«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2003-03-28 | #60, 2003-03-29 | #61, 2003-04-01


ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՈՒ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Այսօր մեր աչքի առաջ համաշխարհային քաղաքակրթություն է ավերվում

Ասում են, որ մեկ մարդու սպանությունը ողբերգություն է, հազարավորների մահըՙ վիճակագրություն։ Գոնե այսպես է պատերազմական իրադրություններում։ Նաեւ այժմ, երբ ամերիկյան ու անգլիական ուժերն անբարոյականությամբ աննախընթաց մի պատերազմ են սկսել Իրաքի դեմ։ Որքանով էլ ԱՄՆ նախագահ Բուշ կրտսերը փորձի աշխարհին ապացուցել, թե այս պատերազմը մղվում է բռնակալ Սադդամ Հուսեյնի վարչակարգը տապալելու, միջազգային ահաբեկչության կենտրոնատեղիներից մեկը վերացնելու համար, այս պատերազմը բնավ չի արդարացվում միջազգային հանրության կողմից։ Տնտեսագետներն ամերիկա-անգլիական ներխուժումը բացատրում են տնտեսական, ավելի շատՙ նավթի գործոնով։ Բայց շատ քիչ է խոսվում այն մասին, որ այսօր մեր աչքի առաջ համաշխարհային մշակույթի բնօրրաններից մեկն է ավերվում։

Ընդամենը 400 տարվա պատմություն եւ սեփական ազգային մշակույթ չունեցող մի երկիրՙ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ամենաանհեթեթ պատճառաբանություններով շարունակում է վաղուց որդեգրած մի քաղաքականություն. նպատակին հասնելու համար կանգ չառնել ոչ մի բանի առաջ եւ սեփական արժեքները գերակա համարել բոլորի նկատմամբ։ Ուշադրությամբ հետեւելով պատերազմի մարտադաշտերից տրվող ռեպորտաժներինՙ զգում ես, որ ամենաբարձրաստիճան գեներալից մինչեւ ամենաշարքային զինվորը (հատկապեսՙ ամերիկյան) բնավ ցավ չեն զգում մշակութային արժեքների ոչնչացման համար։

Վերջին օրերին ցուցադրվեց Իրաք ներխուժած ամերիկյան զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ Բրունքսի մամլո ասուլիսի մասին պատմող ռեպորտաժը, որի ժամանակ Բրունքսը Քաթարում ցուցադրում էր տեսագրություններ, որոնց օգնությամբ փորձում էր բացատրել, թե ինչ ճշգրտությամբ են խոցվում հրասայլերը կամ զինապահեստները, եթե դրանք գտնվում են անգամ հիվանդանոցներում կամ բազմահազար տարիներ առաջ կառուցված պալատների, դամբարանների հարեւանությամբ։ Այս «քաջարի» զինվորականը ճգնում էր ապացուցել, որ հրասայլի պայթեցման ժամանակ խաղաղ բնակիչներից զոհեր չեն լինի կամ պատմամշակութային արժեքներին վնաս չի հասցվի։ Բնական է, հաստագլուխ զինվորականը լոկ հավատում է իր ճշմարտությանը։ Իսկ օդաչուներից մեկն ավելի ազնիվ գտնվեց ու ասաց. «Բոլոր տեսակի պայմանագրերը, դաշնագրերը, հռչակագրերը գրում են քաղաքագետները։ Իսկ զինվորը միայն մեկ հռչակագիր, մեկ Աստվածաշունչ ունիՙ զինվորական կանոնադրությունը»։

1954 թ. Հաագայի միջազգային կոնֆերանսը հռչակագիր ընդունեց ռազմական գործողությունների ժամանակ պատմամշակութային արժեքների պահպանման մասին։ Եթե Մ. Նահանգները մինչ օրս չի ստորագրել այս հռչակագիրը, ապա Անգլիան կամ Իսպանիան այն գոնե ստորագրել են։ Այդ հռչակագրով խիստ պատիժներ են սահմանված այն երկրների համար, որոնք կավերեն պատմամշակութային արժեքները։ Սակայն ի՜նչ հոգ։

Մի քանի օր էր անցել պատերազմի սկզբից, երբ ամբողջովին ավերվեց 1200-ամյա Բաղդադում գտնվող միապետների նախկին ապարանքըՙ Ծաղիկների պալատը։ Զգալիորեն վնասվել է ալ Մուսանսիր համալսարանի շենքը, համալսարան, ուր դեռեւս 13-րդ դարում մաթեմատիկա, փիլիսոփայություն եւ օրենսգիտություն էին ուսումնասիրում։ Ստացված վերջին տեղեկությունների համաձայն դեռեւս չեն վնասվել պատմամշակութային այնպիսի կարեւոր արժեքներ, որպիսիք են Բաղդադում գտնվող Սուբայդների դամբարանը կամ Մուսա ալ Քադիմի ոսկե մզկիթը։ Բայց կարծում ենք, որ դրանց պահպանման համար էլ ոչ մի երաշխիքներ չկան։

Վեց ու կես հազարամյակ գոյատեւած Միջագետքի մշակույթն ավերման եզրին է։ Այսօր Իրաքում զավթողական, ավերիչ պատերազմ մղող զինվորականները վաղն ինչպե՞ս կարող են արդարանալ, եթե, Աստված չանի, ավերվեն Շամիրամի կախյալ այգիներըՙ աշխարհի 7 հրաշալիքներից մեկը։ Մի՞թե հնարավոր չէր որոշ երկրների նախագահների, վարչապետների, բարձրագույն ռազմական ակադեմիաներ ավարտած գեներալ բրունքսների համաշխարհային քաղաքակրթության տարրական գիտելիքներ հաղորդել, բացատրել, որ Բաղդադից ընդամենը 90 կմ հեռու գտնվող Բաբելոնը եւս մեկ անգամ պետք չէ ավերել, որ Իշտարի դարպասների անգամ մոտակայքում պետք չէ ռումբեր պայթեցնել, որ Սասանյան արքայական տոհմի պալատների հռչակավոր հուշասյունը կամ Մուհամեդի հետեւորդների դամբարանը սոսկ Իրաքի պետության հարստությունները չեն, այլՙ ողջ աշխարհի, ողջ մարդկության, բոլոր ժամանակների։

Գրեթե 4 հազար տարի առաջ այսօրվա Իրաքի տարածքում օրենսդրական փաստաթղթեր ստեղծվեցին, որոնք դարեր շարունակ օրենսդրական մտքի հիմնաքարեր դարձան շատ ու շատ ժողովուրդների համար։ Բաբելոնի Համմուրաբբի թագավորի բազալտի վրա սեպագրերով արված օրենքներն այսպես են կարդացվում. «Եթե մարդը խոյ կամ այծ է գողացել, ապա պետք է փոխհատուցի եռակի թանկ գնով... Եթե մեկը տուն է ավերում, ապա պետք է նա հենց այդ տան առաջ սպանվի եւ թաղվի...»։ Եթե շումերների եւ աքքադների հեռավոր հետեւորդներ իրաքցիները փորձեն իրականություն դարձնել Համմուրապպիի օրենքները, պիտի նրանց մեղադրե՞նք։

Աշխարհի հարգարժան գիտնականներից մեկըՙ Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին ցավով հայտարարեց. «Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան ավերում են յուրօրինակ մի երկիր-թանգարան, երկիր, ուր ծաղկել է շումերա-աքքադական մշակույթը, ուր ստեղծվել է մարդկության առաջին գիրըՙ շումերականը»։

Ես հասկանում եմ նրանց, ովքեր այս օրերին իրենց ստացած մրցանակներով են հրճվում, ովքեր իրենց սեփական ողբերգություններն են լալիս։ Ամեն մարդկայինը օտար չէ հողեղեն-մարդուն։ Հասկանում եմ իրենց, բայց չեմ ընդունում։ Այսօր մարդկության դարավոր քաղաքակրթության կարեւորագույն օջախներից մեկն է ավերվում։ Ես հեռատեսիլով տեսնում եմ Բասրայի դաժան, բայց հաջողված ռմբակոծությունից վերադարձած, փայլող դեմքով զինվորականին, որն անգամ մտքով չի անցկացնի, թե իր ռմբակոծած քաղաքումՙ Բասրայում ժամանակին ծաղկել է աստվածաբանությունը, ստեղծվել է արաբական դասական քերականությունը։ Ես չեմ հասկանում այն զինվորին, ով այսօր ռումբեր է նետում աստվածաշնչյան եդեմի տեղանքի վրա, եւ վաղը, տուն գնալով, իր կողքին միշտ ունենալու է Աստվածաշունչը։ Չեմ հասկանում այս պատերազմի ամեն մի բացատրություն։ Չեմ ընդունում։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4