«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2003-03-28 | #60, 2003-03-29 | #61, 2003-04-01


ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Միխայ Ստոյկիցայի հաղթական նորամուտը

Հայաստան¬Հյուսիսային Իռլանդիաՙ 1¬0 (0¬0)

Երեւան, 29 մարտի, «Հանրապետական» մարզադաշտ, 12 հազար հանդիսական։

Մրցավարՙ Ռ. Բեք (Լիխտենշտեյն)

Հայաստան ¬ Ռոման Բերեզովսկի, Եղիշե Մելիքյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան, Խոսե Բիլիբիո, Արթուր Պետրոսյան (Համլետ Մխիթարյան, 89), Արթուր Ոսկանյան, Ալբերտ Սարգսյան (Արթուր Մկրտչյան, 88), Արտավազդ Քարամյան (Աղվան Մկրտչյան, 87), Արման Քարամյան։

Հս. Իռլանդիա ¬ Մայք Թեյլոր, Աարոն Հյուգս, Գրանտ Մակքեն, Ստեֆեն Քրեյգան, Մարկ Ուիլյամս, Ստեֆեն Լոմաս, Քեյթ Գիլեսպի, Դեմիեն Ջոնսոն, Դեւիդ Հիլի, Ջեյմս Քուին (Ստյուարտ Էլիոտ, 71), Փոլ Մակվեյ։

Գոլը խփեց Արթուր Պետրոսյանը (86)։

Զգուշացվեցին Մելիքյանը, Հովսեփյանը, Քրեյգանը։

ՀՀ ազգային հավաքականը վերջապես հաղթեց։ Պաշտոնական մրցումներում մեր ֆուտբոլիստնեը գրեթե 3,5 տարի չէին ճաշակել հաղթանակի քաղցրությունը։ Վերջին անգամ հավաքականը հաջողության էր հասել 1999 թ. հոկտեմբերի 9-ինՙ հյուրընկալվելիս 3¬0 հաշվով հաղթելով Անդորրայի ընտրանուն։ Ընտրական մրցաշարերում անցկացրած 43 հանդիպումներում սա մեր հավաքականի ընդամենը 5-րդ հաղթանակն էր։ Խորհրդանշական էր, որ հաղթական գոլն իր հոբելյանականՙ 60-րդ խաղում խփեց հավաքականի ռմբարկու Արթուր Պետրոսյանըՙ գոլերի թիվը հասցնելով 10-ի։ Այս հաղթանակը նաեւ «Հանրապետական» մարզադաշտում հավաքականի անդրանիկ հաղթանակն էր։ Իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան մեր մարզիչներից միակն էր, որն իր նորամուտը պաշտոնական մրցումներում հաղթանակով նշանավորեց։

Հենց խաղասկզբից մրցակիցները մրցակցությանը բարձր տեմպ հաղորդեցին։ Դաշտի տերերի առաջին իսկ գրոհն ավարտվեց Արման Քարամյանի վտանգավոր հարվածով։ Հյուրերը պարտքի տակ չմնացին եւ քիչ անց Մակվեյի հարվածից հետո մեր հավաքականին վերահաս գոլից փրկեց դարպասի հորիզոնական ձողը։ Ընդհանրապես առաջին խաղակեսում հյուրերն ավելի գրագետ էին գործում եւ վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում։ Մեկ անգամ եւս Մակվեյը սպառնաց դարպասին, իսկ Հիլի գլխով հարվածից հետո գնդակը հրաշքով չհայտնվեց դարպասում։

ՀՀ հավաքականը գրոհները հիմնականում կազմակերպում էր աջ թեւով, որտեղ ակտիվ էր գործում Ալբերտ Սարգսյանը։ Առջեւի գծում Արման Քարամյանն էր, որին գրոհների ժամանակ միանում էին Արթուր Պետրոսյանն ու Արտավազդ Քարամյանը։ Երկու անգամ Պետրոսյանը ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Արման Քարամյանին, սակայն մի դեպքում նրան վայր գցեցին, մյուս դրվագում մեր հարձակվողը հապաղեց եւ կորցրեց գոլ խփելու լավ հնարավորությունը։ Ընդհանրապես առաջին խաղակեսում մեր թիմի գործողություններն աչքի չէին ընկնում հստակությամբ, կիսապաշտպաններին չէր հաջողվում կազմակերպել խաղը։

Բարեբախտաբար, ընդմիջմանը Ստոյկիցային հաջողվեց շտկումներ կատարել թիմի գործողություններում, վերադասավորել ուժերը։ Արդյունքում 2-րդ խաղակեսում Հայաստանի հավաքականը տիրեց նախաձեռնությանը եւ իր կամքն էր թելադրում մրցակցին։ Ճիշտ է, կրկին մեր ֆուտբոլիստները չէին կարողանում իրացնել գոլային պահերը։ Հարմար դիրքերից վրիպեցին Արման եւ Արտավազդ Քարամյաններն ու Պետրոսյանը, իսկ Սարգսյանի ու Դոխոյանի վտանգավոր հարվածները որսաց դարպասապահ Թեյլորը։ Տարվելով գրոհներով, մեր ֆուտբոլիստները 72-րդ րոպեին աչքաթող արեցին հյուրերի սուր հակագրոհը, որը կարող էր ճակատագրական դառնալ։ Հսկողությունից դուրս մնացած Հիլին հարվածեց դարպասին, բարեբախտաբար գնդակը մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտից։ Խաղը մոտենում էր ավարտին, սակայն մեր ֆուտբոլիստների ջանքերն ապարդյուն էին անցնում։ Եվ ահա, 86-րդ րոպեին վերջապես գնդակը հայտնվեց հյուրերի դարպասում։ Իր վարպետությամբ կրկին փայլեց հավաքականի ռմբարկու Արթուր Պետրոսյանը։ Արման Քարամյանից ստանալով գնդակը, նա մեծ արագությամբ ճեղքեց հյուրերի պաշտպանությունը, խաբուսիկ շարժումներով շփոթեցրեց պաշտպաններին եւ խփեց այնքան երկար սպասված հաղթական գոլը։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում տարած անդրանիկ հաղթանակն, ինչ խոսք, ուրախալի է։ Սակայն եթե անկեղծ լինենք, ապա հավաքականի ցուցադրած խաղը դեռեւս չի գոհացնում։ Շատերին զարմացրեց մեկնարկային կազմում Եղիշե Մելիքյանի ընդգրկումը, որն այդպես էլ չկարողացավ իրեն լիովին դրսեւորել։ Շատ թույլ հանդես եկավ Արթուր Ոսկանյանը, որին, կարծում ենք, իսպանացիների հետ խաղում պետք է փոխարինի Ռոմիկ Խաչատրյանը։ Անհանգստացնում է նաեւ առջեւի գծի խաղը։ Մեր ֆուտբոլիստներին չափազանց դժվար է ճեղքել մրցակցի պաշտպանությունը, իսպառ բացակայում են հեռահար հարվածները։ Զգացվում է ֆիզիկապես ամուր հարձակվողի պակաս, որն ի վիճակի լինի խաղալ հարձակման կենտրոնում։ Միայն Պետրոսյանի ճեղքումների վրա հույս դնել չի կարելի։ Այնպես որ, խաղի կազմակերպման, գրոհների արդյունավետությունը բարձրացնելու առումով Միխայ Ստոյկիցան բավական լուրջ աշխատանք ունի կատարելու։

Մրցաշարային աղյուսակ

6-րդ խումբ

Խ - Հ - Ո - Պ - Գ - Մ

1. Իսպանիա - 3 - 2 - 1 - 0 - 7¬2 - 7

2. Ուկրաինա - 4 - 1 - 3 - 0 - 6¬4 - 6

3. Հայաստան - 3 - 1 - 1 - 1 - 3¬4 - 4

4. Հունաստան - 3 - 1 - 0 - 2 - 2¬4 - 3

5. Հս. Իռլանդ. - 3 - 0 - 1 - 2 - 0¬4 - 1


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4