Վնասի հատուցումըՙ 37.500 դոլար
«Առավոտ» օրաթերթի համար 2003 թվականն ընթացքի մեջ մտավ դատական պարզաբանումներով։ ՀՀ Կենտրոնական բանկի հետ դեռ հարցերը չլուծված, երեկ նրան դատարան էր հրավիրել նաեւ «Արդշինբանկը»։ Ինչպես Կենտրոնականը, այս բանկն էլ բողոքում է իր գործարար համբավին հասցված վնասից։ Ըստ հայցատուի, թերթում հրապարակված կեղծ տեղեկությունների արդյունքը եղել է հաճախորդների տեւական անվստահությունը, եւ բանկն այսօր էլ շարունակում է վնասներ կրել։
Ի տարբերություն ԿԲ-ի, որը բավարարվում է լոկ հերքման պահանջով, «Արդշինբանկն» իբրեւ վնասի հատուցում պահանջում է 37.500 ԱՄՆ դոլարի բռնագանձում։ Դատական առաջին նիստը կայացավ ՀՀ տնտեսական դատարանում։
Ո՞րն է խնդրի նախապատմությունը, ի՞նչն է պատճառը, որ տնտեսական ու լրագրողական աշխարհի 2 կառույցները սուր են ճոճում միմյանց դեմ։
Օրաթերթիՙ անցած տարվա հունիսի 1-ի համարում տպագրվել է Բարսեղ Զարոյանի ««Արդշինբանկը» խնդիրներ է ստեղծել այլ բանկերի համար» հոդվածը։ Հայցատուն պնդում է, որ հոդվածում մատնանշված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Հոդվածում նշվել է, որ «Արդշինբանկ» ԲԲԸ ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը, օգտագործելով պաշտոնական դիրքը, ստիպել է մի քանի առեւտրային բանկերիՙ «Արդշինբանկ» ԲԲԸ վարկեր տրամադրել, որով խնդիրներ է առաջացրել «Արդշինբանկ» ԲԲ առջեւ։
Սակայն մի տարվա վաղեմություն ունեցող վիրավորանքը նոր չէ, որ հրապարակ է հանում «Արդշինբանկը»։ Դեռեւս անցած տարվա հունիսի 11-ին ՀՀ տնտեսական դատարան էր ներկայացրել այս նոր հայցադիմումին նախորդողՙ նույն բովանդակությամբ ու պահանջով դիմումը։ Սակայն հենց իրՙ հայցվորի կողմի միջնորդությամբ գործը կարճվել է, որովհետեւ պատասխանող կողմը վեճն արտադատական կարգով լուծելու պատրաստակամություն էր հայտնել։ Նոր հայցադիմումում «Արդշինբանկը» նոր լրացում է անում. «Չնայած պատասխանող կողմը «Առավոտ» օրաթերթի միջոցով հերքել է բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունը, սակայն միջոցներ չի ձեռնարկել բանկին պատճառած վնասը հատուցելու մասով»։ «Առավոտ» օրաթերթը դատարան ներկայացել էր հակընդդեմ հայցով, պատճառաբանելով, որ «սույն հայցի եւ սկզբնական հայցի միջեւ առկա է փոխադարձ կապ, եւ այն բավարարելու դեպքում կբացառվի բանկի սկզբնական հայցի բավարարումը»։ Ո՞րն է հակընդդեմի բովանդակությունը։ Ըստ օրաթերթի անցած տարվա մայիսի 31-ին «Կոնվերս բանկ» ՓԲԸ եւ «Արդշինբանկ» ԲԲԸ միջեւ պայմանագիրը (առ այն, որ «Կոնվերս բանկը» պարտավորվել է «Արդշինբանկի» համար բացել վարկային գիծՙ 500 հազար ԱՄՆ դոլարի չափի լիմիտով, բանկի հաշվարկի համաձայնՙ 2,5 տոկոսադրույքով) կնքվել է օրենքի եւ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխան ու ենթակա է անվավեր ճանաչման։ Հակընդդեմ հայցի վերաբերյալ «Առավոտի» շահերի անփոփոխ պաշտպան Արա Զոհրաբյանը (ԿԲ-ի հետ դատում էլ նա է ներկայացնում օրաթերթի շահերը) հայտարարություն արեց, սակայն այն առայժմ չքննարկվեց, քանի որ նախագահող դատավոր Լարիսա Սոսյանին հայցադիմումը դեռ չէր հասել։
Ասենք, որ բռնագանձման պատկառելի գումարի պահանջով այս դատավարությունը գրավել է նաեւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը։ Դատավարությանը հետեւում էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/CEEMI), Ինտերնյուսի, ԱՄՆ դեսպանատան մամուլի եւ լրատվական ծառայությունների ներկայացուցիչները։
Դատական նիստի հենց սկզբում, սակայն, հայցվոր կողմի ներկայացուցիչ Պողոսյանը հանդես եկավ դռնփակ դատական նիստ անցկացնելու միջնորդությամբ, պատճառաբանելով, թե վիճահարույց թեման բովանդակում է բանկային գաղտնիք պարունակող, երրորդ կողմի շահերը շոշափող տեղեկություններ, եւ հայցվորից ու պատասխանողից զատ մյուսների ներկայությունն անցանկալի է։ Դատավորը մերժեց միջնորդությունը, իսկ «Արդշինբանկի» ներկայացուցիչը նոր միջնորդություն ներկայացրեց։ Նա առաջարկեց հետաձգել դատական նիստը, խոստովանելով, որ անպատրաստ է ներկայացել դատարան, ծանոթ չէ նյութերին, թեեւ «ըստ պատշաճի լիազորված է» բանկի կողմից։ Իսկ «Արդշինբանկի» իրազեկ ներկայացուցիչը (որի լիազորված լինելու վերաբերյալ Պողոսյանը որեւէ փաստաթուղթ չներկայացրեց), բացակայում է հանրապետությունից։ Դատավորը որոշեց քննությունը հետաձգել մինչեւ ապրիլի 10-ը, ժամը 15-ը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ