«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2003-03-26 | #58, 2003-03-27 | #59, 2003-03-28


ԽԱՂՈՂԸ ՔԻՉ ԿԼԻՆԻ

Վնասվել են նաեւ դեղձի, ծիրանի, բալի, կեռասի այգիները

Այս մասին երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտնեց գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը։ Պատճառը Հայաստանում անցյալ տարվա դեկտեմբերին արձանագրված աննախադեպ ցրտերն են, երբ ջերմաստիճանն Արարատյան դաշտում իջել էր մինչեւ -32, որը պահպանվել էր առավել քան 100 ժամ։ Խաղողի այգիներին հասցված մեծ վնասը պայմանավորված էր նաեւ նրանով, որ, նկատի ունենալով վերջին տարիների մեղմ ձմեռները, գյուղացիներից շատերը այգեթաղ չէին կատարել։ Այգիների միայն 30 տոկոսն է թաղվել, ինչի պատճառով Արարատի մարզում վնասվել է դրանց 45 տոկոսը, Արմավիրի մարզումՙ 72 տոկոսը։

Գյուղնախարարը տեղեկացրեց, որ զգալի վնաս են կրել դեղձենիները, որոշ չափովՙ ծիրանենիները, բալենիները, կեռասենիները, խնձորենիները։ Գումարային առումով մեկ տարվա վնասը կազմել է 15 մլրդ դրամ, իսկ վերջին երեք տարիներինըՙ 26 մլրդ դրամ։ Այդ գումարի մեջ հաշվարկված են նաեւ գյուղմթերքների վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների կորուստները, որոնք չեն կարող իրենց հնարավորությունների չափով մթերել բերքի սակավության պատճառով։ Կոնկրետ գինեգործական եւ կոնյակի արտադրության ձեռնարկություններն այս տարի պատրաստ էին ընդունել մինչեւ 60 հազար տոննա խաղող։ Սպասվում էր մինչեւ 80¬90 հազար տոննա բերք, սակայն կլինի մոտ 20 հազար տոննա։ Վնասվել են նաեւ կարտոֆիլի տնկանյութերը։

Կառավարության երեկվա նիստի ժամանակ, որը նախագահել է երկրի նախագահը, ընդունվել է ցրտահարությունների հետեւանքների հաղթահարման ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի, տեղերում ստեղծվել են գյուղացիներին աջակցման կենտրոններ, որոնք մինչ այժմ 20 հազար տպաքանակով հրատարակված տեղեկատվական գրքույկները ցրտահարությունից վնասված այգիները վերականգնելու մասին բաժանել են գյուղացիներին։ Գյուղնախարարը բարեբախտաբար նշեց, որ բացի գրքույկներից, գյուղացիներին անհրաժեշտ են ազոտական, ֆոսֆորական պարարտանյութեր, սովորական չափաքանակից ավելի ոռոգման ջուր եւ այլն։ Այս բոլոր հարցերը ճշտելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով Դավիթ Զադոյանի գլխավորությամբ։

Միաժամանակ, ինչպես կարելի էր ենթադրել, այդ ծրագիրը երկրի արտգործնախարարության միջոցով տարածվելու է տարբեր երկրներումՙ օգնելու խնդրանքով։ Առաջին արձագանքը ստացվել է ԱՄՆ դեսպանատնից, որը պարտավորվել է 100 հազար դոլարի օգնություն ցուցաբերել։ Այդ գումարով նրանք մտադիր են գնել կարտոֆիլի սերմացու, որը ցածր գներովՙ 1 կգ-ը 100 դրամով շուկայական 250 դրամ գնի փոխարեն, կբաժանվի գյուղացիներին։ Այդ ստացած գումարով նույնպես կգնվի եւ կբաժանվի կարտոֆիլի սերմացու։

Նախարարը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության աջակցման վարկային ծրագրի շրջանակներում խնայողությունները կազմել են 1,5 մլն դոլար։ Կառավարությունը պետք է խնդրի Համաշխարհային բանկին, որպեսզի այդ գումարը տրվի գյուղացիներին աջակցելուն։ Պարարտանյութ հատկացնելու խնդրանքով Դավիթ Զադոյանը դիմել է Հայաստանում Ռուսաստանի եւ Ուկրաինայի դեսպաններին։

«Ազգի» հարցին, թե 15 մլրդ դրամ (մոտ 26 մլն դոլար) վնասի որեւէ մասը փոխհատուցելո՞ւ է պետությունը, գյուղնախարարը պատասխանեց, որ ամբողջ վնասի փոխհատուցման մասին անգամ երազել չի կարելի եւ գյուղացին չի էլ սպասում։ Այդուհանդերձ, չնշելով, թե որ մասն է փոխհատուցելու պետությունը կամ փոխհատուցելո՞ւ է, թե՞ ոչ, նա նշեց, որ գյուղացին կբավարարվի, եթե գոնե ջրի վարձն ու հողի հարկը ներվեն։

Միակ մխիթարական լուրը Դավիթ Զադոյանի մամուլի ասուլիսում այն էր, որ լոլիկի բերքն այս տարի շատ ավելին է, քան կարող են ընդունել կազմակերպությունները։ Սպասվում է 120¬130 հազար տոննա բերք, մինչդեռ ձեռնարկությունները կարող են ընդունել 80¬90 հազար տոննա։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4