Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ մարտի 17-ինՙ գաղթի խնդիրներին նվիրված խորհրդակցությունում Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի ունեցած ելույթի տարելիցի նախօրեին, Աբինսկում կանգնեցվել է նրա խոսքերի «կենդանի հուշարձանը»։ Այն կազմված էր մեսխեթցի թուրք մի խումբ երեխաներից, որոնք բռնել էին մեկ մարդաբոյ բարձրությամբ ոստիկանական ճտքակոշիկի ներբան։ Վրան գրված էր «Յան-ով, ձե-ով, շվիլի-ով եւ օղլի-ով ավարտվող ազգանունները եւ դրանց տերերն անօրինական են։ Made in Tkachev»։
Նահանգապետի այդ խոսքերը ժամանակին հրապարակեցին մի շարք կենտրոնական լրատվամիջոցներ, բայց ինքըՙ Տկաչովը, հետագայում հրաժարվեց հեղինակային իրավունքից եւ հրապարակումներն անվանեց «ստահոդ»։
Կուբանի ամենատարեց հայուհին ապրում է Սոչիում
Սոչիից ոչ հեռու գտնվող Պրիմերնոյե ավանում է բնակվում Գոհար Սեդրակի Մելեթյանը, որի 100-ամյակը լրացավ վերջերս։ Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը գրում է, որ մինչեւ 63 տարեկան հասակը նա բանջարաբուծությամբ է զբաղվել «Ադլերսկի» խորհրդային տնտեսությունում։
Իր երկարակեցությունը Գոհար Մելեթյանը բացատրում է նրանով, որ մոտ է եղել բնությանը, աշխատել է առավոտից երեկո եւ ապրել մեծ ու համերաշխ ընտանիքումՙ որդու, հարսի, երկու թոռների եւ ծոռան հետ։ Նրա կարծիքով, նման պայմաններում ծերանալու համար ժամանակ չի մնում։