Ամերիկյան AMCOR կազմակերպությունը շուրջ 6 տարի միկրովարկային ծրագրեր է իրականացնում ԼՂՀ-ում, որոնց նպատակն է նորանկախ հանրապետությունում խթանել մանր ու միջին բիզնեսի զարգացումը։ Ցածր տոկոսադրույքներով վարկերը տրվում են տարբեր ծրագրեր իրականացնելու, այդ թվում նաեւՙ գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու համար։ Ընդ որում, ծրագիրն առ այսօր նախատեսված էր միայն կանանց վարկավորելու համար։ Անցած տարիներին AMCOR-ը Ստեփանակերտի իր գրասենյակի միջոցով վարկեր է տրամադրել ավելի քան 14000 հոգուՙ շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ ընդհանուր գումարով։
«Արեգակ». այսպես են Ստեփանակերտում կոչում վերոհիշյալ ծրագիրը։ Վարկային այս նախաձեռնությունը արդարացրել է իրեն, ինչի մասին ընդհանուր տեսակետով վկայում են թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում եւ թե՛ հանրապետության շրջաններում։ Ոչ քիչ թվով վարկառուներ, այս ծրագրի շնորհիվ, այսօր բիզնեսի տարբեր ոլորտներում շոշափելի հաջողությունների են հասել։
«Արեգակ»-ը մտադիր է առաջիկայում ավելի ընդգրկուն ծրագիր իրականացնելՙ ընդլայնելով վարկառուների քանակը եւ վարկային գումարի ծավալները։ Օրերս, գտնվելով Ստեփանակերտում, ծրագրի տնօրեն Մարիամ Եսայանը նշել է, որ իրենք նպատակ ունեն այդ կերպ մեղմել սոցիալական ծանրաբեռնվածությունը հանրապետությունում։ Այդ նպատակով այսուհետեւ վարկեր տրամադրվելու են ոչ թե պարզապես արցախցի կանանց, այլ ընտանիքներին, որոնք կարող են փոխառու միջոցները շջանառության մեջ դնելովՙ բարելավել իրենց սոցիալական վիճակը։
Ըստ Մ. Եսայանի, միկրովարկային ծրագրի երկու փուլ անցած անձանց կտրվեն արտոնություններ։ Մասնավորապես, առաջին 6 ամսում նրանք մուծելու են միայն տոկոսները, որից հետոՙ նոր միայն մարվելու է մայր գումարի շահաբաժինը։ Հատկանշական է, որ «Արեգակ»-ը փոխառուներից չի պահանջում նյութական գրավ, եւ վարկառուները գործնականում չեն չարաշահում այդ վստահությունը։
Իսկ ամենակարեւորն այն է, որ նոր ծրագրով ընտանեկան փոխառությունները կտրամադրվեն ոչ թե նախկինի պես 300-500 ԱՄՆ դոլարի, այլ մինչեւ 3000 դոլարի սահմաններում, որը հնարավորություն կտա վարկառուներին ավելի մեծածավալ տնտեսական ծրագրեր իրականացնել։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ