«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ԽՈՐԳԵՏՆՅԱ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ

«Ազգի» ընթերցողներին արդեն տեղեկացրել ենք, որ Իրաքի ռմբակոծությունների ուժգնությունը հնարավոր պայմաններ է ստեղծում տարածաշրջանում երկրաշարժերի համար։ Երեկ ասուլիս էր հրավիրել Հայկական սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ընկերակցության նախագահ Սերգեյ Բալասանյանը։ Նա ներկայացրեց, թե ինչպիսի ազդեցություններ կարող են ունենալ Իրաքի ռմբակոծությունները ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի վրա։ Նա հիմնականում անդրադարձավ երեք հիմնական թեզերի։ Առաջինըՙ գոյություն ունի՞ սպառնալիք, թե՞ ոչ, երկրորդըՙ սպառնալիքը հավանակա՞ն է, թե՞ անխուսափելի է, երրորդըՙ սպառնալիք գոյություն ունի միայն Հայաստանի՞, թե՞ տարածաշրջանի բոլոր երկրների համար։ «Սպառնալիք գոյություն ունի, հավանական է բոլոր երկրների համար, որոնք գտնվում են ռմբակոծման վայրից 500¬1000 կմ շառավղով տարածքում»։ Եզրակացությունն այն է, որ մասնագիտական եւ ճշմարիտ տեղեկատվությունը պետք է անպայման օգուտ բերի պետությանը։ Պետությունն էլ պետք է օգուտ քաղի դրանից եւ քաղաքական, տնտեսական ու մասնագիտական առումներով բոլոր սպասվելիք արհավիրքների ու սպառնալիքների մասին ճիշտ քաղաքականություն ձեւավորի թե՛ արտաքին եւ թե՛ ներքին ոլորտներում։

Եթե տնտեսական ոլորտին անդրադառնանք, ապա արտանետումները նավթագազային հորերից կբերեն շրջակա միջավայրի լուրջ փոփոխությունների։ Այդ հարցը քննարկումների թեմա է դարձել այս օրերին միջազգային սեյսմոլոգների շրջանում։ Պրն Բալասանյանը կարեւորեց նաեւ այն հարցը, որ խորքային ռմբակոծումները կարող են բերել նավթագազատար շերտերի պատռմանը։ Դա նշանակում է, որ նավթը պատռված տեղերով կվերաբաշխվի հայտնի հանքավայրերից անհայտ գոտիներ։ Այդ փաստն էլ լուրջ պրոբլեմներ կառաջացնի տնտեսական ոլորտում, միջազգային բորսաներումՙ հաշվի առնելով իրաքյան նավթի բարձր տեսակարար կշիռն ընդհանուր նավաթահանման ծավալում։ Երրորդ կարեւոր հարցը պրն Բալասանյանը նշեց, որ տարածաշրջանային համագործակցության ծրագիրն էՙ անկախ նրանից, թե մենք ինչ քաղաքական հարաբերություններ ունենք հարեւան երկրների հետ։ Ժամանակին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը պայմանագրեր էր կնքել Ադրբեջանի սեյսմիկ ծառայության հետ։ Այսօր առավել կարեւոր է տարածաշրջանի սեյսմիկ ծառայությունների ուժերի համախմբումը, եւ այդ հարցում իր դերն ունի նաեւ Հայկական սեյսմոլոգիայի ու երկրի ֆիզիկայի ընկերակցությունը։

Պրն Բալասանյանը տեղեկացրեց նաեւ, որ տարբեր երկրների առաջատար սեյսմոլոգները մտահոգված են, որ խորքը թափանցող ռմբակոծումները, հարուցելով ուժեղ երկրաշարժեր, կարող են ունենալ նույն հետեւանքները, ինչ որ ունեն ստորերկրյա միջուկային պայթյունները։

Մի քանի օրիցՙ ապրիլի 5¬11-ը, Ֆրանսիայում տեղի է ունենալու եվրոպական եւ ԱՄՆ-ի գեոֆիզիկական միությունների համատեղ նիստ (Հայաստանից հրավիրված է Սերգեյ Բալասանյանը), որտեղ քննարկվելու են սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ներկա խնդիրները, եւ պրն Բալասանյանը հարց է բարձրացնելու, որ խորը թափանցող ռումբեր, ռմբակոծումներ չօգտագործվեն եւ ընդհանրապես արգելվի այդ զենքը։

¬ Կա՞ արդյոք սպառնալիք Հայաստանին Իրաքի ռմբակոծումներից։

¬ Հայաստանը արաբական եւ եվրասիական սալերի միջեւ է, բարձր վտանգի գոտում։ Հայկական լեռնաշխարհը դեֆորմացվում է մոտավորապես տարեկան 10 մմ արագությամբ, դա մշտական ազդող ուժերն են։ Եթե թվերով ներկայացնելու լինենք, ապա դա հետեւյալն է. եթե մենք ունենք 1 տոննանոց խորը թափանցող ռումբ, դա նշանակում է, որ նա կստեղծի 1 կիլոտոննայից մինչեւ 10 կիլոտոն դետանացիոն էֆեկտ։ Դա նշանակում է, որ նա իր քաշից 100¬1000 անգամ ուժեղ պայթեցման էֆեկտ է ստեղծում ընդերքումՙ ազդելով երկրակեղեւի վրա։ Համեմատելով այդ տիպի պայթյունները ստորերկրյա միջուկային պայթյունների հետ, ակնհայտ է լինում, որ դրանք համեմատելի ուժգնության ռմբակոծություններ են։ Քանզի ստորերկրյա միջուկային պայթյունների ուժգնությունը գտնվում է 0,3¬150 կիլոտոն տիրույթում։ Այնտեղ, որտեղ կատարվում են խորը թափանցող (մինչեւ 100 մ) ռմբակոծումներ, տեղի է ունենում երկրակեղեւի ուժեղ դեֆորմացիա, որը փոխանցվում է մեծ հեռավորության վրա, ինչը կոչվում է դոմինոյի էֆեկտ։ Ամենալուրջ վտանգը ստեղծվում է ռմբակոծումներից 1¬3 ամսվա ընթացքումՙ 500 կմ շառավղով եւ 1 ամսից մինչեւ 1 տարիՙ 1000 կմ շառավղով։ Եվ ահա այդ ռմբակոծումների հետեւանքով Իրանի տարածքում օրեր առաջ տեղի է ունեցել 5 բալանոց երկրաշարժ, որը հաստատում է, որ վտանգ ու սպառնալիք կա այսօր Իրաքում օգտագործվող նոր զենքից, որն էլ պնդում է նաեւ ռուս ակադեմիկոս Նիկոլաեւն իր վերլուծականում։

Իսկ որ ռմբակոծություններից երկրաշարժեր տեղի կունենան, պրն Բալասանյանը նշեց, որ դա բարձր հավանականություն է, տարածաշրջանում երկրաշարժերը տեղի կունենան այնտեղ, որտեղ երկրակեղեւի դեֆորմացիաները, լարվածությունները հասել են իրենց կրիտիկականին մոտ վիճակի, եւ այդ դեպքում կպահանջվի մի խթանիչ, որը կբերի երկրակեղեւի պատռմանն ու երկրաշարժի առաջացմանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4