«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2003-03-26 | #58, 2003-03-27 | #59, 2003-03-28


ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԿԵՅԻ «ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ»

Տափօղակով հոկեյը Հայաստանի համար իրոք էկզոտիկ մարզաձեւերի շարքին է դասվում։ Ուստի կրկնակի հաճելի եւ գուցե շատերի համար անակնկալ է հոկեյի ՀՀ հավաքականի մասնակցությունը Նոր Զելանդիայում կայանալիք աշխարհի «C» խմբի առաջնությանը։ Խաղային մարզաձեւերի ներկայացուցիչներից հայ հոկեյիստներն առաջինն են, որ անկախ Հայաստանը ներկայացնելու են ամենաբարձր մակարդակի մրցաշարում։ Այնպես որ դա իրոք Հայաստանի մարզական կյանքում մեծ իրադարձություն է։ Ստուգատեսի շեմին հանդիպեցինք հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Վարդանյանին։

¬ Պարոն Վարդանյան, հետեւում է մնացել աշխարհի առաջնության նախապատրաստական փուլը։ Ինչպիսի՞ պատրաստվածությամբ է թիմն ասպարեզ մտնելու։

¬ Հավաքականը կազմավորվել է սեպտեմբերին եւ սկսվել են ամենօրյա մարզումները Երեւանի գեղասահքի մարզադպրոցում։ Առաջնահերթ ուշադրություն ենք դարձրել տղաների ֆիզիկական եւ տեխնիկական պատրաստության վրա, մշակվել են տակտիկական որոշ սխեմաներ, որոնք կկիրառվեն հանդիպումների ժամանակ։ Ինձ թվում է, որ թիմն ունի որոշակի ձեռագիր, եւ տղաները պատրաստ են առաջնությանը։

¬ Իսկ ուսումնամարզական հավաքներ անցկացվե՞լ են։

¬ Նախատեսել էինք մինչեւ առաջնության մեկնելը մարտի 20-ից 10-օրյա հավաք անցկացնել Մոսկվայում, սակայն ֆինանսական դժվարությունների հետեւանքով այն չկայացավ։ Ուստի մեկնում ենք մրցավայր մարտի 31-ին։ Նշեմ, որ ճանապարհորդության հարցով հավաքականին աջակցել է Ավիացիայի գլխավոր վարչությունը։ Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ Կարեն Խաչատրյանի, նրա տեղակալ Հայկ Ջաղացպանյանի ջանքերով հնարավոր եղավ հովանավորների միջոցով լուծել ֆինանսների հայթայթման հարցը։ Հավաքականն ապահովված է մարզագույքով, «Նայք» ֆիրմայի 2 կոմպլեկտ (կարմիր եւ սպիտակ գույնի) մարզահագուստով։

¬ Ովքե՞ր են ընդգրկված հավաքականում։

¬ Առաջնությանը կմասնակցի 18 հոկեյիստ։ Նրանցից երկուսըՙ Րաֆֆի Քաջբերունին եւ Սիմոն Եղյայանը հրավիրվել են ԱՄՆ-ից, Լեւոն Միքայելյանն ու Դմիտրի Պլեխանովը խաղում են Պոդոլսկում։ Ռուսաստանից եւս 2 հոկեյիստ հավաքականի թեկնածու էր, սակայն, ցավոք, վնասվածքի պատճառով հնարավոր չեղավ օգտվել նրանց ծառայություններից։ Մնացած հոկեյիստները Երեւանի ԲԿՄԱ-ի, «Դինամոյի» եւ «Շենգավիթի» սաներն են, երկուսը Գյումրիից են։ Շատ խոստումնալից հոկեյիստ է տակավին պատանի Հովնանը, որի հետ մեծ հույսեր ենք կապել։ Հավաքականի ավագ, 32-ամյա փորձառու Սամվել Զաքարյանը թիմի առաջատարն է, ժամանակին խաղացել է Ռուսաստանում, եւ հույս ունենք, որ նրան կհաջողվի իր հետեւից տանել խաղընկերներին։

¬ Ծանո՞թ եք մրցակիցների խաղային հնարավորություններին։

¬Հաջողվել է դիտել Թուրքիայի հավաքականի մասնակցությամբ մի քանի խաղ, իսկ Լյուքսեմբուրգի եւ Նոր Զելանդիայի հոկեյիստների մասին առանձնապես տեղյակ չեմ։ Ապրիլի 3-ին առաջնության բացման պատիվը վստահվել է Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի հավաքականներին։ Հաջորդ օրը կմրցենք Թուրքիայի ընտրանու հետ, իսկ ապրիլի 6-ին ուժերը կչափենք տանտերերի հետ։ Հաղթողն իրավունք կստանա հաջորդ տարի մասնակցելու աշխարհի առաջնությանը «B» խմբում։ Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը պարգեւատրվելու են մեդալներով։

¬ Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում աշխարհի առաջնություն։

¬ Միայն լավ ակնկալիքներով։ Ճիշտ է, մեր ֆինանսական հնարավորությունները համեմատելի չեն մրցակիցների հետ, բայց, կարծում եմ, ունենք այն ներուժը, դրան գումարած մեծ ոգեւորությունն ու եռանդը, որոնք կնպաստեն պատվով դուրս գալու դժվարին քննությունից։

¬ Ուրեմն հաջողություն մաղթենք հայկական հոկեյի «առաջին ծիծեռնակներին» եւ հուսանք, որ բարձր տրամադրությամբ կվերադառնաք հայրենիք։

¬ Շնորհակալություն։ Կաշխատենք հուսախաբ չանել մեր երկրպագուներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4