Լարվածություն է ստեղծել ազոտական պարարտանյութերի սուղ քանակը
Գարունը կրնկի վրա բացել է գյուղացու հոգսերի դուռը։ Եղանակն էլ, իր հերթին, վերջին տարիներին տհաճ անակնկալներ է մատուցումՙ մերթ երաշտ, մերթ գերխոնավություն, այս տարի էլՙ ցրտահարություն։ Մասնագետների կարծիքով, ցրտահարված հողն ավելի շատ կարիք ունի պարարտացման ու ոռոգումների։
Հանրապետությունում օգտագործվում է 3 տեսակի պարարտանյութՙ կալիումական, ֆոսֆորական եւ ազոտական։ Կալիումականի ու ֆոսֆորականի ձեռքբերումը խնդիր չէՙ ագրոքիմիական բազաներում ազատ վաճառքի է ներկայացված շուրջ 8 հազար տ պարարտանյութ։ Այս տարի լարվածություն է ստեղծել ազոտական պարարտանյութերի սուղ քանակը։ Սրանց ընդհանուր պահանջարկը 100 հազար տոննա է, սակայն եթե նկատի ենք ունենում միայն վճարունակ պահանջարկը, ապաՙ 40 հազար տոննա։ Այսօր հանրապետությունում ճապոնական դրամաշնորհի օգնությամբ հաջողվել է հայթայթել ընդամենը 10 հազար տոննա ազոտական պարարտանյութ։ Գյուղացուն քաջ հայտնի է, որ հողի բազմատարր սնուցման, բարձր բերքի երաշխիքը այս 3 տեսակների միատեղ օգտագործումն է, առավել եւս բարձր արդյունք տալիս է ազոտական պարարտանյութը։ Բայց քանի որ շատերի հնարավորությունները չեն ներում 3 տեսակն էլ օգտագործելու համար, գերադասում են ձեռք բերել գոնե արագ եւ ակնհայտ արդյունավետության խոստացող ազոտական պարարտանյութը։ Սրա սուղ քանակն այսօր իրացվում է արտագնա աճուրդ-վաճառքների միջոցով։
2 օր առաջ հանրապետության բոլոր մարզերում ավարտվեցին ազոտական պարարտանյութի աճուրդ-վաճառքները։ Սակայն միանգամայն իրական մտավախություն կա, որ ազոտական պարարտանյութի այդ նվազ քանակն էլ պետականորեն սահմանված գներով չի հասնի գյուղացուն եւ կընկնի վերավաճառողների ձեռքը։ Կառավարության որոշմամբ 1 կգ պարարտանյութի գինը սահմանվել է 3050 դրամ, իսկ շուկայում հայտնվում է 4¬4,5 հազ. դրամով։ ՀՀ գյուղնախարարության սպասարկումների աջակցության բաժնի պետ Արամ Միքայելյանի հավաստմամբ, այսօր ամեն ինչ արվում է պարարտանյութի վաճառքն ու իրացումը վերահսկելու համար։ Աճուրդներին մասնակցելու իրավունք ունեն միայն տվյալ մարզի բնակիչները։ Սովորաբար դրանք լինում են գյուղապետները, որոնք պարտավորվում են պարարտանյութը վաճառել միայն համայնքի անդամներին։ Ապահովության համար յուրաքանչյուր աճուրդի արդյունքները հրապարակվում են մամուլում, այսինքնՙ եթե պարարտանյութը գյուղացուն չհասնի, նա այդ մասին կարող է տեղեկանալ մամուլից։ Իհարկե, սա շատ խոցելի միջոց է, եթե նկատի առնենք գյուղացուՙ մամուլի հետ շփվելու սովորույթն ու հնարավորությունները։ Ինչեւէ, ազոտական պարարտանյութի ձախ վաճառքը բացառելու խնդիրը նաեւ իրավապահ մարմինների գործն է։ Վերջին հաշվով, ցանկության դեպքում, վերավաճառքի դեպքերը հեշտությամբ կարելի է բացառել, քանի որ ներկայացվող պարարտանյութը լիովին տարբերվում է շուկաներում շրջանառվողՙ հիմնականում Վրաստանից ներմուծված պարարտանյութերից ե՛ւ փաթեթավորմամբ, ե՛ւ պիտակավորմամբ, ե՛ւ գույնով։
Առաջներում ազոտական պարարտանյութի խնդիրը հեշտությամբ լուծվում էր տեղում։ Սակայն արդեն 10 տարի չի աշխատում Վանաձորի քիմիական գործարանը, իսկ դրա վերագործարկումը, առավել եւս նոր տեխնոլոգիայով ու նոր պահանջների համապատասխան, հսկայական միջոցների հետ է կապվում։ Պարարտանյութի դեֆիցիտի խնդիրը լուծելու համար առայժմ այլ միջոցներ են կիրառվում։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի Ռուսթավիի գործարանի հետՙ տարեկան գոնե 30 հազ. տ պարարտանյութ ներկրելու վերաբերյալ։ Սակայն սա էլ խնդրի լուծման արագ ուղի չի նշում, քանի որ Ռուսթավիի գործարանը, կապիտալ նորոգումների անցկացման պատճառով, դեռեւս չի աշխատում։
Արամ Միքայելյանի հավաստմամբ, ոլորտի մեկ այլ, նույնպես լուծում պահանջող կարեւոր խնդիր է արդեն 10, 20 տարի մարզային պահեստներում սփռված ժամկետանց բուժանյութերից ու դեղանյութերից ազատվելու խնդիրը։ Իրենց բաղադրությամբ դրանք միանգամայն վտանգավոր են, եւ չի կարելի թողնել հենց այնպես, բազաներում կուտակված։ Դրանց քանակը տասնյակ տոննաների է հասնում։ Այժմ դրանք գույքագրվում են, իսկ թե ինչպես կոչնչացվեն, կորոշեն քիմիկոսները։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ