«Օսկարի» մրցանակաբաշխությունից հետո, որն անցկացվեց լոսանջելեսյան «Կոդակ» սրահում, երեկ Երեւանի կոնյակի աշխարհահռչակ գործարանի սրահում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակաբաշխության արարողությունը։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ «Արտավազդի» անվանակարգերի թիվը զգալիորեն ավելացել էր։ Մեր երկրի թատերական գործիչներն իսկապես մեծ ոգեւորությամբ նշեցին իրենց պրոֆեսիոնալ տոնըՙ թատրոնի միջազգային օրը, որը զուգադիպեց Կոնստանտին Ստանիսլավսկու ծննդյան 140-ամյակին։
«Անբասիր ծառայության համար» գլխավոր «Արտավազդը» հանձնվեց Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Զավեն Տատինցյանին։ Անբասիր ծառայության եւ թատրոնում երկարատեւ գործունեության համար մրցանակներ ստացան նաեւ Ամալյա Արազյանը եւ Գալուստ Ջանսըզյանը (Բուենոս Այրես)։ Տարվա լավագույն ներկայացում ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան թատրոնում բեմադրված «Ատամնաբույժն արեւելյան» կոմեդիայի բեմադրությունը (բեմադրության հեղինակՙ Երվանդ Ղազանչյան)։ Կնոջ լավագույն դերակատարման համար «Արտավազդը» հանձնվեց Ալլա Վարդանյանինՙ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում Կարինե Խոդիկյանի «Կինն անձրեւից հետո» բեմադրությունում կանացի գլխավոր դերակատարման համար։ Մրցանակ ստացավ նաեւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի արտիստուհի Մարիամ Ղազարյանը («Ատամնաբույժն արեւելյան»)։ Տղամարդու լավագույն դերակատարման համար «Արտավազդը» շնորհվեց Տիգրան Ներսիսյանինՙ Ռոլանդ Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» պիեսում Թումանյանի կերպարը կերտելու համար։ Վահե Շահվերդյանից ստանալով մրցանակըՙ Տիգրան Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Վահե Շահվերդյանին արդյունավետ եւ հետաքրքիր աշխատանքի համար։ Արտիստը նաեւ ընդվզեց պատերազմական այս իրավիճակի համար։ Մրցանակ շնորհվեց օպերային թատրոնի երգչուհի Վարդուհի Խաչատրյանինՙ «Նորմայի» մոսկովյան ներկայացման ժամանակ Ադալժիզա երգելու համար։ Չգիտեմ, մրցանակաբաշխության ժյուրիի անդամները ծանոթ չե՞ն «Նորմայի» բեմադրության մոսկովյան արձագանքներին։
«Ոսկե ձկնիկ» ներկայացմանը մասնակցելու համար մրցանակ տրվեց Ստանիսլավսկու անվան Երեւանի ռուսական թատրոնի արտիստուհի Եվա Շամխալովային։ Ոչ գլխավոր դերակատարման համար մրցանակ շնորհվեց Սունդուկյանի անվան թատրոնի արտիստ Սամվել Փիլոյանին («Մեր բաժին ուրախությունը», հովիվ)։ Մրցանակի արժանացավ Գավառի թատրոնի գլխավոր ռեժիսոր Միքայել Կոտոյանը։ Եվ վերջապես, վերջինՙ 12-րդ մրցանակը տրվեց երաժշտական լավագույն ձեւավորման համար («Լինսի-շոու», Կամերային թատրոն, ռեժիսորՙ Վահե Հայրապետյան)։
Ամեն դեպքում, այս անգամ եւս «Արտավազդը» տեր դարձավ մեր թատրոնի մարդկանց։ Հեղինակավոր հանձնաժողովը (Խաչիկ Ավագյան, Կարինե Խոդիկյան, Սոնա Մելոյան (նախագահ), Վարսիկ Գրիգորյան, Սուրեն Հասմիկյան, Նատաշա Գոմցյան) ավարտեց իր առաքելությունը։
Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ