Մաքսանենգը եւ 490 հազար Իրաքի դինարը կուղարկվեն Երեւան
Վրաստանի մայրաքաղաքի Իսանի-Սամգորի շրջանի բնակարաններից մեկում ձերբակալված Հայաստանի Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Սերյոժա Գալստյանը պահվում է «Օրթաճալայի» բերդում, «Ազգին» տեղեկացրին Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի քաղաքային վարչության մամլո ծառայությունից։
2002 թ. դեկտեմբերի 31-ից հետախուզման մեջ գտնվող (հարկերից խուսափելու մեղադրանքով) Գալստյանը հաջորդ օրըՙ 2003 թ. հունվարի 1-ին Երեւանից անցնում է Թբիլիսիՙ իր հետ բերելով 490 հազար Իրաքի եւ 80 Քուվեյթի դինար գումար։ Մաքսանենգն ապաստանում է Թբիլիսիի հայ ընտանիքներից մեկում եւ ձերբակալվում մարտի 19¬20-ի գիշերը։
490 հազար Իրաքի եւ 80 Քուվեյթի դինար թղթադրամները կեղծված չեն եղել, մեզ հետ զրույցում ասացին Վրաստանի ՆԳն Թբիլիսիի քաղաքային վարչության մամլո ծառայությունից։
Համաձայն Սերյոժա Գալստյանի ցուցմունքների, իրաքյան եւ քուվեյթյան թղթադրամներն իրեն ուղարկել են Մոսկվայից։ Քաղաքացի Գալստյանը նպատակ է ունեցել մաքսանենգ ճանապարհով Թբիլիսի տեղափոխված գումարը վաճառել (փոխանակել) շատ ավելի էժան գնով, քան Վրաստանի կենտրոնական բանկի փոխարժեքն է։
Սերյոժա Գալստյանը եւ նրան վերադարձված իրաքյան ու քուվեյթյան թղթադրամները կուղարկվեն Երեւան։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի