ԼՂՀ կառավարությունը մշակել է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծ, որը հավանության է արժանացել կառավարության վերջին նիստում։ Այն, հավանական է, շուտով քննարկման առարկա կդառնա նաեւ խորհրդարանում։
Օրենքի ընդունմամբՙ աստիճանաբար կհամակարգվի ԼՂՀ քաղաքական դաշտը։ Հանրապետության արդարադատության պետական վարչության պետ Ռոբերտ Հայրապետյանի տեղեկատվությամբ, Արցախում այսօրվա դրությամբ գրանցված են 14 հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնցից 7-ը կուսակցություններ են։ Չի բացառվում, որ օրենքի ընդունումից հետո դրանց թիվը կնվազի, որովհետեւ օրինագծով նախատեսվածՙ կուսակցությունները պարտավոր են ունենալ նվազագույնը 100 անդամ եւ տարածքային ստորաբաժանումներՙ հանրապետության շրջանների առնվազն մեկ երրորդում։ Այս տեսակետից գոյատեւելու իրական հնարավորություն ունեն միայն Արկոմկուսը եւ ՀՅԴ-ն, իսկ ահա Արմենական, Սոցիալ-դեմոկրատական, «Ազատություն», Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները երեւի ստիպված կլինեն վերակազմակերպվել կամ էլ լուծարվել, ինչը նաեւ բխում է օրենքի նախագծի պահանջներից։ Այն քաղաքական դիրքորոշումները, որոնք բնութագրական են վերոհիշյալ կուսակցությունների գործունեությանը, բնավ հիմք չեն տալիս ենթադրելու դրանց հետագա միաձուլումը, գոնե այսօրվա դրսեւորումների հաշվարկով։
Բոլոր առումներով ազդեցիկ կուսակցություն դառնալու հնարավորություն ունի «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի ակտիվությունն ավելի տեսանելի էր առանձնապես 2002 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններում։
«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծը ներառում է մի դրույթ, որը ակնարկ է պարունակում հետագայում խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգ մտցնելու վերաբերյալ։ Տվյալ դեպքում, հոդված 27-ի երրորդ կետում նշվում է, որ պետբյուջեից կուսակցություններին հատկացվող միջոցները բաշխվում են ԱԺ վերջին ընտրություններում համամասնական ընտրակարգով նրանց ստացած ձայներին համամասնորեն։ Բայց քանի որ ԼՂՀ ընտրական օրենսգիրքը թույլատրում է սոսկ մեծամասնական ընտրակարգ, ուստի համամասնականի հարցում առայժմ կարող ենք միայն ենթադրություն անել։
Միանգամայն տրամաբանական է թվում, որ ընդամենը 2-3 կուսակցությունների առկայությունը երկրում թույլ կտա անցնել համամասնական ու մեծամասնական ընտրակարգի զուգահեռ կիրառմանը արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններում։
Նախագիծը դեռեւս շրջանառության մեջ չի դրվել խորհրդարանում, բայց, կարծում ենք, էական առարկություններ չի հարուցի ԱԺ-ում թերեւս այն պատճառով, որ ԼՂՀ խորհրդարանը քաղաքական խայտաբղետություն չունի։ Այսպես անվանվածՙ մանր կուսակցությունները չեն կարողանա ազդել քննարկումներին, քանի որ նրանց ունեցած ձայնը Ազգային ժողովում սակավաթիվ է։ Ըստ կուսակցական տարաբաժանմանՙ խորհրդարանում մեկական տեղ ունեն Արմենական եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, 9 տեղՙ ՀՅԴ-ն, իսկ մյուս պատգամավորական ձայները, ի բացառյալ 3 անկախ պատգամավորների, պատկանում են ԺԱՄ-ին։ Եվ հենց ԺԱՄ խմբակցությանն է վերապահված վերջնական տեսքի բերել «Կուսակցությունների մասին» ԼՂՀ օրենքը։
Համենայն դեպս, ինչ տեսքով էլ օրենքն ընդունվի, կարծում ենք, դրականն այն է լինելու, որ ԼՂՀ-ում վերջապես ձեւավորվելու է քաղաքական կայուն դաշտըՙ իր հստակեցված հենակետերով։
Իսկ դա իր հերթին կնպաստի Արցախում իրականացվող ժողովրդավարացման ուղեգծի անխոտոր կայացմանը, ապահովելով նաեւ ներքին քաղաքական կայունությունը։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ