Ապրիլյան առաջին օրը Մեծամոր քաղաքի երեք դպրոցների 120 բարձր դասարանցիներ Ծիծեռնակաբերդ էին այցելել։ Նրանք ծաղկեպսակ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, եղան Ցեղասպանության թանգարանում։
Այցելությունը կազմակերպվել էր Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության «Մեծամոր» ակումբի աջակցությամբ։ ՀՌԱԿ Հանրապետական վարչությունը, ընդառաջելով դպրոցականների ցանկությանը, ստեղծել էր նրանց համար այդ հնարավորությունը։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Լավրենտի Բարսեղյանն աշակերտներին ծանոթացրեց հուշահամալիրի պատմությանըՙ նշելով, որ այն զենք է, միջոց, պատմության մոռացության դեմ պայքարում։ Լավրենտի Բարսեղյանը ռամկավարների այս նախաձեռնությունը համարեց բնական մի կուսակցության համար, որն իր ողջ պատմության ընթացքում Հայ դատի հետապնդումը կարեւորագույն է համարել։ Նրա խոսքով, այս այցելությունը երեխաների մտապատկերում անջնջելի տպավորություն կթողնիՙ ամեն տարվա ապրիլին նրանց բերելով Եղեռնի հուշահամալիր։
Թիվ 1 դպրոցի տնօրեն Արեգնազ Առաքելյանի խոսքով, օրեր առաջ երեխաներին հանձնարարվել էր Հայոց ցեղասպանության թեմայով ռեֆերատ գրել, ու պատմության ողբերգական այս էջը հասկանալի դարձնելու համար նրանցից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ պետք է որ լիներ Ծիծեռնակաբերդում։ Մանկավարժն առաջնային է համարում ազգի ճանաչողության խնդիրը, զարգացած, խոհեմ սերունդ դաստիարակելու անհրաժեշտությունը։
«Եկել եմ եւս մեկ անգամ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին, նշում էր տասներորդ դասարանցի Աննա Մանուկյանը, քաղաքակիրթ աշխարհում տեղ չկա ցեղասպանություններին, պատերազմներին»։
Մ. Հ.