«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2003-03-27 | #59, 2003-03-28 | #60, 2003-03-29


ՀԱՂԹԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՃՈՎ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՆԵՐՔՈ

Ուրախացնելու հերթն ազգային հավաքականինն է

Հայաստան¬Հս. Իռլանդիաՙ 2¬0 (1¬0)

Աբովյան, «Կոտայք» մարզադաշտ, 28 մարտի։

Մրցավարՙ Էմիլ Լարսեն (Դանիա)։

Հայաստան¬ Ապուլա Բետե, Բարսեղ Կիրակոսյան, Վալերի Ալեքսանյան, Վարդան Հովհաննիսյան, Կառլ Լոմբե, Լեւոն Փաչաջյան (Արթուր Պետրոսյան, 63), Արսեն Մելոյան, Դավիթ Գրիգորյան, Գալուստ Պետրոսյան (Արտակ Հովհաննիսյան, 87), Կարեն Մուրադյան, Վահե Դավթյան (Սամվել Մելքոնյան, 81)։

Հս. Իռլանդիա¬ Էլիոտ Մորիս, Բրայան Քլոզ, Քրիստոֆեր Հերոն, Տերի Մակֆլին (Սեմի Քլինգեն, 72), Գորդոն Սիմս, Տոնի Կապալդի, Մարկ Հյուգս (Պատ Մակքորտ, 64), Գեյվին Մելաֆ, Լի Մակեւիլի, Ուորեն Ֆինեյ (Քեւին Բրենիֆ, 77), Օուեն Մորիսոն։

Գոլերըՙ Արսեն Մելոյան (25), Վահե Դավթյան (66)։

Զգուշացվեցինՙ Արթուր Պետրոսյանը, Բրայան Քլոզը, Տոնի Կապալդին։

Անբարենպաստ եղանակի պատճառով խաղը սկսվեց 1 ժամ ուշացումով։ Առատ ձյունն ամբողջովին ծածկել էր խաղադաշտը։ Բարեբախտաբար, ձյունը դադարեց եւ հնարավոր եղավ խաղն անցկացնել քիչ թե շատ նպաստավոր պայմաններում։ Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին հանդիպումը եւ արդեն 7-րդ րոպեին դաշտի տերերի ձեռնարկած վտանգավոր գրոհից հետո հյուրերը ստիպված էին գնդակը հանել անկյունային։ 11-րդ րոպեին դարպասին վտանգավոր հարված կատարեց Կիրակոսյանը, սակայն հյուրերի դարպասապահն իր տեղում էր։ Իրենց հերթին հյուրերն էլ մի քանի անգամ վտանգավոր գրոհներ ձեռնարկեցին։ Հատկապես վտանգավոր էր նրանց բարձրից փոխանցումները, որից հետո 2 անգամ հյուսիսիռլանդացիները կարող էին գրավել մեր հավաքականի դարպասը։ Երկու դրվագում էլ անվստահ խաղաց դարպասապահ Բետեն։ Առաջին դեպքում Ֆինեյի գլխի հարվածը մի փոքր շեղ ստացվեց, իսկ Սիմսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի ձողին։

Մեր ֆուտբոլիստներըգրոհները հիմնականում կազմակերպում էին եզրերով։ Դրանցից մեկի ժամանակ էլ 25-րդ րոպեին Վահե Դավթյանի աջ թեւով սրընթաց ճեղքումից հետո գնդակը հասցեագրվեց տուգանային հրապարակի մատույցներ, որտեղից Մելոյանը դիպուկ հարվածով բացեց հաշիվը։

Ընդմիջումից հետո հյուրերը փորձեցին բեկում մտցնել մրցակցությունումՙ մեծ ուժերով նետվելով գրոհի։ 58-րդ րոպեին փորձելով կանխել վտանգավոր փոխանցումը, Կիրակոսյանը քիչ էր մնում գնդակն ուղարկեր սեփական դարպասը։ Դաշտի տերերն ընտրել էին հակագրոհների տակտիկա, որն իրեն լիովին արդարացրեց։ 66-րդ րոպեին Վահե Դավթյանի աջ թեւով սրընթաց անցումն ավարտվեց դարպասի գրավումով։ Հայ ֆուտբոլիստները կարող էին խոշոր հաշվով հաղթանակ տոնել, սակայն գոլային նպաստավոր պահերը չօգտագործեցին Ալեքսանյանն ու Մելքոնյանը։ Ինչեւէ, Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց։ Այժմ հերթն ազգային հավաքականինն է։

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում հյուրերի մարզիչ Ռոյ Միլլերը, շնորհավորելով մրցակցին հաղթանակի առթիվ, նշեց, որ թեեւ առաջին խաղակեսում թիմն ունեցավ դարպասը գրավելու մի քանի պահեր, սակայն հաջող խաղացին Հայաստանի հավաքականի պաշտպաններն ու դարպասապահը։ Իսկ ահա, դաշտի տերերին հաջողվեց շատ գեղեցիկ գոլ խփել։ Եվ թեեւ երկրորդ խաղակեսում մարզիչը խաղադաշտ դուրս բերեց հարձակվողներին, սակայն այդպես էլ չհաջողվեց խուսափել պարտությունից։

Անդրանիկ Ադամյանը նշեց, որ կլիմայական անբարենպաստ պայմաններում ստիպված էին փոխել խաղի մարտավարությունըՙ ապավինելով հակագրոհներին, քանի որ մրցակիցը ֆիզիկապես ուժեղ էր։ Առաջին խաղակեսում տղաների գործողություններում լարվածություն էր զգացվում, սակայն հավաքականը կարողացավ օգտագործել գոլային պահերից մեկը։ Հաղթանակն, իհարկե, ուրախացնում է։ Մարզիչը հատկապես նշեց ֆուտբոլիստների հաղթանակի կամքի դրսեւորումը, հոգեբանական պատրաստությունը։ Ճիշտ է, անբարենպաստ եղանակի հետեւանքով կոմբինացիոն խաղ չստացվեց, բայց կար ոգեւորություն, հաղթանակի կամք, եւ հաջողությունն, իհարկե, հաճելի է։

Ընտրական 6-րդ խմբում երեկ կայացած Ուկրաինա¬Իսպանիա հանդիպումն ավարտվեց ոչ¬ոքիՙ 0-0։

Մրցաշարային աղյուսակ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Հունաստան - 3 - 2 - 1 - 0 - 4¬2 - 7

2. Հայաստան - 3 - 1 - 1 - 1 - 4¬3 - 4

3. Իսպանիա - 3 - 1 - 1 - 1 - 1¬1 - 4

4. Ուկրաինա - 4 - 0 - 4 - 0 - 3¬3 - 4

5. Հս. Իռլանդիա - 3 - 0 - 1 - 2 - 1¬4 - 1


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4