Եգիպտոսում կայացած կանադական ֆիլմերի առաջին փառատոների շրջանակներում Հայկական բարեգործական ընդհանուր միության Կահիրեի մասնաճյուղն Ատոմ Էգոյանի աղմկահարույց «Արարատ» ֆիլմի հատուկ ցուցադրումներ է կազմակերպել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։
Ցուցադրումը տեղի է ունեցել 1000 տեղանոց «Թահրիր» կինոթատրոնում։ Բացի հայերից, ներկա են եղել մեծ թվով օտարազգիներ եւ հայտնի արաբ դերասաններ, որոնք փառատոնի օրերին «Արարատը» մի անգամ դիտելուց հետո եկել են դարձյալ դիտելու։ Ֆիլմի ցուցադրումից հետո Կահիրեի հեղինակավոր հյուրանոցներից մեկում ընդունելություն է կազմակերպվել, որի ընթացքում ՀԲԸՄ-ի շրջանային կոմիտեի նախագահ Պերճ Թերզյանն Ատոմ Էգոյանին հուշանվեր է նվիրել։ Ներկա են եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, Եգիպտոսում Կանադայի դեսպան Միշել դե Սալաբերին, այլ պաշտոնական անձինք։ ՀԲԸՄ-ի Կահիրեի մասնաճյուղի նախագահ Օննիկ Պլըքտանյանը Եգիպտոսում ծնված հայազգի ռեժիսորին ներկայացրել է հյուրերին, պրն դե Սալաբերին Էգոյանի աշխատանքը բարձր գնահատելով, նշել է ընդհանրապես հայերի մասին. «Ձեր վշտի եւ տխրության պահերին անգամ դուք ցույց եք տալիս արժանապատվություն եւ համեստություն, որ ոչ մի ուրիշ ազգ չի ցուցաբերում, եւ դա չափազանց գեղեցիկ է»։
Կանադական ֆիլմերի փառատոնը Եգիպտոսում կազմակերպել է կանադական դեսպանատան մշակույթի կցորդ Ժան Ֆիլիպ Թաշչյանը, հովանավորել են Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուք Հոսնին, Կանադայի դեսպան Միշել դե Սալաբերին եւ կանադա-եգիպտական գործարար խորհրդի նախագահ Մոհսեն Բադավին։
Հ. Ծ.