«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2003-03-27 | #59, 2003-03-28 | #60, 2003-03-29


ԱՊՕՐԻՆԻ ՆԵՐԳԱՂԹՅԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՃԱՄԲԱՐՆ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ԿՈՒԲԱՆՈՒՄ

ԿՐԱՍՆՈԴԱՐ, 28 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների առաջին ճամբարն ստեղծվելու է Կուբանում։ Այդպիսի որոշում է ընդունվել Կրասնոդարի երկրամասի Անվտանգության խորհրդի հերթական աշխատանքային խորհրդակցությունում, որը տեղի է ունեցել երկրամասային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Տկաչովի նախագահությամբ։ Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են «ՌԴ տարածքում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին» օրենքի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը։ Անվտանգության խորհրդի քարտուղար, փոխնահանգապետ Ալեքսանդր Սիդորենկոն մի քանի թիվ է նշել. ապօրինի ներգաղթի մակարդակը տարեկան կազմում է մինչեւ 250 հազար մարդ այն դեպքում, երբ Կրասնոդարի երկրամասի բնակչության խտությունը վեց անգամ գերազանցում է ռուսաստանյան միջինը։ 2002 թվականին Կուբանում գաղթի օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության է ենթարկվել 39 հազար մարդ, այդ թվումՙ Հայաստանի Հանրապետության 7,5 հազար քաղաքացիներ, Ուկրաինայիՙ 6 հազար քաղաքացիներ, առանց որեւէ քաղաքացիությանՙ 5,6 հազար մարդ։ Արդյունքում 448 մարդ արտաքսվել է երկրամասի տարածքից, ավելի քան 3 հազարը Կուբանից հեռացել է կամավորՙ համապատասխան մարմինների հսկողության ներքո։

Քննարկելով իրավիճակըՙ Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել 400 մարդուց բաղկացած երկրամասային գաղթի տեսչություն եւ ապօրինի ներգաղթյալներին ժամանակավոր պահելու համար ճամբարներ ստեղծելու մասին, որոնք, ըստ օրենքի, ենթակա են Կուբանից արտաքսման։

Առաջին այդպիսի ճամբարը, ինչպես գրում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, ստեղծվելու է Ադլերի շրջանում, որն այդ առումով ամենաանբարենպաստներից մեկն է։ Այն նախատեսված է վարչական կարգով արտաքսման ենթակա 50-100 օտարերկրյա քաղաքացիների համար։ Նման ճամբարներում ապօրինի գաղթյալը կպահվի այնքան ժամանակ, քանի դեռ գործադիր եւ դատական իշխանությունը նրա վերաբերյալ որոշում չեն ընդունի։ Իսկ մինչ այդ որոշման ընդունումը ապօրինի գաղթյալը կապրի բնականոն մարդկային պայմաններում։ Գաղթի հանձնաժողովի աշխատանքի եւ արտաքսման ենթակա գաղթյալների ճամբարների ֆինանսավորումը կատարվելու է երկրամասային բյուջեի միջոցներից։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4