«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2003-03-28 | #60, 2003-03-29 | #61, 2003-04-01


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵՎ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀՌԱԿ ԱԿՏԻՎԻ ՀԵՏ

Հայաստանում այս եւ առաջիկա տարիներին ՀՌԱԿ-ի հետ իրականացնելիք ծրագրերի շուրջ մանրամասնյալ բացատրություններ տալու եւ այդ կապակցությամբ առաջարկություններ լսելու նպատակով Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը հինգշաբթի օրը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ նույն միության ղեկավար խորհրդի անդամ Անդրանիկ Միհրանյանի հանդիպումը ՀՌԱԿ Երեւանի ակտիվի հետ, Թեքեյան կենտրոնում։

Ինչպես ներածական խոսքում ասաց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, սկզբնապես որոշվել էր հանդիպմանը հրավիրել ՀՌԱԿ-ի հանրապետական ողջ ակտիվին, սակայն վատ եղանակի պատճառով կարողացել էին ներկա գտնվել միայն մայրաքաղաքի մոտակա շրջաններից եկողները։ Ռ. Միրզախանյանը հակիրճ ներկայացրեց օրվա հյուրերին, ինչպես նաեւ հանդիպմանը ներկա գործարար, Երեւանի DCA եւ JCA գործարարների տնօրենների խորհրդի նախագահ, ԱԺ առաջիկա ընտրություններում ՀՌԱԿ համամասնական ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գագիկ Աբրահամյանին, եւ անդրադարձավ նույն օրն առավոտյան Գիտությունների ազգային ակադեմիայում կնքված հնգակողմ պայմանագրին, որի նպատակն է առաջին հերթին օգնության հասնել խստաշունչ ձմեռվա հետեւանքով բերք ստանալու դժվարության առաջ գտնվող գյուղացիությանը։

Արա Աբրահամյանը մանրամասնորեն ներկայացրեց Ռուսաստանի հայերի միության եւ ՀՌԱԿ-ի համախոհությամբ ստեղծված այդ ծրագրի կետերըՙ թունաքիմիկատների մատակարարում գյուղացիությանը, Հայաստանում յուրաքանչյուր դպրոցի համակարգչային առնվազն մեկ դասարանով ապահովում, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ արցախյան հերոսամարտի հաշմանդամներին տրվելիք օգնություն, ԼՂՀ կառավարության միջոցով Արցախում առաջնահերթ մի շարք ծրագրերի ֆինանսավորում եւ, վերջապես, մանր ու միջին գործարարության խթանում։ Նա մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ Ռուսաստանի հայերի միության եւ առաջիկայում կազմվելիք Հայերի համաշխարհային միության գլխավոր նպատակն է լինելու ամրապնդել հայոց պետականությունը, նպաստել նրա բարգավաճմանը։

Այդ խոսքերի տեսական հիմնավորումը, բնականաբար, ներկայացրեց հայտնի քաղաքական մեկնաբան Անդրանիկ Միհրանյանը։ Նրա խոսքերով, այժմ երբ Հայաստանն ունի պետականություն, այլեւս անհեթեթ է, որ սփյուռքում ապրող հայերը գետտոյական մտածողությամբ առաջնորդվեն։ Անկախ պետականությունը ստիպում է բոլորովին այլ, ավելի բաց մտածողությամբ մոտենալ հարցերին եւ որոշել առաջնահերթություններն ու աշխատել դրանց իրականացման ուղղությամբ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4