«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ԿԿԱՆԳՆԻ՞ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ

Դրանից զերծ մնալու հնարավոր տարբերակները

Խորհրդարանական ընտրությունների նշանակությունը պայմանավորվում է ոչ միայն օրենսդիր մարմնի, այլեւ ավելի շատ իշխանության վերջնական ձեւավորմամբ, որի սկիզբը դրվեց նախագահական ընտրություններով։ Այսինքնՙ իր ծրագրերն իրագործելիս նախագահն անպայմանորեն պետք է ունենա խորհրդարանի առնվազն մեծամասնության աջակցությունը։ Հակառակ պարագայում ստեղծվում է քաղաքական ճգնաժամ, որը կարող է հաղթահարվել միայն իշխանության թեւերից մեկի տապալումով։ Մեր սահմանադրությունն այնպիսի քաղաքական համակարգ է նախանշել, որ նման պայմաններում տուժողը միշտ պառլամենտն է եւ նրանով պայմանավորված կառավարությունը։ Հետեւաբար բնական է, որ այսօր ընտրված նախագահի համար ձեռնտու է այն ուժերի մուտքը խորհրդարան, որոնք սատարել են իրեն ընտրության ժամանակ։ Սակայն այդ ուժերն այնքան մեծաթիվ էին, որ երբ եկավ խորհրդարանում տեղերի բաշխման պայմանավորվածությունների պահը, բոլոր կողմերը կանգնեցին փաստի առաջ։

Գլխավոր պատճառն այն էր, որ հատկապես նախագահական ընտրություններում ակտիվ դերակատարություն ստանձնած ուժերը չափից դուրս մեծ հավակնություններ դրսեւորեցին։ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակների պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը ձգտում են առանձին-առանձին ստանձնել խորհրդարանական քաղաքական մեծամասնության դերը։ Այս երկուսի հավակնություններն այնքան մեծ ստացվեցին, որ երրորդ ներկայիս խորհրդարանական ուժըՙ «Օրինաց երկիր» կուսակցությունը, դուրս մղվեց «խաղից», թեեւ թվում էր, թե նրան եւս հաշվի կառնեին։ Այս հանգամանքն է վկայում այն փաստը, որ մեծամասնական գրեթե բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ այս կուսակցությունը թեկնածու է առաջադրել, նրա դեմ առկա է կամ հանրապետական, կամ դաշնակցական որեւէ մեկի թեկնածությունը։ Մինչդեռ 56-ից միայն 4¬5 ընտրատարածքներում է, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միմյանց դեմ թեկնածություններ են դրել։ Մեծամասնական ընտրացուցակները նայելիս այնպիսի տպավորություն կարելի է ստանալ, թե ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն փորձում են «Օրինաց երկրին» զրկել բոլոր հնարավորություններից։ Այս տեսակետից էլ չենք խոսում մյուս, համեմատաբար թեթեւ դերակատարություն ունեցած շրջանակների մասին, որոնք հիշյալ երկու կուսակցությունների կողմից դիտվում են մյուսՙ ընդդիմադիր կամ ընդհանրապես անդեմ ուժերի հետ հավասար պայմաններում։

Վերջիններս, բնականաբար, փորձելու են սեփական ուժերով ճեղքել բավականին կոշտ արգելապատնեշըՙ ստեղծված ինչպես ընդդիմության, այնպես էլ այսպես կոչված յուրայինների կողմից։ Այսինքնՙ կարելի է փաստել, որ իշխանության թեւը ներկայացնող ուժերին չհաջողվեց նույնպիսի միասնականություն դրսեւորել գալիք ընտրությունների նախաշեմին, ինչպես տեղի ունեցավ նախագահական ընտրությունների ժամանակ։

Դա էապես անդրադառնալու է հանրապետության նախագահի հետագա կողմնորոշումների վրա, քանի որ վերջինս կանգնելու է այդ երկու ուժերի հավակնություններին հագուրդ տալու երկընտրանքի առաջ։ Նա ստիպված է լինելու հաշվի նստել դրանց հետՙ կառավարությունում տեղերն այնպես բաշխել, որ դժգոհ կողմ չլինի։ Հակառակ պարագայում անխուսափելի են դառնալու ներիշխանական հակասությունները, որն էլ կարող է ընդդիմության լուրջ ճնշումների ազդեցությամբ հանգեցնել իշխանության ճգնաժամին, ինչու չէՙ նաեւ իշխանափոխության։

Բնականաբար, ամեն ինչ հայտնի կդառնա խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նախագահն իր առաջին քայլը կանի կառավարություն կազմելու ճանապարհին, այսինքնՙ կնշանակի հանրապետության վարչապետին։ Բնականաբար, որ ուժի ներկայացուցիչ լինի վարչապետը, նշանակում է նախապատվությունն այդ ուժին էլ նա տալիս է։ Այստեղ, իհարկե, մյուս կողմի համար մխիթարանք կարող է լինել ԱԺ նախագահի պաշտոնը, որը, սակայն, լինելով հանդերձ սահմանադրությամբ երկրորդը հանրապետության նախագահից հետո, էական իշխանական լծակներ չունի։ Այսինքնՙ ներկայիս քաղաքական ընկալումներում այս ինստիտուտը լուրջ չի ընդունվում։ Բոլոր դեպքերում ամեն ինչ կախված կլինի միայն նրանից, թե այն ստանձնող քաղաքական ուժն ինչպես կընդունի դերերի նման տեղաբաշխումը։

Այս պահին գոնե կարելի է եզրակացնել, որ վարչապետի պաշտոնին հավակնում են հատկապես երեքը։ Առաջինՙ ներկայիս գործող վարչապետը։ Այս տարբերակը կենսունակ կլինի միայն այն ժամանակ, երբ հանրապետականները համեմատաբար ավելի մեծ խմբակցություն կկազմեն, եւ Սերժ Սարգսյանը չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Երկրորդՙ վարչապետ է նշանակվում հենց Սերժ Սարգսյանը։ Այս տարբերակը կարող է իրագործվել այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն գրեթե հավասար քվեներով մտնեն խորհրդարան, եւ նախագահի համար հեշտ կլինի ԱԺ ղեկավարությունը եւ կառավարության մի փոքր հատվածը հանձնել Դաշնակցությանը։ Երրորդՙ վարչապետ կարող է նշանակվել նախագահի ներկայիս աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, որն ընտրություններին կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով։ Դա կարող է լինել այն ժամանակ, երբ Դաշնակցությանը կհաջողվի տեսակարար կշիռ կազմել խորհրդարանում, իսկ Անդրանիկ Մարգարյանը կհամաձայնի ստանձնել ԱԺ նախագահի պաշտոնը, եւ կառավարության կազմը կլինի կոալիցիոն։ Թե ինչ ուղեգիծ կընտրի նախագահը, բոլոր դեպքերում դժվար է ասել։ Չմոռանանք, որ մասնավորապես նման հարցերում Ռ. Քոչարյանը սիրում է նաեւ անակնկալներ մատուցել...

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4