Քաշաթաղի շրջանի գյուղերի կեսն առ այսօր հոսանք չունի։ 19-րդ դարի հայտնագործությունն ազատագրված Քաշաթաղ է հասնում 200 տարի ուշացած։ Շրջանի վարչակազմը խոստանում է, որ այս ամառվանից Քաշաթաղի 60 գյուղ վերջապես հոսանք կստանա։ Բարձրավոլտ գիծն անցկացվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Ըստ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Քոսակյանի, աշխատանքներն արդեն սկսված են, ու երբ դրանք ավարտվեն, շրջանի 90 տոկոսն ապահովված կլինի հոսանքով։
Եթե այս տարի Քաշաթաղում հոսանքի խնդիրը լուծվի էլ, ապա վարչակազմին դեռ չի հաջողվում շրջանն ապահովել խմելու ջրով։ Այսօր ամեն ընտանիք իր տան դիմաց ջրհոր ունի, որի ջուրն աշխատում են առանց եռացնելու չխմել։ Մխանց գյուղում, օրինակ, ջրի փոխարեն թեյ են խմում։ Այս տարի շրջանի իշխանությունները խոստանում են ավարտել Սյունիքից Կովսական եւ Բերձոր ջրատարների անցկացման աշխատանքները։ Ըստ պարոն Քոսակյանի, արդեն մեկ ամսից Կովսականը խմելու ջուր կունենա։ Որպեսզի Բերձորն ու շրջակա գյուղերը եւս ապահովվեն մշտական ջրով, մնացել է կառուցել Իշխանասարից Բերձոր ջրատարի 14 կիլոմետրանոց հատվածը։
Քաշաթաղը սկսեցին վերաբնակեցնել 94 թ.։ Կիսով չափ անջուր, անլույս ու անհեռախոս այդ շրջանում այսօր ապրում է մոտ 12.000 մարդ։ Քաշաթաղցիները Բաքվում, Գանձակում, Սումգայիթում, Շահումյանում ու Դաշտային Ղարաբաղում իրենց տները կորցրած մարդիկ են։ Ջուրը, լույսն ու հեռախոսը ժամանակի խնդիր են։ Կարեւորըՙ կա հող, որը կարելի է վարել, կա տուն, որտեղից քեզ էլ երբեք տեղահան չեն անի։
Քաշաթաղցիները վերականգնել են շրջանի երկու խոշորագույն եկեղեցիներըՙ Սուրբ Ամենափրկիչն ու Ծիծեռնավանքը։ Օրինաչափություն կաՙ եթե հայն ինչ-որ տեղ վանք է կառուցում, ուրեմն այնտեղից դուրս գալու միտք չունի։
ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԱԲՅԱՆ