«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ՀԱՈՒ-Ի 1500 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Հայկական ավիաուղիներ» ընկերության 300 օդաչուներ ապրիլի 15-ից հետո կհամալրեն գործազուրկների բանակը, իսկ ՀԱՈՒ-ի մյուս մոտ 1200 աշխատակիցները նրանց կմիանան հաջորդ ամսվա ընթացքում։ Այս մասին հայտնեցին օդաչուները ՀԱՈՒ-ի վարչության նախագահ Արսեն Ավետիսյանի մասնակցությամբ ապրիլի 1-ին կայացած ժողովից հետո։ Օդաչու Հենրիկ Պետրոսյանի հրապարակած փաստաթղթի համաձայն, կառավարության եւ «Արմավիա» ընկերության միջեւ կնքված պայմանագրով նախատեսվում է «Զվարթնոց» օդանավակայանից ավիափոխադրումների բացառիկ իրավունքներ տրամադրել «Արմավիա» եւ որոշ չափով «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերություններին, առանց հաշվի առնելու ՀԱՈՒ-ի կոլեկտիվի շահերն ու կանոնադրական իրավունքները։ Օդաչուները մտադիր են բողոքարկել կառավարության որոշման արդյունքում իրենց աշխատանքից ազատելը։ Նրանց խոսքերով, իրենք ոչ միայն հայտնվել են խաբված եւ գործազուրկ վիճակում, այլեւ անորոշ է իրենց 7 ամսվա աշխատավարձի պարտքի մարման, թոշակների սահմանման եւ սոցիալական այլ վճարների հեռանկարը։

Մարտի 27-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀԱՈՒ-ի որոշ գույքը եւ պարտավորությունները «Արմավիաին» օտարելու վերաբերյալ» (այս ընկերության 49%-ի բաժնետերը ռուսական «Սիբիր» ավիաընկերությունն է) պայմանագրին, որի մասին օդաչուները տեղեկացվել են ապրիլի 1-ին։ Թեեւ ՀԱՈՒ-ին պաշտոնապես դեռեւս չի տեղեկացվել գործարքի մանրամասների մասին, սակայն աշխատակիցների ունեցած տեղեկությունների համաձայն, «Արմավիան» պարտավորվել է վեցամսյա ժամանակացույցով մարել ՀԱՈՒ-ի ունեցած աշխատավարձի պարտքը։ Նշենք նաեւ, որ ՀԱՈՒ-ի ընդհանուր պարտքը կազմում է 19 մլն դոլար, որից միայն 1,5 մլն դոլարըՙ աշխատավարձի գծով։

Օդաչուները անարդար են համարում կառավարության այդ որոշումը։ Նրանց համոզմամբ, կառավարությունը չպետք է թույլ տար, որ տարեցտարի աճեին ՀԱՈՒ-ի պարտքերը, «որոնց համար դեռեւս ոչ ոք պատասխանատվություն չի կրել»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4