ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Զանգվածային լրատվության մասին» նոր, հերթական օրենքի նախագիծը վերստին իրարամերժ գնահատականների է արժանացել։ Այն, իհարկե, անհամեմատելի է օրենքի նախագծի սկզբնական տարբերակի հետ։ Զգալի են փոփոխությունները նաեւ առաջին տարբերակի համընդհանուր մերժմամբ պայմանավորված նորՙ երկրորդ տարբերակի համեմատ։ Սակայն այս, թվով երրորդ օրենքի նախագծում եւս կան անընդունելի եւ վիճելի դրույթներ, որոնց մի մասն առկա էր նաեւ նախորդ տարբերակում։ Մեր թերթի խմբագրակազմի դիտողություններն ու առաջարկներն այդ ժամանակ ներկայացրինք արդարադատության նախարարություն։ Սակայն դրանցից մի քանիսի մասին ստիպված ենք վերստին գրել, քանի որ խորհրդարանի հաստատմանը ներկայացված տարբերակում դրանք հաշվի չեն առնվել։ Բնականաբար, նոր նախագիծն առաջ է բերել նաեւ նոր դիտողություններ։
Օրենքի 4-րդ «Խոսքի ազատության ապահովման երաշխիքները» հոդվածի 5-րդ կետում նշված են այն դեպքերը, երբ կարելի է լրատվամիջոցների տարածումը սահմանափակել։ Չգիտես ինչու, այդ դեպքերի շարքում, բացի ռազմական դրությունից, սահմանադրական կարգին սպառնացող վտանգից, նշված է նաեւ արտակարգ իրավիճակը։ Ընդ որում, որեւէ կերպ չի սահմանվում, թե ինչ է դա նշանակում։ Մեր ընկալմամբ, դա տեղի է ունենում տարերային կամ տեխնածին աղետների դեպքում։ Եթե այդ ժամանակ լրատվամիջոցը կարողանում է հրապարակվել եւ տեղեկատվություն տարածել, ապա դա ոչ թե սահմանափակման, այլ գովեստի է արժանի։ Հետեւաբար, «արտակարգ իրավիճակ» բառակապակցությունն այստեղ հարկ է հանել։
Կարծում ենք, որ անընդունելի է հոդված 6-րդում ամրագրված լրագրողի հավատարմագրման կարգը, որը պետք է սահմանեն հավատարմագրող պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները։ Մեր համոզմամբ, դա չպետք է լինի այդ կառույցների «ներքին ակտի» հիման վրա, քանի որ դա էապես խոչընդոտում է տեղեկատվություն ստանալու լրագրողի հնարավորությանը եւ կամայականությունների դաշտ բացում տվյալ կազմակերպության կամ պետական մարմնի կողմից տեղեկատվություն տրամադրելու հարցում։ Ներքին ակտի հիման վրա օրենքի նախագծում ներկայացվող պահանջները, փաստորեն, հաստատում են վերոնշյալ մտավախությունները։ Այս հոդվածն ամբողջովին վերափոխման կարիք ունի։ Հիմնական հավատարմագրման հարցի առնչությամբ անհրաժեշտ է սահմանել լրագրողական դաշտի եւ օրենքի հեղինակների փոխհամաձայնեցված օրինակելի կարգ, որով պետք է ղեկավարվեն բոլոր պետական մարմիններն ու այլ կազմակերպությունները։ Այս հոդվածի 6-րդ ենթակետում անհասկանալի է նաեւ, թե ինչ է նշանակում «ողջամիտ ժամկետը», որը նախատեսված է մամուլի ասուլիսների վայրի եւ ժամանակի մասին տեղեկացնելու համար։
Խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիության մասին 8-րդ հոդվածի 3-րդ կետն իր ենթակետերով ընդհանրապես անհասկանալի է։ Այդ նույն «հայերենով» այս դրույթն ամրագրված էր նախկին տարբերակի 11-րդ հոդվածում, ինչն իսկապես հայերեն վերաշարադրելու մեր առաջարկը, փաստորեն, անտեսվել է։
Սկզբունքային առարկություն էինք ներկայացրել (որը հաշվի չի առնվել) հերքման եռամսյա ժամկետ սահմանելու առնչությամբ։ Այդ ժամանակահատվածում իրադարձությունները կարող են արմատապես փոխվել եւ այն, ինչ համապատասխանում էր իրականությանը երեք ամիս առաջ, կարող է չհամապատասխանել երեք ամիս հետո։ Այստեղ կարելի է բավարարվել առավելագույնը 7 կամ 10 օրվա ժամկետով։ Նույն 9-րդ հոդվածի 1-ին կետում նշված «եթե տարածված տեղեկատվությունն արատավորել է անձի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը» նախադասության մեջ անհրաժեշտ է ավելացնել «հանիրավի» բառը։ Այսինքնՙ եթե տարածված տեղեկատվությունը զրպարտություն է կամ թյուրիմացության հետեւանք։ Այլապես անձն ինքը կարող է թույլ տալ իր պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավն արատավորող գործունեություն եւ այդ մասին տեղեկատվություն հրապարակող լրատվամիջոցից պահանջել հերքում։
Նույն հոդվածով նախատեսվում է հերքման հետ մեկտեղ պատասխանի հրապարակման իրավունք։ Միաժամանակ նշվում է, որ «հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակմամբ»։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու է դրանից մի փոքր վերեւում ասվում, որ անձը հերքման պահանջի հետ իրավունք ունի պատասխանի հրապարակում պահանջելու։ Այստեղ պարզապես անհրաժեշտ է գրել, որ անձն ունի հերքման կամ պատասխանի իրավունք։
Եվ վերջապես, ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության մասին։ Մեր կողմից առաջարկվել էր այս հոդվածը հանել, քանզի կարող է գործիք հանդիսանալ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար։ Արդարադատության նախարարության կողմից, ճիշտ է, որոշակի մեղմացում արվել է։ Նախկին տարբերակում պահանջվում էր նշել լրատվամիջոցի համախառն եկամտի եւ ընդհանուր ծախսերի գումարները, եկամտի աղբյուրները, եկամտի չափն ըստ եկամտի յուրաքանչյուր աղբյուրի, փաստացի կատարված ծախսերի չափերն ըստ առանձին ուղղությունների։ Այժմ պահանջվում է հրապարակել միայն համախառն եկամտի եւ դրա կազմում նվիրատվությունների մասնաբաժնի չափերն ու նվիրատվություններ կատարած ֆիզիկական անձանց անունները եւ իրավաբանական անձանց անվանումները։ Սակայն վերջինՙ անվանումներ հրապարակելու պահանջը շարունակում է սպառնալիք հանդիսանալ լրատվամիջոցների համար։ Հարկ ենք համարում ընդգծել, որ այս հոդվածը դանդաղ գործողության ական է եւ անհրաժեշտ է կամ ընդհանրապես հանել, կամ հանել գոնե 2-րդՙ անուններ եւ անվանումներ հրապարակելու մասին կետը։
Այս ամենով հանդերձ, կցանկանայինք արձանագրել, որ որոշակի առաջընթաց, նախորդող օրենքի նախագծի համեմատ, ներկայացված փաստաթղթում առկա է։ Սակայն դա չի նշանակում, որ այս տեսքով օրենքը կարելի է ընդունել։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ են ԶԼՄ-ների միասնական, բայց ոչ քաղաքականացված մոտեցումն ու գործնական քայլերը նախագիծը վերափոխելու ուղղությամբ։