ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Դոկտ., պրոֆ., ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն
Միջազգային հանրությանն այսօր ավելի ու ավելի է մտահոգում այն հարցը, թե ինչ է լինելու Իրաքի հետ ԱՄՆ-ի ռազմական հաղթանակից եւ գրավումից հետո, ինչպիսի քաղաքականություն է վարելու ամերիկյան կառավարությունն Իրաքում եւ Մերձավոր Արեւելքում։
Մասնագետները, չունենալով հավաստի տեղեկատվություն, հարկադրված զբաղվում են կանխագուշակումներով, ձգտելով ըմբռնել ԱՄՆ-ի քաղաքականության տրամաբանությունը եւ ներքին մղիչները։
Կանխագուշակումը կանխագուշակում, սակայն ավելի կարեւոր է իրական եւ հեղինակավոր որեւէ փաստաթղթի գոյությունը, որտեղ հստակ կերպով սահմանված լինեն ամերիկյան քաղաքականության հիմնական նպատակները եւ ուղղություններն Իրաքում Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալելուց հետո։ Ամերիկայում մշակված այդպիսի փաստաթուղթ իրոք գոյություն ունի։ Դա «Իրաքում ԱՄՆ-ի հետկոնֆլիկտյան քաղաքականության ղեկավար սկզբունքները» փաստաթուղթն է, որը համատեղ նախապատրաստել են ԱՄՆ-ի Ջեյմս Բեյքերի քաղաքականության ինստիտուտը եւ Արտաքին քաղաքականության խորհուրդը, եւ որը դրվել է պրեզիդենտ Ջորջ Բուշ կրտսերի սեղանի վրա։
Ջեյմս Բեյքերի ինստիտուտը գտնվում է Հյուստոնում (Տեխասի նահանգ)։ Ջեյմս Բեյքերն ԱՄՆ-ի պետական քարտուղարն էր 1988¬1992 թթ., Ջորջ Բուշ ավագի նախագահության շրջանում։ Այդ ինստիտուտը ԱՄՆ-ի կարեւոր եւ հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկն է, որտեղ ծնվում եւ մշակվում են նոր գաղափարներ եւ ծրագրեր։ Դրանք որպես կանոն ընդունվում են ամերիկյան կառավարության կողմից ի գործադրություն հետեւողականությամբ։ Նրա տնօրենն է Էդվարդ Ջերեջյանը, որը արդի ճանաչված եւ մեծ հեղինակություն ունեցող դիվանագետներից մեկն է։
Արտաքին հարաբերությունների խորհուրդը նույնպես ԱՄՆ-ի հեղինակավոր ուղեղային կենտրոններից մեկն է, որն ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մշակմանը։
Փաստաթղթի ստեղծման աշխատանքները ղեկավարել են Էդվարդ Ջերեջյանը եւ Ֆրանկ Վայզներըՙ Արտաքին հարաբերությունների խորհրդից։ Նրանց օգնել է մոտ 25 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը։ Նրա մեջ ներգրավվել են ԱՄՆ-ի ականավոր մասնագետները, այդ թվում Ջեյմս Բեյքերի քաղաքականության ինստիտուտի եւ Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբանները, Պրինստոնի, Վերմոնտի եւ Ելի էլիտար համալսարանների պրոֆեսորները, Վաշինգտոնի Բրուկինգսի եւ Պոտոմակի քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտների եւ ԱՄՆ-ի Ռազմածովային քոլեջի մասնագետները, «Բոինգ» ընկերության եւ Քեմբրիջի էներգիայի հետազոտման ընկերակցության ներկայացուցիչները։
Փաստաթուղթը հուշագիր-հանձնարարական է պրեզիդենտ Բուշին եւ նրա կառավարությանը։ Փաստաթղթում բառացիորեն ասված է. «Պրեզիդենտ Բուշը եւ նրա ամենաբարձր խորհրդականները պետք է պատրաստ լինեն լուսաբանելու Իրաքի վերաբերյալ իրենց երկարաժամկետ հայեցակարգը։ Այդ հայեցակարգը պետք է ներառի հետեւյալը...»։ Այնուհետեւ մեկ առ մեկ թվարկվում են այն հիմնական խնդիրները, որոնք կոչված են լուծելու ԱՄՆ-ի պրեզիդենտը եւ նրա թիմը։
Փաստաթղթի ծանոթությունը եւ առանձին հատվածների վերլուծությունը ցույց են տալիս, որ դա ընդգրկում է անվտանգության, Իրաքի վերակառուցման եւ կառավարման, տնտեսության վերականգնման եւ մերձավորարեւելյան աշխարհաքաղաքական տարածաշրջանի առանցքային հիմնախնդիրները, որոնց կիրառումը Բուշի կառավարության կողմից պետք է նոր իրադրություն ստեղծի ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում, իսկ ավելի լայն առումովՙ աշխարհում։
Հիմնված է այն տեսադրույթի վրա, որ Միացյալ Նահանգները կարող է կորցնել խաղաղությունը, նույնիսկ եթե հաղթի պատերազմում։ Առաջին հայացքից հանելուկային թվացող այդ տեսակետը պետք է հասկանալ այն իմաստով, որ եթե Միացյալ Նահանգները չկարողանա գտնել եւ իրականացնել ճիշտ լուծումներ հետպատերազմյան Իրաքի վերակառուցման եւ կառավարման հարցում, ապա նրա ռազմական հաղթանակի արդյունքները կհավասարվեն զրոյի։
Իրաքում Միացյալ Նահանգների կոորդինատորը
Փաստաթուղթը գտնում է, որ պետք է սկսել անվտանգության ապահովման հարցերից, առաջարկելով ձեռնարկել մի շարք կարեւոր քայլեր եւ կատարել նորամուծություններ։ Դրանց մեջ, թերեւս, ամենակարեւորը նոր պաշտոն ստեղծելու առաջարկությունն է, որը կոչվելու է Իրաքում ԱՄՆ-ի կոորդինատոր։
Նա ունենալու է վերահսկողական ֆունկցիաներ եւ իրականացնելու է ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը անվտանգության, կառավարման եւ տնտեսության բնագավառներում։ Մեծ կարեւորություն տալով այդ պաշտոնին, փաստաթղթի հեղինակները գտնում են, որ կոորդինատորի պաշտոնը կարող է գրավել այնպիսի բարձրաստիճան անձնավորություն, որը պետք է վայելի Կոնգրեսի աջակցությունը, լավատեղյակ լինի Միացյալ Նահանգների քաղաքական գործընթացներին եւ ռեգիոնալ խնդիրներին։ Նա պետք է վայելի բանակի հարգանքը եւ կարողանա լավ աշխատանքային հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի, պաշտպանության, ֆինանսների եւ այլ նախարարությունների հետ։
Կոորդինատորի առաջնահերթ խնդիրն է լինելու Իրաքում հաստատել կարգ ու կանոն, թույլ չտալ, որ Սադդամ Հուսեյնի վարչակարգի վերացումից հետո երկրում ստեղծվի քաոսային վիճակ, վրիժառության եւ հաշիվներ մաքրելու մթնոլորտ։
Նրա վերահսկողության ներքո պետք է վերացվեն Իրաքի հանրապետական գվարդիան, հատուկ հանրապետական գվարդիան, հետախուզական ծառայությունը եւ արմատախիլ արվեն Սադդամ Հուսեյնի այլ առանցքային ինստիտուտները։ Իրաքը պետք է զինաթափվի։
Անվտանգության ապահովման հարցում կարեւոր դերակատարում է վերապահվում իրաքյան բանակին, որը չի վերացվելու, բայց թվաքանակը կրճատվելու է, եւ պետք է հեռացվեն բոլոր այն գեներալները եւ սպաները, որոնք հանցանք են գործել կամ կապեր են ունեցել կառավարող Բաաս կուսակցության հետ։ Մաքրագործումից հետո Իրաքի բանակը, ինչպես նշված է փաստաթղթում, կարող է դառնալ Իրաքի ներքին կայունության եւ ապահովության երաշխավորը։
Փաստաթղթիՙ անվտանգությանը վերաբերող մասում ընդգծվում է նաեւ, որ Միացյալ Նահանգները չպետք է հանդես գա որպես օկուպանտ, եւ տարբերություն պետք է դնել մի կողմից հետպատերազմյան Գերմանիայի եւ Ճապոնիայի, իսկ մյուս կողմիցՙ հետսադդամյան Իրաքի միջեւ։ Փաստաթղթի հեղինակները գտնում են, որ իրաքցիները ոչ թե պարտություն կրած, այլ ազատագրված ժողովուրդ են։
Նախատեսվում է Իրաքի կոորդինատորի պաշտոնը պահպանել երկու տարի ժամանակով կամ այնքան ժամանակ, որքան կպահանջվի անվտանգության, կառավարման եւ տնտեսական հիմնարար խնդիրները լուծելու համար։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա դառնում է Իրաքի անսահմանափակ կառավարողը, թեեւ փաստաթղթում առանձին պարբերությամբ նշված է, որ Միացյալ Նահանգները շատ պարզ կերպով պետք է հայտարարի, որ ցանկություն չունի դառնալու Իրաքի եւ նրա նավթի դե ֆակտո կառավարողը։
Իրաքի կառավարությունը եւ կառավարման համակարգը
Փաստաթղթում մեծ տեղ է հատկացված Իրաքի կառավարման համակարգին, որը պետք է հաստատվի Սադդամ Հուսեյնից հետո։ Փաստաթղթի հեղինակները գտնում են, որ այդ հարցը պետք է լուծվի փուլ առ փուլ։ Սահմանվում է անցումային շրջան, որի փուլերին համապատասխան ստեղծվում են կառավարման ձեւեր եւ համակարգ։
Նախատեսվում է Իրաքի պատերազմից անմիջապես հետո կամ անցման առաջին շրջանում ստեղծել արտակարգ անցումային կառավարություն, որը պետք է ունենա իրաքցի խորհրդականներ։ Անցումային երկրորդ փուլում պետք է կազմավորվի միջազգայնորեն եւ ՄԱԿ-ի կողմից վերահսկվող Իրաքի կառավարություն, իսկ երրորդՙ ավարտական փուլում պետք է ստեղծվի ինքնիշխան Իրաքի կառավարություն։
Այս կապակցությամբ արվում է երկու կարեւոր վերապահում։ Հեղինակները գտնում են, որ չպետք է գայթակղության ենթարկվել եւ կառավարություն կազմել, քանի դեռ չեն ավարտվել պատերազմական գործողությունները։ Նրանք խորհուրդ են տալիս այդ քայլին դիմել միայն պատերազմի ավարտից հետո։ Նրանք նաեւ նախազգուշացնում են Բուշին, որ հետպատերազմյան շրջանում, կոնֆլիկտի լուծումից հետո, կառավարություն կազմելիս, թույլ չտա, որ կառավարության կազմում տիրապետող լինի արտասահմանում գտնվող իրաքյան ընդդիմությունը։ Նրանք չեն ժխտում ընդդիմության դերակատարումը, բայց գտնում են, որ նրա ձայնը պետք է համարվի կարեւոր ձայներից մեկը այլ ձայների մեջ եւ ոչ ավելին։
Առաջարկվում է Բաղդադում եւ Իրաքի մյուս նահանգներում ստեղծել խորհրդակցական խորհուրդներ, որոնք պետք է կազմված լինեն իրաքյան ղեկավարներիցՙ ազգային եւ շրջանային մակարդակներով, ընդգրկելով դրանցում նաեւ աքսորում գտնվող ընդդիմության ներկայացուցիչներին։ Նահանգային խորհուրդների խնդիրների մեջ է մտնում օգնել զինվորական հրամանատարներին հասկանալու իրադրությունը եւ պայմանները տեղերում, լուծել բնակչությանը հուզող եւ վիճելի հարցերը տեղական մակարդակներով։ Այս ամբողջ գործընթացը պետք է կատարվի ամերիկացիների նախաձեռնությամբ, Իրաքում ԱՄՆ-ի կոորդինատորի եւ այլ պաշտոնյաների վերահսկողության ներքո։
Անցումային շրջանի ավարտին պետք է ընդունվի նոր սահմանադրություն, անցկացվեն ընտրություններ եւ Իրաքի ժողովուրդն իրավունք ձեռք կբերի ընտրել իր սեփական պառլամենտը եւ կառավարությունը։
Իրաքի վերակազմավորումը դաշնակցային (ֆեդերալ) պետության
Ինչպիսի՞ն է լինելու Իրաքիՙ որպես պետության ապագան եւ ճակատագիրը։ Հեղինակները գտնում են, որ ԱՄՆ-ի ազգային շահերին լրիվ համապատասխանում է գրավել հաստատուն դիրք Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում եւ մերժել բոլոր այլ տեսակի լուծումները, անգամ եթե դա կնշանակի քրդական եւ թուրքական ծրագրերի ձախողում։
Իրաքը պետք է դառնա ֆեդերատիվ պետություն, ըստ որում ոչ թե էթնիկական եւ կրոնական, անկլավային, այլ շրջանային եւ նահանգային մակարդակներով, խարսխված Իրաքի միասնականության եւ տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի վրա։
Իրաքի տնտեսական վերականգնումը
Իրաքի տնտեսական վերականգնման հարցերը նույնպես իրենց արժանի տեղն են գտել փաստաթղթում, որի համար նրա հեղինակներն առաջարկում են իրենց դեղատոմսը։
Նախատեսվում է սկսել Իրաքի նավթարդյունաբերության վերականգնումից։ Հաշվարկված է, որ նավթարդյունաբերությունը մինչեւ 1990 թ. Պարսից ծոցի պատերազմը եղած մակարդակին բարձրացնելու համար կպահանջվի 18¬36 ամիս եւ 5 մլրդ դոլար։ Իսկ ամբողջ տնտեսության վերականգնման համար կպահանջվի 25¬100 մլրդ դոլար։
Որտեղի՞ց գտնել այդ ահռելի գումարը։ Առաջարկվում է մի մասը ծածկել իրաքյան նավթից ստացվող շահույթներից, մի մասն էլ Համաշխարհային բանկի, ԱՄՆ-ի եւ արեւմտյան ներդնողների օգնությամբ։ Բայց կա մի կարեւոր կետ եւս։ Հեղինակները գտնում են, որ Իրաքի տնտեսական վերականգնման բեռի մի զգալի մասն իրենց ուսերի վրա պետք է վերցնեն Իրաքի հարեւան արաբական պետությունները, ինչպես Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը եւ այլն։ Հաշիվն այստեղ շատ պարզ է։ Նրանք վախենում էին Սադդամ Հուսեյնի ագրեսիայից։ Իրաքյան հավանական ագրեսիայից նրանց փրկելու բեռն իր վրա վերցրեց ԱՄՆ-ը, իսկ այժմ թող նրանք բարի լինեն իրենց վրա վերցնել Իրաքի տնտեսական վերականգնման բեռի առյուծի բաժինը։
Ավելի կայուն Մերձավոր Արեւելքի կառուցումը
Հարձակվելով Իրաքի վրա, Միացյալ Նահանգները փորձում է լուծել ոչ միայն նրա, այլեւ Մերձավոր Արեւելքի շատ խնդիրներ, այդ թվում եւ աշխարհաքաղաքական։ Դրան է նվիրված փաստաթղթի «Ավելի լայն մարտահրավեր. ավելի կայուն Մերձավոր Արեւելքի կառուցումը» բաժինը։ Այստեղ այն տեսակետն է տեղ գտել, որ Իրաքի վրա ԱՄՆ-ի հարձակումը տրավմա կառաջացնի ամբողջ մուսուլմանական աշխարհում, եւ հատկապես արաբական աշխարհում։ Հեղինակներն անդրադառնում են նաեւ արաբա-իսրայելական կոնֆլիկտին, համարելով դա ամենամեծ բացթողումն ԱՄՆ-ի քաղաքականության մեջ։ Ուստի նրանք առաջարկում են Բուշին ամենաակտիվ կերպով, ուղղակիորեն, ամենաբարձր մակարդակով, օգտագործելով իր առաջնորդ լինելու հանգամանքը, զբաղվել արաբա-իսրայելական հարցի կարգավորմամբ, համարելով դա էական ԱՄՆ-ի համար։
Մյուս բարդ հիմնախնդիրը համարվում է Հյուսիսային Իրաքի հարցը։ Փաստաթղթում դա դիտարկվում է անկախ քրդական պետություն ստեղծելու եւ քուրդ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Նշվում է, որ քրդական անկախ պետություն ստեղծելու հեռանկարը կարող է հարուցել թուրքական ռազմական ինտերվենցիա։ Իսկ դա, ինչպես երեւում է, ձեռնտու չէ ԱՄՆ-ին, հետեւաբար նա չի կարող թույլ տալ, որ դեպքերն այդ ուղղությամբ զարգանան։ Հեղինակներն առաջարկում են ամերիկյան ղեկավարությանը հակադրվել ինչպես քրդերի, այնպես էլ թուրքերի հավակնություններին եւ հավատարիմ մնալ Իրաքի տարածքային ամբողջականությանը։ Դրանից հետեւում է, որ ԱՄՆ-ը, օգտագործելով եւ քրդերին, եւ թուրքերին, պատրաստ չէ նրանց այնպիսի զիջումներ անել, որոնք հակասում են իր շահերին։
Փաստաթղթում հատուկ քննարկման առարկա է դարձել ամերիկա-իրանական հարաբերությունների հարցը։ Դրան ներկա պահին տրվում է հատուկ նշանակություն։ Նշվում է, որ Իրաքի դեպքում կա բավարար հիմք ամերիկա-իրանական խաղաղ համագործակցության համար, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ի վիճակի է վերացնել իրանցիների վախը եւ մտահոգությունն Իրանը շրջապատելու եւ նրա ներքին գործերին միջամտելու վերաբերյալ։
Վերջապես առաջարկվում է ստեղծել մի ժամանակավոր մեխանիզմ, որը, Իրաքի հարեւան երկրների հետ խորհրդակցելու ուղիով, կօգնի ջրի երես հանել նրանց տարածաշրջանային մտահոգությունները եւ սահմանել համագործակցության հնարավոր ասպարեզները։
Մեր կարծիքով, այս բաժնում քննարկվող խնդիրներն, ըստ էության, կազմում են Մեծ Մերձավոր Արեւելքի ծրագրի ամենաէական տարրերը։
Ահա այսպիսին է ընդհանուր գծերով Իրաքի խնդրի կարգավորման ամերիկյան հայեցակարգը։ Եվ դատելով ծավալվող գործընթացներից, Բուշի կառավարությունն ընդհանուր առմամբ հետեւում է դրա հիմնադրույթներին։ Իսկ դա գալիս է հաստատելու այն տեսակետի ճշմարտացիությունը, որ ԱՄՆ-ը, Իրաքի վրա հարձակումով իրականացնում է աշխարհի միակ ղեկավարը լինելու իր գլոբալ ռազմավարությունը։