Վանաձորը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսության համար վաղուց արդեն գործունեության լայն դաշտ է ապահովել։ Լոռու մարզկենտրոնի բնակիչները ոչ միայն սիրով դառնում են կուսակցության համակիրներ, այլեւ համալրում են նրա շարքերը։
Այսպես էր նաեւ այս անգամ, երբ Վանաձորում էր ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը։ ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ, Լոռու շրջանակի ատենապետ Ֆերդինանդ Հարոյանի հետ նրանք ներկա գտնվեցին կուսակցական սկզբնական նոր կազմակերպությանՙ «Նարեկ» ակումբի ձեւավորմանը (ատենապետ ընտրվեց Արտակ Մարուքյանը)։ Բացի այդ արդեն գործող «Քիմիագործ», «Վան», «Կենտրոն», «Տարոն» ակումբները համալրվեցին 48 նորագիրներով։
Անկեղծ ու բաց խոսակցության ժամանակ ինչպես կուսակցության Հանրապետական վարչության ներկայացուցիչները, այնպես էլ հին ու նոր անդամները մեծ կարեւորություն տվեցին ԱԺ գալիք ընտրություններին, ճշմարիտ գնահատելով նախագահական անցած ընտրությունները։ Ազատական կարգերը, մասնավոր եւ պետական ձեռնարկությունների համակցությամբ գործող տնտեսական համակարգը զարգացնելու ՀՌԱԿ ծրագիրը լայն հնարավորություններ է ստեղծում աշխատել կարողացող եւ աշխատել սիրող մարդու համար։ Դա է պատճառը, որ կուսակցության անդամների թիվն ավելանում է։
Ս. Մ.