«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ԵՐԳԻԾԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՐՋ ԳՈՐԾ Է

Երեկ նկարչի տանը բացվեց երգիծանքի եւ հումորի ցուցահանդես

Երեւանի նկարչի տան մոտ հանդիպեցի Հորիզոնին (Հրանտ Ղազարյան), որն ասաց. «Ասում ենՙ այսօր այստեղ ծիծաղելի բան է կատարվելու»։ «Ո՞վ ասաց»։ «Արզօն ասաց»։

Նկարչի տանը, ոչ ավելի ոչ պակաս, ապրիլի 1-ին բացվեց հայ նկարիչների ցուցահանդեսըՙ «Երգիծանք եւ հումոր» խորագրով, որը տեւելու է մինչեւ ապրիլի 8-ը։

Տեղում պարզվեց, որ բնավ էլ ծիծաղելի բան չկա, շատ լուրջ բան է։ Դա հաստատեց մեր անվանի նկարիչներից մեկըՙ Գեորգի Յարալյանը։

¬ Ոմանք կարծում են, թե ծաղրանկարը սխալ, անգրագետ նկարելն է։ Սակայն ծաղրանկարն առավել գրագետ ու լուրջ նկարն է։

Վարպետի ստեղծագործությանը ծանոթ լինելով, իր իսկ խոսքին ավելացնենք, որ երգիծանկարում առաջին հերթին սեր պետք է լինի։ Դա է վկայում Գեորգի Յարալյանի ստեղծագործական ողջ ճանապարհը։ Այդպես է եղել նաեւ նրա գործընկերների պարագայում։

Այժմ երգիծանկարիչների նոր սերունդ է եկելՙ Արզօ, Դավիթ, Ագնես Ավագյան, Տոտո, Վրեժ Քասունի,Արսեն, Ա.Բ.Գ. եւ ուրիշներ, որոնք ասպարեզ են հանել արվեստի այս ժանրի հայեցի մտածողությունը։ Նոր ժամանակներում ոչ միայն նոր խնդիրներ, այլեւ կատարման նոր տեխնիկա է առաջադրվում նկարիչներին։ Հասկանալի է, որ այժմ պետք է նոր ոճով ստեղծագործել։ Այդպես էլ կա։ Դա իր գործունեությամբ արդեն հաստատում է, օրինակ, Ագնես Ավագյանը, որի անունը գրանցված է ռուսական «Դիվա» ռեկորդների գրքում։ Երեկ էլ ցուցահանդեսը բացվեց հենց Ագնեսի ցուցադրական ստեղծագործությամբ. նա երկու ձեռքով միաժամանակ նկարեց երկու բոլորովին տարբեր կերպարներ։

¬ Այժմ, երբ շատ հաճախ քաղաքական ու հասարակական ծայրահեղ վիճակներում ենք ապրում, կարող է թվալ, թե հումորն անհասկանալի կամ անհարկավոր կարող է լինել,¬ ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Ադամյանը։¬ Սակայն գոնե այսօր մենք դրա հակառակ երեւույթին ենք ներկա։

Այո, երգիծանքը, հումորը դեռ շատ երկրպագուներ ունեն Հայաստանում։ Դրա վկայությունն էր ցուցահանդեսիՙ երեկվա բացումը, որին ներկա էին բազմաթիվ մարդիկՙ արվեստագետներ, արվեստասերներ, անգամ հասարակական, քաղաքական գործիչներ, եւ ամենակարեւորըՙ մեծ թվով երիտասարդություն։ Նրանց համբերությունը հատավ, եւ պայթեցվեց համբերության փուչիկը։

Այսպիսի ապրիլի 1-ն իսկապես լուրջ օր էր։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4