Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը (ATDA) եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Միջազգային գործադիր ծառայության կորպուսը (IESE) կազմակերպել էին զբոսաշրջության օտարերկրյա մասնագետների հերթականՙ երրորդ ճանաչողական այցը Հայաստան։ Մեր երկրից իրենց տպավորությունները լրագրողներին հայտնեցին 7 օր այստեղ գտնվող մեկ տուրգործակալության ղեկավար եւ մեկ լրագրող։ Եվս մեկ տուրգործակալության ներկայացուցիչ արդեն մեկնել էր եւ չէր մասնակցում «Հայաստան տեղեկատվություն» կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսին։
Շվեդական «Լինդենսոն թրավել» ընկերության ղեկավար Մարգոտ Լինդենսոնը եւ ամերիկյան «Ուորլդ թրավելերս նյուս» զբոսաշրջային հանդեսի թղթակից Պիտեր դե Ստեֆանոն համակարծիք էին, որ Հայաստանի ամենամեծ արժեքը նրա ժողովուրդն է։ Նրանք տպավորված էին մարդկանց հետ շփումներից եւ հյուրասիրությունից, ինչի մասին խոստացան պատմել եւ գրել հայրենիք վերադառնալուց հետո։ Լինելով Հայաստանի մի շարք բնակավայրերումՙ Եղեգնաձոր, Խոր Վիրապ, Երեւան, Սեւան, Դիլիջան, Իջեւան, մեր հյուրերը գլխավոր թերությունը համարեցին անհրաժեշտ ենթակառուցվածքների դեռեւս չձեւավորված լինելը։ Մասնավորապես մարզերում դեռեւս հյուրանոցների չափանիշները չեն բավարարում միջազգային զբոսաշրջության պահանջներին։
Մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացվեց նաեւ, որ նախատեսված է եղել ավելի մեծ թվով օտարերկրյա տուրգործակալությունների ներկայացուցիչների ժամանումը Հայաստան, որոնք, սակայն, չէին եկել իրաքյան պատերազմի պատճառով։
Ա. Մ.