Դեռ շարունակվում են նախագահական ընտրությունների, դրանց արդյունքների հետ կապված խոսակցություններն ու դժգոհությունը, մինչդեռ արդեն սկսվել է ԱԺ ընտրությունների նախապատրաստման գործընթացը։
Մարտի 5-ից հետո դեռեւս երկար շարունակվում էին անգամ դժգոհություններըՙ կապված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքների հետ։ Օրերս էլ պարզ կդառնա նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի ճակատագիրը։
Ըստ էության կարելի է արձանագրել, որ, գլոբալ մակարդակով, նախագահական ընտրություններն ու դրա հետ կապված գործընթացները չեն ավարտվել։
Սակայն, միեւնույն ժամանակ, ԱԺ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումներից մի քանիսն իրականացվել են։ Մասնավորապես, համաձայն յուրաքանչյուր տարածքում հաշվառված ընտրողների թվիՙ կազմավորվել եւ համարակալվել են ընտրատարածքները, սահմանվել եւ հրապարակվել են համարակալված ընտրատարածքների ցուցակն ու գծապատկերը։
Մինչեւ մարտի 16-ը ԿԸՀ եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվել ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը։ Ինչպես նաեւ մինչեւ մարտի 26-ը հանձնվեցին պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներըՙ ստորագրահավաքը կազմակերպելու համար։
Արդեն իսկ կուսակցությունների, դաշինքների եւ նախաձեռնող խմբերի կողմից ԿԸՀ կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում ԱԺ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Մինչեւ ապրիլի 10-ը պարզ կդառնա, թե ովքեր կներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը։ Իսկ ապրիլի 15-ից մինչեւ ապրիլի 20-ը, ժամը 18-ը տեղի կունենա, այսպես ասած, ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածների գրանցումը։
Ա. Հ.