«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ԼՂՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ 7-ԱՄՅԱ ՊԱՏԿԵՐԸ

Համաձայն ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, հետպատերազմյան տարիներին հանրապետությունում իրականացվել է 52.7 մլրդ դրամի կապիտալ շինարարություն։

Անցած 7 տարիների կտրվածքով, ըստ ֆինանսավորման աղբյուրների, ԼՂՀ պետբյուջեի միջոցների հաշվին իրականացված կապիտալ շինարարության ծավալները կազմում են 36.1 տոկոսըՙ 19.0 մլրդ գումարային հաշվով։ Մյուս հատկացումները արտաբյուջետային միջոցներն են, այդ թվումՙ մարդասիրական օգնությունները։ Այս խողովակներով ստացված եւ շինարարության բնագավառում ծախսված ֆինանսական միջոցների ընդհանուր գումարը կազմում է 13.7 մլրդ դրամ։ Դրա գերակշիռ մասըՙ 10.0 մլրդ դրամ, ստացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։

Օտարերկրյա ներդնողների միջոցները համեմատաբար համեստ թիվ են կազմումՙ 1.3 մլրդ դրամ, իսկ կազմակերպությունների եւ բնակչության միջոցների հաշվին իրականացվել են համապատասխանաբար 1.7 եւ 1.5 մլրդ դրամ։

Նույն ժամանակահատվածն ընդգրկող տարիներին կապիտալ շինարարության ծավալը բնակարանային տնտեսությունում կազմել է 10.9 մլրդ, կոմունալ տնտեսությունումՙ 10.0 մլրդ, տրանսպորտում եւ կապումՙ 9.5 մլրդ, կրթական ոլորտումՙ 3.1 մլրդ եւ արդյունաբերությունումՙ 2.2 մլրդ դրամ։ Այլ ճյուղերում իրականացված շինաշխատանքների գումարային ծավալը ընդհանուր թվով կազմում է 17.0 մլրդ դրամ։

Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված կապիտալ շինարարության հատվածի ծախսերը, վերականգնողական աշխատանքների ծախսերի համեմատությամբ, զգալիորեն ավելի են եղել, համապատասխանաբար կազմելով 35.1 եւ 17.6 մլրդ դրամ։

1995¬2002 թթ. ԼՂՀ-ում գործարկվել են 45.1 մլրդ դրամի հիմնական միջոցներ։ Բացի խոշոր համարվող օբյեկտներիցՙ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղի, Արցախի ողնաշարը կազմող «Հյուսիս-հարավ» ճանապարհահատված, Ստեփանակերտ քաղաքի օղակաձեւ ջրամատակարարման ցանց եւ այլն, շահագործման են հանձնվել 106.1 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 1018 բնակշենք, 5281 աշակերտական տեղով 34 դպրոց եւ արտադրական, առողջապահական ու սոցիալ-մշակութային այլ օբյեկտներ։

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4