«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2003-03-26 | #58, 2003-03-27 | #59, 2003-03-28


«... ՔՈՒՆՍ ՉԻ ՏԱՆՈՒՄ...»

Շչորս Դավթյանի անվերջ որոնումները

Լրագրող, գրականագետ, պետական գործիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Շչորս Դավթյանի մասին Զորի Բալայանը գրել է. «Այսօր շատ եւ ոչ առանց հպարտության խոսվում է մեր այն պատմական նվաճման մասին, որի անունն ազատ, անկախ Հայաստան է։ Ըստ որում այնքան էլ շատ չեն խոսում այն երեւույթի մասին, որ անկախությունն ու ազատությունը երկնային մանանա չէին, դրանք մեզ է մոտեցրել ոչ թե վերացական, անանուն ինչ-որ սերունդ, այլ մեր ժամանակակիցների կոնկրետ անուններ, որոնց մեջ ես մշտապես տեսել եմ Շչորս Դավթյանին, լիներ նա Սիսիանի կուսշրջկոմի առաջին քարտուղարի, թե «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրի պոստերում։ Մեր պայքարի տարեգրությունը գրվում է, եւ ապագա սերունդներն անպայման կիմանան այն մասին, թե ինչպես Ղարաբաղյան շարժման սկզբից քիչ առաջ, Ստեփանակերտի մարզային թատրոնում, ալիեւների եւ կեւորկովների ներկայությամբ Շչորսը հանդես էր եկել կրակոտ ելույթովՙ Ղարաբաղի իրական աշխարհագրական եւ պատմական տեղի մասին։ Այսօր հենց աշխարհագրությունն ու պատմությունն էլ վկայում են, որ Շչորս Դավթյանը մարգարեորեն իրավացի էր»։

Հավանաբար դժվար է գտնել ուրիշ մեկին, ով գրականության, մշակույթի նվիրյալ լինելով, դրանց համար գրեթե ժամանակ ունեցած չլինի։ Բայց գերհագեցած իր ժամանակից միշտ էլ «գողացել» է հավելյալ ժամեր, որպեսզի հեղինակի, ապա նաեւ տպագրության հանձնի անչափ հետաքրքիր հատորներ. «Սիսիանի բնակավայրերի պատմություն» (1996 թ.), «Ականավոր սյունեցիներ» (1998 թ.), «Շուշի-ողբերգական ճակատագրի քաղաք» (1998 թ., Շահեն Մկրտչյանի հեղինակցությամբ), «Սյունյաց ազնվաշնորհ տիկնայք» (1996 թ.), «Մովսես Տաթեւացի» (2001 թ.), «Լույսի հոտ է, մոր ծոցի հոտ, հացի հոտ» (2003 թ.)... Հարյուրից ավելի հոդվածներ է տպագրել Համո Սահյանի մասին։ 1998 թվականին նրա անմիջական մասնակցությամբ եւ Ալեքսան Կիրակոսյանի հովանավորությամբ տպագրվել է Համո Սահյանի անտիպ բանաստեղծությունների ժողովածունՙ «Ինձ բացակա չդնեք» խորագրով։ 2001 թվականին կազմել է «Համո Սահյան. Բանաստեղծը, Մտածողը, Մարդը» ժողովածուն, նույն թվականին նաեւՙ Համո Սահյանի ութնյակների, հայրենների, տրիոլետների հատընտիրը։ Եթե այս ամենին ավելացնենք, որ 1981 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել «Բնությունը եւ մարդը Համո Սահյանի պոեզիայում» թեմայով, ապա, ընդհանուր գծերով ամբողջական կերեւա Դավթյան-գրականագետը։

Շչորս Դավթյանը կուսակցական աշխատողի իր արտոնությունները ծառայեցրեց հայ գրականությանը եւ հայ մշակույթին։ Դրա ականատեսն եմ եղել դեռեւս 1970-80-ական թվականներին։

Դեռ 1988-ը չկար, բայց հրաշալի մի մարդՙ Վոլոդյա Բաբայանը, մեծ համարձակության գնալով, վերանորոգում էր Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին։ 1979-ին սոսկ կարճ տեղեկատվություն կարելի էր տպագրել այդ մասին, որովհետեւ պարզապես միամտություն կլիներ կարծել, որ Վոլոդյան (իսկապես ազգասեր մի մարդ) առանց աջակցության կարողանար իրականացնել այդ ծրագիրն ազերի իշխանավորների քթի տակ։

Այսօր Վոլոդյա Բաբայանը հիշում է.

¬ Ավելի քան 15 տարի զբաղվել եմ հայ ճարտարապետության այդ հրաշքի վերականգնումով։ Այդ ընթացքում Շչորս Դավթյանը Մասիս սարի նման մեջքիս կանգնած է եղել։ Օգնել է ոչ միայն շինանյութերով, սարքավորումներով, ֆինանսական միջոցներով, այլեւ տարին մի քանի անգամ եկել է ինձ այցելության։ Ես այնքան էի ոգեւորված, որ Ս. Ամենափրկչի մի քանի վնասված քիվաքարեր որպես նվեր եւ ցուցանմուշ ուղարկեցի Շչորս Դավթյանի կողմից Սիսիանում հիմնադրված, իր տեսակի մեջ եզակի թանգարանինՙ Քարադարանին։

Մի առանձին հոդվածի թեմա է Համո Սահյանի հետ Շչորս Դավթյանի բարեկամությունը, որը սկսվել է 1968 թվականից, երբ առաջին անգամ այն ժամանակ դեռ Սիսիանի շրջանային թերթի խմբագրի տեղակալ Շչորս Դավթյանը հանպատրաստի, բանավոր խոսք է ասում Սահյանի «Քարափների երգը» նորատիպ ժողովածուի առիթով։ Սակավախոսությամբ հայտնի եւ գովեստների մեջ ժլատ բանաստեղծը ոգեւորվում է. «Հրաշալի խոսեցիր։ Ու, ամենակարեւորըՙ ոչ մեկին չկրկնեցիր»։

Այժմ արդեն միայն գրականագիտությամբ, մշակույթի պատմությամբ զբաղվող Շչորս Դավթյանն իր համար ամենակարեւոր աշխատանքը համարում է Համո Սահյանի կյանքի եւ ստեղծագործության ամբողջական պատկերը տալու խնդիրը։

¬ Համո Սահյանը հատկապես չհասկացվեց իր կյանքի վերջին տարիներին, ՀՀՇ-ական իշխանության օրոք,- ասում է Շչորս Դավթյանը։ ¬ Բայց որպես կենսագիր ես նրա կյանքի տարեգրությունից չեմ կարող հանել ցրտի, խավարի եւ սովի տարիները։ Ես պիտի պեղեմ նրա ապրած կյանքի ամեն օրը...

Մահվանից առաջ Համո Սահյանը ցավով գրել է. «Ինձ համար ամեն ինչ կորած է, / Էլ ոչ ոք եւ ոչինչ ես չունեմ։ / Ծամում եմ իմ բաժին չոր հացը, / Եվ քունս չի տանում, որ քնեմ։ /- Հիվանդ է ձեր խոնարհ երգիչը, / Երեւի հոգեւարք է ապրում։ / Ասում են.- Այդքանը դեռ քիչ է,/ Արժանի պատիժը չի կրում։ /Փոխվել են դերերն ու տեղերը, / Բայց նույնն է երախը վիշապի.../ Սրա՞նք են այս երկրի տերերը, / Աղոթեմ, որ մահս շտապի...»։ Ահա, այսպիսի ծանր տողեր է գրել Համո Սահյանը, որ պեղել, մեզ է ներկայացնում Շչորս Դավթյանը։ Ծանր են, այո, այս խոսքերը։ Բայց մեր պատմությունն են, չէ՞...

Եվ բանաստեղծի համար, մեզ համար, մեր երկրի համար քունը չի տանում նաեւ գրականագետ Շչորս Դավթյանի։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4