«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2003-03-27 | #59, 2003-03-28 | #60, 2003-03-29


ՆՈՐ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ ՄԱՐՏԻ 31-ԻՑ

Այդ օրվանից շրջանառության մեջ են դրվում 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները։ Չնայած վաղօրոք դրանց ներդրման ժամկետ էր հայտարարվել հուլիսի 1-ը, բայց ինչպես հայտնեց Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետ Գեւորգ Թումանյանը, տնտեսական աճին զուգահեռ ավելացել է նաեւ դրամական զանգվածը, այդ թվում կանխիկ դրամի ծավալները։ Հաշվարկված էր, որ վերոնշյալ արժեքի թղթադրամները կսպառվեին մինչեւ հուլիսի 1-ը, բայց դա տեղի ունեցավ ավելի վաղ, ինչն էլ ստիպեց անցնել մետաղադրամների գործածությանը։

Ինչ վերաբերում է 1993 թ.-ի նմուշի 10, 25, 200 եւ 1998 թ. նմուշի 50 եւ 100 դրամանոց թղթադրամներին, ապա դրանց գործածության ժամկետ է սահմանվել մինչեւ եկող տարվա ապրիլի 1-ըՙ մեկ տարի։ Դրանից հետո այդ թղթադրամները դադարում են օրինական վճարամիջոց լինելուց, սակայն հաջորդ մեկ տարվա ընթացքում փոխանակվում են ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերում եւ մասնաճյուղերում։ 2005 թ. ապրիլի 1-ից հետո արդեն այդ թղթադրամները կփոխանակվեն միայն Կենտրոնական բանկում եւ նրա կողմից լիազորված բանկերում։

Գեւորգ Թումանյանը տեղեկացրեց, որ 1993 թ. նմուշի 50 եւ 100 դրամանոցների համար գործունեության վերջին ժամկետն այս տարվա վերջն է, որովհետեւ 1998 թ., երբ թողարկվեցին նոր նմուշի այդ արժեքով թղթադրամները, հին նմուշի թղթադրամների համար սահմանվեց գործունեության 5 տարվա ժամկետ։ Այնուհետեւ ԿԲ վարչության պետն առանձին անդրադարձավ 500 դրամ արժեքով թղթադրամներին, ասելով, որ դրանք գործելու են մետաղադրամներին զուգահեռ, մինչեւ եղած պաշարը սպառվելը։ Ի դեպ, 500 դրամանոց մետաղադրամը տարբերվում է մյուսներից, երկու մետաղից է պատրաստված, ինչը լրացուցիչ պաշտպանական միջոց է։

Նոր մետաղադրամների համար, ինչպես 20 դրամանոցի դեպքում, ընտրված է ընդհանուր ձեւավորում։ Դրանց զարդանախշերն ընտրված են հայկական ճարտարապետական կոթողներից։ Ձեւավորողը Կարապետ Աբրահամյանն է։ Մետաղադրամները տարբերվում են չափերով, կշիռներով եւ գույներով, արտադրված են Լեհաստանի դրամահատարանում։

Որքա՞ն է տնտեսվում թղթադրամների փոխարեն մետաղադրամների անցնելիս։ Մեր այս հարցին Գեւորգ Թումանյանը պատասխանեց, որ եթե դիտարկենք երկարատեւՙ 10-15 տարվա ժամկետով, ապա խոսքը մի քանի միլիոն դոլար կազմող գումարի մասին է։ Սակայն կոնկրետ թիվ նա չկարողացավ մատնանշել։ Նա նշեց նաեւ, որ նոր մետաղադրամների արտադրության համար հայտարարված մրցույթում ստացվեցին սպասվածից ավելի ցածր գնի առաջարկներ։ Դա նույնպես նպաստում է մետաղադրամների գործածության արդյունավետությանը։ Այս առումով ԿԲ ներկայացուցիչն ասաց, որ 20 դրամանոց մետաղադրամն ինքնարժեքին մոտ է, իսկ 200 կամ 500 դրամանոց մետաղադրամների անվանական արժեքը մի քանի անգամ գերազանցում է դրանց ինքնարժեքին։

Այս մետաղադրամները գործածության մեջ դնելով, ըստ Գեւորգ Թումանյանի, շղթան փակվեց։ Տեսանելի ապագայում չի բացառվում միայն հոբելյանական մետաղադրամների թողարկումը։ Իսկ «հնարավո՞ր է, որ լինեն նաեւ 1000 դրամ արժեքով մետաղադրամներ» հարցին էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների վարչության պետը պատասխանեց, որ եթե 1000 դրամանոցը համարվի մանր դրամ, դա հնարավոր է։ Ընդ որում, պարտադիր չէ, որ դա տեղի ունենա արժեզրկման հետեւանքով։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա երկրի տնտեսական զարգացման եւ բարեկեցության բարձրացման արդյունքում։

Կեղծ դրամների մասին խոսելով, Գեւորգ Թումանյանը հայտնեց, որ անցյալ տարի նկատվել է կեղծ 500 դրամանոցների հոսք։ Նա կոչ արեց զգույշ լինել այդ թղթադրամների հետ, չնայած դրանք որակի առումով բարձր չեն եւ անմիջապես զգացվում է, որ կեղծ են։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4