Լրագրողի տեղեկություն ստանալու իրավունքըՙ կաշկանդված
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» նախաձեռնած ծաղկաձորյան հավաքին մասնակցում էին 11 լրատվամիջոցների 18 լրագրողներ մայրաքաղաքից եւ մարզերից։ Երկօրյա քննարկումների թեման տեղեկատվության ազատության հիմնախնդիրն էր, որի լուծումը, դատելով դրա համառ երկարակեցությունից, լրագրողներից բացի, ուրիշներին չի հետաքրքրում։
Լրագրողի աշխատանքի խրոնիկական դժվարություններից է տեղեկություն հայթայթելու ճանապարհին զանազան խոչ ու խութերի հաղթահարումը։ Պաշտոնյաների մի զանգված կա, որ ամեն կերպ ձգտում է չառնչվել լրագրողների հետ, առավել եւսՙ տեղեկատվություն տրամադրել։
Զերծ մնանք մեկնաբանություններից, թե իրենց անվրդով պաշտոնավարությունը խռովող ինչ վտանգ են տեսնում նրանք այդ շփումների մեջ։ Ասենք միայն, որ, ըստ լրագրողական փորձի, այդ որակի կառույցների առաջամարտիկը դատաիրավական համակարգն է։ Անկատար օրենքն ինքը նպաստում է, որ պաշտոնյաները տարիներ շարունակ կամայական, քմահաճ վերաբերմունք դրսեւորեն տեղեկություն տրամադրելու հարցումՙ շատ անգամ լրագրողներին դնելով փակուղային վիճակում։ Ցավոք, մեր սահմանադրության մեջ բացակայում է տեղեկություն տրամադրելուց հրաժարվող պաշտոնյայի հստակ պատասխանատվության դրույթը։ Խրթին ու մանվածապատ են նաեւ այն չափանիշները, որոնք սահմանում են, թե որ դեպքերում նա կարող է մերժել։ Մի խոսքով, պաշտոնյայի արատավոր գործելակերպի համար կատարյալ պայմաններ են։ Բոլոր դիտանկյուններով մաս-մաս վերլուծելով պրոբլեմը, առանձնացվեցին դրա հիմնական հայտանիշները։ Կան պաշտոնյաներ, որոնք «սովորույթ» ունեն տեղեկություն տրամադրել միայն որոշակի լրատվամիջոցներիՙ նրանց համար ստեղծելով մենաշնորհային դիրք, եւ այդ կերպ մերժված լրագրողին ու լրատվամիջոցին զրկելով առաջինը տեղեկատվություն հրապարակելու, մրցակցային դաշտում ամուր դիրքեր ունենալու հնարավորությունից։ Մինչդեռ սա օրենքի բացահայտ խախտում է, որը ոչ մի լրատվամիջոցի համար առանձնաշնորհյալ պայմաններ չի նախատեսում։
Անհասկանալի է նաեւ այս կամ այն գերատեսչությունում գործող մամուլի ծառայությունների դերը։ Արտաքուստ թվում է, թե դրանք կոչված են ապահովելու գերատեսչության եւ լրագրողների կապը։ Իրականում միանգամայն որոշակի ու բարեխղճորեն պատնեշի դեր են կատարումՙ արգելելով լրագրողին անցնել «թույլատրելի» սահմանը։
Կան պաշտոնյաներ, որոնք մերժումների այլ տարբերակ են իրականացնում իրենց «փրկարար» ծառայությունների միջոցով։ Լրագրողի հարցումներին գրավոր պատասխաններ են տրվումՙ չափած-ձեւած, ոչինչ չասող, ստանդարտ տողերով, անորոշ։ Իսկ այս տարբերակն, անկասկած, ոչ մի լրագրողի ցանկալի չէ։ Նույնիսկ անբարեհաճ պաշտոնյայի հետ անմիջական շփումը կենդանի զրույցի, խնդիրը բացելու, ենթահարցերի հնարավորություն է տալիս, ինչից էլ, անշուշտ խուսափում է պաշտոնյան։
Լրագրողական հավաքն առանձին քննարկման թեմա դարձրեց «02» հեռուստահաղորդման աշխատանքը։ Տարիներ շարունակ այս հաղորդաշարն անպատիժ խախտում է անմեղության կանխավարկածի իրավունքը։ Դեռ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չեղած, եթերով (նաեւ շաբաթաթերթով) հրապարակվում են կասկածյալների, մեղադրյալների եւ հատկապես երեխաների անուններն ու անձինք։ Ավելորդ է ասել, թե դա բարոյահոգեբանական ինչ ներգործություն է ունենում նրանց հարազատների ու միջավայրի վրաՙ կանխակալ կարծիք ստեղծելով, մինչեւ կյանքի վերջ անվստահության մթնոլորտ ձեւավորելով նրանց շուրջ։
Դատաիրավական համակարգի դռները փակ են լրագրողի առջեւ, նա հասարակությանը չի կարող ապահովել լիարժեք ու ճշմարտացի տեղեկատվությամբ։ Որպես կանոն, արհամարհանքով շրջանցվում է դատական գործի հետ ծանոթանալու լրագրողի խնդրանքը։
Նրանց վիճակը նախանձելի չէ նաեւ առողջապահական ոլորտից ինֆորմացիա ձեռք բերելու ժամանակ։ Սա այն ասպարեզն է, որի վերաբերյալ սուղ տեղեկատվությունը կամ դրա բացակայությունն ամենից ավելի է հարվածում սպառողին։ Պետպատվերի մասին տեղեկատվությունը, օրինակ, թե սոցիալական ինչ խմբերի համար է նախատեսված, ինչ արտոնություններ ունեն սպասարկման այդ ձեւից օգտվողները, երբեւէ մամուլում չի հրապարակվում։
Առավել աննպաստ է գործունեության միջավայրը մարզային լրագրողների համար։ Լրատվամիջոցներն այստեղ, սովորաբար, թույլ ղեկավարությամբ կառույցներ են, որոնք աշխատում են մարզպետարանների, գյուղապետարանների հետ։ Որոշ ոլորտներից, ինչպես հարկային, իրավական, զորամասեր եւ այլն, ընդհանրապես անհնար է տեղեկատվություն ստանալ։
Երկօրյա քննարկումների ավարտին 11 լրատվամիջոցների 18 լրագրողները հանդես եկան տեղեկատվության ազատությունը խոչընդոտող պետական մարմիններին դատապարտող հայտարարությամբ։ Նշվեց, որ լրագրողի այդ իրավունքի ոտնահարմամբ հատկապես աչքի է ընկնում ՀՀ գլխավոր դատախազությունը, եւ դա նրա մամլո ծառայության ղեկավարի աշխատաոճի հետեւանք է։ Իբրեւ լրագրողիՙ տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության միջոց որոշվեց ստեղծել այդ իրավունքը ոտնահարած պաշտոնյաներին դատական պատասխանատվության ենթարկելու նախադեպեր։ Ի դեպ, «Հետաքննող լրագրողների ընկերակցությունն» արդեն իսկ հայց է ներկայացրել բնապահպանության նախարարության դեմ, որը 7 ամիս շարունակ չէր պատասխանում այն հարցմանը, թե Ալավերդու եւ Վանաձորի գործարանները գործարկվելուց առաջ էկոլոգիական փորձաքննություն անցե՞լ են, թե՞ ոչ։
Հետագայում պարզվեց, որ թունավոր արտանետումներ իսկապես կան եւ դրանց պատճառով Փամբակ գետի կենդանական աշխարհը զգալի կորուստներ կրեց։ Դատավարությունը կկայանա ապրիլի 17-ին, ասել է թե լրագրողների այս նոր մարտավարության նախադեպն արդեն կա։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ