«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀԻԱՑՐԻՆ

Եռօրյա համերգներով Մոսկվայում հյուրընկալվում էին Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային ստուդիայի սաները։ Մոսկովյան բեմահարթակներում նրանց ունեցած ելույթները, քիչ է ասել, բավականություն պատճառեցին։ Ռուս արվեստասերները եւ մասնագետ երաժիշտները հիացմունքի արտահայտման մեջ ուղղակի անզուսպ էին։ Արդեն 23 տարվա կենսագրություն ունեցող ստուդիան (բավական է նշել միայն Արաքս Դավթյանի անունը) առաջին անգամ չէ, որ հյուրախաղեր է ունենում, առավել եւսՙ առաջին անգամ չի արժանանում բարձր գնահատականների, սակայն այս անգամ ստացած գնահատականները թերեւս առավել կարեւոր ու գործնական էին։ Մեր արվեստը գնահատվեց ոչ անհետեւանք։

Եզրափակիչ համերգը, որ տրվեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի լեփ¬լեցուն դահլիճում, ավելի քան ջերմ ընդունելություն ունեցավ։ Թե Հայդնի «Դեղագործը», թե Դոմենիկո Չիմառոզայի «Նվագավարը» օպերաները գնահատողների թվում էին ԽՍՀՄ ժողովրդական դերասան Գեորգի Անսիմովը, Մոսկվայի ԳԻՏԻՍ-ի երաժշտական ֆակուլտետի դեկան Նատալյա Տետերինան, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը։ Դեսպանը, թերեւս, ամենաշահագրգիռ հանդիսատեսն էր, ինչը, կարծում եմ, բացատրությունների կարիք չունի։

Համերգից հետո կազմակերպված հրաժեշտի երեկոյի մասնակիցները նշեցին, որ Հայաստանում փայլուն կերպով պահպանված է վոկալի դպրոցը, ինչը հարուցել է ռուսական հեղինակավոր դպրոցի մեծ հետաքրքրությունը։ Վերը նշված գործնական գնահատականը հատկապես սրան էր վերաբերում։ Տեղում պայմանավորվածություն ձեռք բերվեց ԳԻՏԻՍ-ի ղեկավարության եւ Ա. Սմբատյանի միջեւ, որպեսզի ռուսական բուհի ուսանողները պետական աջակցության շրջանակներում կարողանան ուսումնառություն անցնել Երեւանում։ Սա բացառիկ երեւույթ կարելի է համարել։ Ռուսական երաժշտական դպրոցը իր փառահեղ ավանդույթներով հանդերձ, դեմ չէ ուսանողներին Հայաստան գործուղել։ Ավելին, ԳԻՏԻՍ-ը պատրաստ է այսպես կոչված Master class-ի հրավիրել կոնսերվատորիայի դասախոսներին։ Հեռանկարն ուղղակի գայթակղիչ է։

ՈՍԿԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4