ԲԱՔՈՒ, 31 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանում այսօր նշվում է, այսպես հորջորջված, «ադրբեջանցիների ցեղասպանության» օրը, որն իբր իրականացրել են հայերը։ Այդ օրվա կապակցությամբ իր ժողովրդին ծավալուն ուղերձ է հղել Հեյդար Ալիեւը։ Ըստ Ադրբեջանի նախագահի, ադրբեջանցիների ցեղասպանությունը «ազգայնական հայերն արել են օտարերկրյա հովանավորների օգնությամբ, 200 տարի շարունակ սպանելով, ջարդելով եւ, ի վերջո, վտարելով ադրբեջանցիներին դարեր շարունակ նրանց պատկանող պատմական հողերից եւ ստեղծելով այդ տարածքում սեփական պետություն»։ «Մեր ժողովրդի բազմադարյան պատմությունը խեղաթյուրվեց, աղավաղվեց, իսկ հայերը ներկայացան իբրեւ հարուստ եւ հնադարյան պատմություն ունեցող մի ազգ», ըստ «Ազատության», ասել է Ալիեւը։