարգերի հիմնադրույթները, այսինքնՙ լիակատար կարող է գործել, եթե մշակվեն եւ ընդունվեն նշված օրենքներն ու իրավական ակտերը։
Այս առումով առանձնահատուկ կարեւորություն է ստանում ազգային անվտանգության ապահովման կառուցվածքի ստեղծումը, որի համար գործող սահմանադրությունը լծակներ չի նախատեսում։ Իսկ նոր մշակվող եւ հավանաբար հանրահավաքի ներկայացվելիք սահմանադրության փոփոխությունների նախագծում սահմանվում է ազգային անվտանգության խորհուրդ հասկացությունը, որը կդառնա օրենքի գաղափարախոսության իրագործողը։
Իսկ մինչ այդ անհրաժեշտ է ընդունել այս նախագիծը եւ նկատի առնել առավել լայն հասարակական շրջանակների առաջարկները եւս։ Օրինակ, առանձին դրույթներ հատուկ ուշադրություն եւ կոնկրետացումներ են պահանջում։
Մասնավորապես օրենքի նախագծում չի հստակեցվում հայկական սփյուռքի դերն ու նշանակությունը, այն պահպանելու եւ ունեցած ներուժը ազգային, պետական հիմնանպատակներին ծառայեցնելու մեխանիզմները։ Նույն կերպ չի հստակեցված նաեւ Հայ առաքելական եկեղեցու նշանակությունն ազգային անվտանգության խնդիրների ու նպատակների տիրույթում, ինչը վերանայման կարիք ունի։
Սակայն բոլոր դեպքերում փաստը, որ նման կարգի կարեւորագույն օրենք է մշակվել, մեծ առաջընթաց կարելի է համարել, որի հանդեպ մեծ պիտի լինի յուրաքանչյուր քաղաքացու, հայի պատասխանատվությունը։ Ի վերջո, սա մեր անվտանգության «սահմանադրությունն» է։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ