«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2003-03-29 | #61, 2003-04-01 | #62, 2003-04-02


ՅՈՒՆՈՇԵՎՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

Երեկ հրավիրված ասուլիսի հեղինակը Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Օլեգ Յունոշեւն էր։ Մինչ նա կխոսեր, «Հանրապետություն» կուսակցության մամլո պատասխանատու Սուրեն Սուրենյանցն անդրադարձավ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության հետ կապված հանգամանքներին։

Պրն Սուրենյանցը մեծահոգաբար հիշեցրեց, թե դեռես նախագահական ընտրությունների քարոզչության 2-րդ օրն իրենք նշել են, որ իշխանություններն ամեն ինչ անելու են դատավարությունը հետաձգելու նպատակով։ Ինչ վերաբերում է դատավոր Սամվել Ուզունյանի հիվանդությանը, ապա այդ մասին փաստարկներն, ըստ Սուրենյանցի, համոզիչ չեն։ Ուստի, իրենց կարծիքով, հիմքեր կան ենթադրելու, որ դատավարության հետաձգումը պայմանավորված է բացառապես քաղաքական նպատակներով։

Տիգրան Նաղդալյանի սպանության գործի կապակցությամբ էլ Սուրենյանցը պնդեց, որ, ըստ իրենց, Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով առանցքային վկա էր, եւ նրա վկայությունները դատարանում կարող էին մեծ նշանակություն ունենալ։

Իհարկե, Սուրեն Սուրենյանցը չմոռացավ ասել, որ Նաղդալյանի սպանության գործի քննությունն ու հանցագործության բացահայտումն իրար հետ կապ չունեն, այսինքնՙ հիմքեր կան պնդելու, թե Արմեն Սարգսյանին ձերբակալելով իշխանությունները հերթական երաշխիքն են մատուցել Նաիրի Հունանյանին։

Օլեգ Յունոշեւն իր խոսքը սկսեց նրանից, թե անհամբերությամբ է սպասում «27»-ի դատավարության շարունակությանը, քանի որ այս ընթացքում ի հայտ եկած որոշ հանգամանքների կապակցությամբ կլինեն միջնորդություններ։

Ըստ Յունոշեւի, Տիգրան Նաղդալյանին սպանողի անունն օգտագործվում է Արամ Զ. Սարգսյանի վրա ստվեր գցելու, նրա մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին սահմանափակելու համար։

Վերադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարությանըՙ փաստաբանը խոսեց փետրվարի 18-ին Տիգրան Նազարյանի հեռախոսակապով հարցազրույցի մասին, որում, ըստ Յունոշեւի, Նազարյանը պնդում է, որ եղել է ԱԱՆ աշխատակից, եւ իրՙ «27»-ի հետ կապված գործողությունների ժամանակ ղեկավարվել է ինչ-որ մարդկանց կողմից, որոնց անունները Նազարյանը նշել է։ Այս կապակցությամբ էլ կլինեն Յունոշեւի միջնորդություններըՙ այդ մարդկանց դատարան հրավիրելու համար։

Փաստաբանի համար անհասկանալի է, թե ինչու հիշատակված փաստերը չեն հետազոտվում։

Ինչ վերաբերում է «27»-ի տեսաերիզի փորձաքննությանը, ապա դրա չմոնտաժված լինելու կապակցությամբ Յունոշեւը պատրաստվում է վիճարկող միջնորդություն անել դատարանում։

Դատավարության ընդհատման հետ կապված, Յունոշեւի դատողությունների համաձայն, ստացվում է, որ Սամվել Ուզունյանը ոչ հիվանդ է, ոչ էլՙ առողջ։ Եվ եթե հիվանդ էլ ձեւանում է, ապաՙ ոչ սեփական նախաձեռնությամբ, այլՙ ուրիշի, կամ էլ ճնշմամբ։

Տիգրան Նաղդալյանի սպանության եւ դրա կատարողի մասին հարցերին ի պատասխան փաստաբան Օլեգ Յունոշեւը նշեց, որ իր դիտարկումներով, Նաղդալյանի սպանությունից հետո Նաիրի Հունանյանը շատ փոխվել էՙ կարծես ստրես ապրելով ու ավելի ճնշվելով։ Ու համաձայն փաստաբանի ենթադրության, գլխավոր ամբաստանյալի նման վիճակը կարող էր դատավարության ձգձգման պատճառներից մեկը լինել։

Շարունակելով ենթադրությունների շղթանՙ Յունոշեւը եզրակացրեց, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով Արմեն Սարգսյանին ձերբակալելու համար չկա ամենակարեւոր հանգամանքըՙ սպանության դրդապատճառը։ Իսկ որ, ըստ Յունոշեւի, միայն ավանսով սպանություններ չեն կատարվում կամ մաս-մաս չեն վճարում, խոսում է այն մասին, որ Օլեգ Յունոշեւը մեր իրականությունն այնքան էլ պարզ չի պատկերացնում։

Եվ քանի որ լրագրողներից մեկիՙ Ռուսաստանում դատավորի հիվանդության եւ դատավարության երկար ընդմիջման նախադեպեր լինելու մասին բազմիցս կրկնված հարցին էլ պրն Յունոշեւը չպատասխանեց, կարելի է ենթադրել, թե ռուսաստանյան իրականությանն էլ քաջածանոթ չէ փաստաբան Օլեգ Յունոշեւը։

Եվ, ի վերջո, եթե պրն Յունոշեւի դիտարկմամբ Նաիրի Հունանյանն ընկճվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո, ապա անհասկանալի է, թե ինչ հիմքով է Յունոշեւն ասում, որ այդ սպանությունը նոր երաշխիք էր Հունանյանի համար։ Ամեն դեպքում, պարզ չէ, թե երաշխիք ստացող մարդն ինչու է ընկճվում։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4