Ապա կարելի է նաեւ հայրենիքին դավաճանել...
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ շարունակվեց Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ՀՀ 4 քաղաքացիների դատաքննությունը։ Կրկին ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Ալեքսանդր Գասպարյանը։ Նախաքննական ցուցմունքում նա նշել է, որ «Կրասնի մոստի» «չայխանայում» աշխատող Ալպաշան իրեն առաջարկել է Բաքու գնալ եւ այնտեղ գումար վաստակել։ Իր ցուցմունքի այս կետն Ալեքսանդրը չի հիշում, նա հիշատակում է Ղազախի անունը։
Նախաքննական ցուցմունքների եւ ներկա պատասխանների հակասականությունը շարունակվում է։ Ալեքսանդրի պաշտպան Ջուլիետա Հարությունյանը ակնարկում է, որ դրա պատճառը նախաքննության ժամանակ փաստաբանի բացակայությունն է։ Հարցաքննությունը, սակայն, կայացել է 2002 թ. օգոստոսին, եւ եթե նույնիսկ ցուցմունքների տեքստը կազմվել է օրինախախտմամբ, ապա մեղադրյալն այդ ընթացքում գրավոր բողոք ներկայացնելու բավարար ժամանակ ուներ։
Ալեքսանդրի երեւութական միամտությունը, թե իբր թյուրիմացաբար կամ խաբեության արդյունքում է հայտնվել Բաքվում, անհետանում է փաստերի ճնշման տակ։ Ալպաշայի հետ հանդիպելու համար դեպի Ադրբեջան ուղեւորվելիս նա իր հետ վերցրել է զինգրքույկըՙ ինչո՞ւ էր անհրաժեշտ այն։ Իր կենսագրության մի հատվածով Ալեքսանդր Գասպարյանն ադրբեջանական գաղտնի ծառայությունների համար միանգամայն որոշակի հետաքրքրություն է ներկայացրել իբրեւ հայկական զորամիավորումների պաշտպանական կառույցների մասին ինֆորմացիայի տիրապետող անձնավորություն։ Նրանից մասնավորապես հետաքրքրվել են Հորադիզի «ստանցիայի» մասին, ուր կռվել է արցախյան պատերազմի տարիներին։ Էլի մի քանի զրույցներից հետո Բաքվից վերադարձից երկու օր առաջ նրան համապատասխան ստացականով 150 դոլար են վճարել։
Արդյոք նյութական կարիքը չի՞ եղել պատճառը, որ Ալեքսանդրը լուռումունջ հավաքագրվել է լրտեսների ցանկում։ «Ո՛չ, պնդում է մեղադրյալը, բայց եթե մարդ կարիքի մեջ է, ու նրան հենց այնպես 150 դոլար են տալիս, ո՞վ չի վերցնի։ Ես չէի էլ պատրաստվում ինֆորմացիա տալ», ասում է Ալեքսանդրը, «չգիտակցելով», որ հենց Հորադիզի ստորաբաժանման մասին իր հաղորդած տվյալներն ինֆորմացիա են։
Երեկվա դատավարության ընթացքում սկսվեց նաեւ Ալեքսանդրի հարազատ եղբորՙ Էդգար Ֆիլկովի հարցաքննությունը։ Նա ամուսնացել է լրտեսական ցանցն ընդլայնելու կոչված Նինա Շիլինայիՙ իր եղբոր նախկին հոմանուհու հետ։ Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ է։ Նինայի հետ սկսել է հանդիպել հարազատներից գաղտնիՙ 1995 թ. թե 1996 թ. ձմռանը։ «Ինձ հետաքրքիր է լինել այդ կնոջ հետ», ասում է Էդգար Ֆիլկովը իրենից 22 տարի մեծ կնոջ մասին։ Նինան պատմել է, որ Հայաստանում հայտնվել է սումգայիթյան իրադարձություններից հետո։ Իր հարեւանները հայեր են եղել, եւ նրանց հետ պատահածը վախեցրել է իրեն։ Սումգայիթի տունը փոխանակել է Ջերմուկ քաղաքի մի բնակարանի հետ, հետո այն էլ վաճառելՙ իբր Ուկրաինա գնալու համար։ Իրենց հանդիպումների ընթացքում Նինան բնակվել է հորաքրոջ աղջկա տանըՙ Եղեգնաձորում, բայց թե ինչու հենց այստեղ, ինքը չի հարցրել։ Ամիսը մեկ-երկու անգամ ինչ-որ տեղ էր անհետանում ու վերադառնում։ Ասում էր, թե գնում է Վլադիվոստոկՙ տղային տեսնելու։ Իրենց հարաբերությունները խորացել են Ալեքսանդրի բանտում գտնվելու ժամանակ։ Իր ասելով, «հավաքագրվել» է Ալեքսանդրից ու Նինայից անկախ եւ այդ ժամանակ է միայն իմացել, որ նրանք եւս աշխատում են Ադրբեջանի գաղտնի ծառայությունների հետ։
Նինայի հետ մտերմության տարիներին ինքը նաեւ չի հետաքրքրվել, թե որտեղից է Նինան ձեռք բերում մշտական ուղեւորությունների գումարները։ Նրա հետ մեկնել են Թբիլիսի, ուր իբր Նինան քրոջից պիտի փող ստանար։ Այդ գումարը նրան են հանձնում ոմն Յուրա եւ Էդիկ, որոնց Նինան ներկայացնում է իբրեւ իր ընկերների։ Հետո Յուրան Էդգարին առաջարկել է Նինայի փոխարեն ստորագրել քրոջից փող ստանալու վերաբերյալ ստացականը։ Ինքն այդ պահին ուշադրություն չի դարձրել, թե ինչ է գրված ստացականի վրա։ Առավոտյան է միայն կարդացել։ Ստացականի վրա նշված էր, թե ինքը Արցախի զորամիավորումների մասին ինֆորմացիա է տրամադրել եւ փոխարենը 300 դոլար է ստացել։ Յուրան առաջարկել է աշխատել իրենց հետ, խոստանալով, որ լավ կլինի։ Իսկ եթե Էդգարը չհամաձայնի ու կատարվածի մասին ինչ-որ տեղ բերան բացի, ողջ ընտանիքի համար վատ կլինի։ Սպառնացել են նույնիսկ ստացականն ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Այսքանից հետո էլ ինքը չի «կռահել», թե ովքեր են իր հետ խոսողները։ Նինան հանգստացրել է, ասելով, թե այդ մարդիկ «միայն թերթեր են ուզում»։ Ինքն «ընդամենը» ենթադրել է, որ հասարակ ադրբեջանցիներ են եւ ոչ հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Իսկ եթե հայկական թերթեր տալու համար վճարում են, ինչո՞ւ չանել այդ հասարակ գործը։ Բայց Էդգարը չի բացատրում, թե այդ ինչո՞ւ, ի՞նչ մղումներով այդ հասարակ մարդիկ մեծ ծախսեր անելով Ադրբեջանից հասել են Վրաստանՙ բացառապես հայկական թերթեր ձեռք բերելու համար։ Հետոՙ 2000 թ., թե 2001 թ. բաժանվել են Նինայից, առանձին ապրել, հետո նորից միացել են եւ միասին վարձով ապրել Արտաշատում։ Թե ինչո՞ւ հենց այստեղ, դարձյալ չի բացատրում։ Ապրում էին այն փողով, որ երկու ամիսը մեկ «աշխատում» էր Նինանՙ 300 դոլար։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ