ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ տեղի ունեցավ համաշխարհային հայկական կառույցի կազմկոմիտեի անդրանիկ նիստը։ Նախ եւ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին շնորհվեց ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալՙ հայ գիտնականներին, գիտությանն ուշադրություն դարձնելու եւ աջակցելու համար։ Սա նմանատիպ երկրորդ մեդալն է, առաջինը տրվել է Լուիզ Սիմոն-Մանուկյանին։
Նիստի բացման խոսքում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ նման կազմակերպություն ստեղծելու ժամանակը եկել է։ Այս ընթացքում բազմաթիվ կարծիքներ են եղել, թե ժամանակը չէ, թե ժողովուրդն այսօր պատրաստ չէ միանալու եւ որ անհաջողության դեպքում հայ ժողովուրդը կրկին հուսախաբ կլինի։
Արա Աբրահամյանի հավաստմամբ, նման կարծիքներն անհիմն են, քանի որ համահայկական այս կառույցն իր առջեւ դրել է այնպիսի խնդիրներ, որոնց լուծման դեպքում չբախվեն տարբեր կազմակերպությունների եւ կուսակցությունների շահերը։
Պրն Աբրահամյանը կրկին հիշեցրեց նախորդ օրվա ասուլիսում հայտարարած այն հարցերը, որոնցով կզբաղվի համաշխարհային հայկական կազմակերպությունը. հայկական պետականության ամրապնդումն ու զարգացումը, Ցեղասպանության ճանաչումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ տնտեսական հարցեր։
Խոսելով նման կառույց ստեղծելու գաղափարի իրատեսական լինելու մասին, Ռուսաստանի հայերի միության նախագահը բերեց հենց ՌՀՄ-ի օրինակը։ Նշվեց, որ ՌՀՄ-ն իր գործունեությունը ծավալում է ոչ թե անդամավճարների, այլ կոնկրետ բիզնեսից ստացվող եկամուտների հիման վրա։ Դա, ըստ Արա Աբրահամյանի, նշանակում է, որ համահայկական ստեղծվելիք կառույցը նույնպես ֆինանսական դժվարություններ չի ունենա, եթե հենվի բիզնեսի վրա։
Արա Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, ասաց, որ հասկանում է այս գաղափարի նկատմամբ թերահավատորեն տրամադրված այն անձանց եւ կազմակերպություններին, որոնք չեն մասնակցում համաշխարհային համահայկական կառույց ստեղծելու աշխատանքներին։ Որպես կազմկոմիտեի անդամներ ներգրավվել էին ներկայացուցիչներ Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռումինիայի, Էստոնիայի, Վրաստանի, Աջարիայի հայ համայնքների, ինչպես նաեւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնի, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, Հայաստանի գրողների միության, Ազգային ակադեմիայի, ՀՌԱԿ-ի, սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Անցնելով կազմկոմիտեի բուն նիստին, ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ նախաձեռնող խմբի երեք ամսվա աշխատանքի ընթացքում ավելի քան 110 կազմակերպություններ են համաձայնել մասնակցել 2003 թ. հոկտեմբերին կայանալիք համահայկական կառույցի հիմնադիր համագումարին։ Եվ որպեսզի այդ համագումարը դառնա իրականություն, կազմկոմիտեն ներկայացված թեկնածուների շրջանակով հաստատվեց որպես այդպիսին եւ ղեկավար ընտրեց Արա Աբրահամյանին։ Թե ովքեր կլինեն կազմկոմիտեի ղեկավարի տեղակալները կամ օգնականները, ընդհանուր որոշմամբ թողնվեց Արա Աբրահամյանի հայեցողությանը։ Ապա կազմկոմիտեն անցավ համաշխարհային հայկական կազմակերպության ստեղծման հայեցակարգի քննարկմանը։ Եղան բազմաթիվ ելույթներ։ Ընդհանուր առմամբ նշվեց, որ դեռեւս հստակ չէ անվան հարցը, պետության հետ կապված հարաբերությունների բնույթը, դժվար է հայկական տարբեր համայնքներիՙ ըստ իրենց կշիռների ներկայացվելու խնդիրը։ Ինչպես նաեւ քննարկվեց, թե որտեղ կլինի նման կազմակերպության կենտրոնը եւ ինչ սկզբունքներով կգործի։ Արա Աբրահամյանն այս առաջին քննարկման կապակցությամբ նշեց, որ նախնական ծրագրմամբ գրասենյակ կբացվի Էջմիածնում, որտեղ կաշխատի 300 հոգի։ Պրն Աբրահամյանը նշեց նաեւ, որ արդեն իսկ այս կազմակերպության ստեղծման համար ներդրվել է մոտ 20 մլն դոլար։
Կազմկոմիտեն քննարկեց նաեւ ստեղծվելիք կազմակերպության կանոնադրության նախնական տարբերակը։ Որոշվեց, որ նիստում հնչած բոլոր կարծիքները կուսումնասիրվեն, հնարավորինս կընդգրկվեն ստեղծվելիք փաստաթղթերում եւ քննարկման կդրվեն կազմկոմիտեի հաջորդ նիստին, որը կլինի մինչեւ հիմնադիր համագումարը։