Առաջիկա օրերին ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականներին հետաքրքրական ու պատասխանատու հանդիպումներ են սպասում։ Այսօր ժամը 15-ին Աբովյանի «Կոտայք» մարզադաշտում կտրվի Հայաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի երիտասարդական հավաքականների մրցավեճի մեկնարկը, իսկ հաջորդ օրը ժամը 18-ին «Հանրապետականում» կսկսվի ազգային հավաքականների ընտրական մրցախաղը։ Ապրիլի 1-ին եւ 2-ին մեր հավաքականները կհյուրընկալվեն իսպանացիներին։
Առաջիկա ընտրական մրցախաղերին մեր ֆուտբոլիստների նախապատրաստությանն էր նվիրված ՀՀ ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցայի եւ նրա օգնական Միխայ Ստոյկայի երեկվա հանդիպումը լրագրողների հետ։ Ողջունելով լրագրողներին, նրանք նշեցին, որ ուրախ են Հայաստանում գտնվելու համար եւ կձգտեն աշխատանքում պրոֆեսիոնալիզմ դրսեւորել։ Նրանք կարեւորեցին այն հանգամանքը, որ տեղի մարզիչներից, ֆեդերացիայի ղեկավարությունից հավաքականի ֆուտբոլիստների անդամների վերաբերյալ տեղեկություններ են ստացել, ինչը կօգնի կազմը որոշելիս։ Ճիշտ է, ժամանակը շատ կարճ է, սակայն մարզիչները հուսով են, որ կկարողանան ֆուտբոլիստներին ճշգրիտ տեղեկություններ հաղորդել հակառակորդի մասին, ընտրել խաղի համապատասխան տակտիկա եւ փորձել արդյունքի հասնել։
Ստոյկիցան նշեց, որ դիտել է մեր հավաքականի մասնակցությամբ վերջին 3 հանդիպումները եւ ավելի շատ հավանել է Իսրայելի հետ խաղում մեր ֆուտբոլիստների գործողությունները։ Իսկ ահա ուկրաինացիների հետ խաղի արդյունքը թեեւ դրական էր, սակայն խաղը մարզչին դուր չի եկել։ Նա հատկապես շեշտեց այն, որ առաջին րոպեներին հավաքականը գոլ բաց թողեց, ինչը ֆուտբոլիստների անուշադրության, խաղի մեջ ուշ ներգրավվելու հետեւանք է։ Որպես թերություն Ստոյկիցան համարում է գոլային քիչ պահեր ստեղծելը եւ դրանց իրացման ցածր տոկոսը։ Ըստ մարզչի, ֆուտբոլիստները պետք է 90 րոպե խաղի մեջ լինենՙ պատրաստ ամեն վայրկյան դիմելու վճռական գործողությունների։ Խոսելով առանձին ֆուտբոլիստների մասին, Ստոյկիցան ընդգծեց, որ հարձակման գծում իրենց վատ չեն դրսեւորում Քարամյան եղբայրները, սակայն նրանց ֆիզիկական տվյալները գոհացուցիչ չեն։ Առջեւի գծում անհրաժեշտ են բարձրահասակ եւ ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ, որոնք նաեւ պետք է հիանալի տիրապետեն գլխով խաղին։ Ստոյկիցային շատ է դուր եկել Ռոմիկ Խաչատրյանի խաղը, որը դաշտում մեծ ծավալի աշխատանք է կատարում։ Ցավոք, պարապմունքի ժամանակ Ռոմիկը վնասվածք է ստացել եւ նրա բացակայությունը մեծ կորուստ կլինի թիմի համար։ Ստոյկիցայի կարծիքով, լեգեոներները պետք է որ լավ մարզավիճակում գտնվեն։ Արթուր Պետրոսյանը, Հարություն Վարդանյանն ու Ալբերտ Սարգսյանը, որը հրավիրվել է Կիեւի «Արսենալ», երեկ պետք է ժամանեին Երեւան։
Ինչ վերաբերում է մրցակցին, ապա Ստոյկիցան հավաքականի որոշ ֆուտբոլիստների ճանաչում է, կան մի քանի լավ խաղացողներ, որ հանդես են գալիս Անգլիայի պրեմիեր-լիգայում։ Ստոյկիցան գտնում է, որ բրիտանական ոճի ֆուտբոլ դավանող հյուսիսիռլանդացիների հետ դժվարին խաղ է սպասվումՙ հաշվի առնելով նաեւ դաշտի տերերի համար ոչ նպաստավոր եղանակային պայմանները։ Չնայած այդ ամենին, գլխավոր մարզիչն ու նրա սաները մարտականորեն են տրամադրված եւ կձգտեն ուրախացնել երկրպագուներին։
Մեզ մնում է հաջողություն մաղթել հայ ֆուտբոլիստներին առաջիկա ծանր մրցախաղերում եւ մեր ներկայությամբ ոգեւորել, աջակցել հավաքականներին ցանկալի արդյունքի հասնելու համար։