Մարտի 27-ին «Ազգը» կարծիք էր հայտնել Պենտագոնի գլխավոր խորհրդական Ռիչարդ Փեռլի հնարավոր հրաժարականի մասին։ Կարծիքի համար հիմք էր ծառայել «Նյու Յորք թայմսի» հրաժարականի կոչը։ Ամերիկյան այս թերթը դա պայմանավորել էր նախագահ Ջորջ Բուշի վարչակարգից Փեռլի անհապաղ հեռացման անհրաժեշտությամբՙ մատնանշելով. «Եթե հակաիրաքյան պատերազմում ԱՄՆ-ը մատնվի անհաջողության, ապա դրա պատասխանատվությունը մեծապես ընկնելու է Փեռլի վրա»։
Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ։ Այն պարզ պատճառով, որ Փեռլը նախագահ Բուշին Իրաքի դեմ պատերազմի դրդող գլխավոր դերակատարն է։ Մարտի 10-ի եւ 26-ի համարներում թուրքական «Ենի շաֆաքն» էլ, հենվելով ամերիկյան աղբյուրների վրա, գրում է ԱՄՆ-ի հրեական լոբբիի վրա Փեռլի մեծ ազդեցության մասին, բացահայտում նրա սերտ կապը Իսրայելի կառավարող շրջանակների հետ, եւ նրան համարում է Պենտագոնի «գորշ կարդինալը»։ Ամերիկյան «Ջոռնլ» պարբերականի խմբագիրներից Ֆիլիպ Թերզյանն իր հերթին նշում է, որ Փեռլն ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցի հետ Բուշի վարչակարգում թուրքամետ տարր է։
Իրաքի դեմ պատերազմում ԱՄՆ-ի դժվարությունները, ըստ ամենայնի, ակնհայտ են, եւ Փեռլնՙ իբրեւ դրա սանձազերծման գլխավոր պատասխանատու, հրաժարական է ներկայացրել։ Այդ մասին մարտի 28-ի առավոտյան հաղորդեց թուրքական հանրային հեռուստատեսությունը։ Հաղորդման համաձայն ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, ընդունելով խորհրդականի պաշտոնից Փեռլի հրաժարականը, հույս է հայտնել, որ նա կշարունակի իր խորհուրդներով օգտակար լինել Պենտագոնին։
Փեռլի հրաժարականը ցույց է տալիս, որ ամերիկյան վարչամեքենայում կլինեն նաեւ այլ հրաժարականներ։ Մնում է ենթադրել, որ Անգլիայի վարչապետ Թոնի Բլերն էլ կհաշտվի հրաժարականի պահանջների հետ եւ կհաջորդի Փեռլին։ Ի վերջո, նրա հրաժարականի հարցը երկրի օրակարգում է, իսկ Իրաքում ռազմական գործողությունների ընթացքն ամենեւին հուսադրող չէ նաեւ անգլիական զորքերի համար։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ