Սահմանադրական բարեփոխումների փաթեթը քննարկվում է խորհրդարանում
Երկար սպասված սահմանադրական բարեփոխումների փաթեթը վերջապես երեկ սկսեց քննարկվել Ազգային ժողովում։ Հիշեցնենք, որ հանրապետության նախագահը մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց խորհրդարանական ընտրություններին զուգահեռ իր ներկայացրած գործող սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին, եւ ԱԺ այս եռօրյային դրա քննարկումների մեկնարկն այդ համատեքստում պետք է դիտարկել։
Հիշեցնենք նաեւ, որ այս հարցի շուրջ քննարկումները խորհրդարանում ընդհատվել էին անցյալ տարի, որը նախագիծը ներկայացնող ՀՀ նախագահի ներկայացուցիչ, իրավագիտության դոկտոր Արմեն Հարությունյանը ժամանակին բացատրեց, թե ստացվել են մեծ թվով առաջարկություններ տարբեր քաղաքական կազմակերպություններից, որոնք մանրամասն քննարկելու համար երկար ժամանակ է պահանջվելու։ Սակայն իրականում քննարկումների սառեցումը պայմանավորված էր արդեն այն ժամանակ փաստացի սկսված նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ շահարկումներից զերծ պահելու, ինչպես նաեւ ընտրությունների ընթացքում իրավական անհարթություններ չառաջացնելու անհրաժեշտությամբ։
Քննարկումների մեկնարկից կարելի է արդեն եզրակացնել, որ դրանք շատ բուռն են լինելու, ուղեկցվելու են շահարկումներով։ Դա բացատրվում է նախագծի շուրջ ձեւավորված մթնոլորտով, քանի որ այն հատկապես արմատական ընդդիմությունն ի սկզբանե չէր ընդունում։ Ընդդիմադիրները դրա համար բերում են երկու հիմնական պատճառ, նախ, նրանց մի մասի համոզմամբ, կառավարման համակարգը, որն առաջարկվում է նախագծով, անհարիր է մեր իրականությանը, որին ավելի համահունչ է խորհրդարանական համակարգը, իսկ նախագահի լիազորությունները պետք է հասցվեն նվազագույնի։ Երկրորդՙ նրանք գտնում են, որ իրականում բարեփոխումներ տեղի չեն ունենալու, փոփոխությունները չեն ծառայելու իրենց բուն նպատակին, այն էՙ նախագահի լիազորությունների էական կրճատմանը։ Նրանք հիմք են ընդունում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, գործող սահմանադրության հեղինակ, հանգուցյալ Վլադիմիր Նազարյանի մի դիտողությունը, թե նախագահի առաջարկած փոփոխությունների նախագծով ընդհակառակըՙ 17 նոր լիազորություններ են ավելացվում նախագահի համար։
Սակայն այդպես է դա, թե ոչ, ընդդիմադիր պատգամավորները պարզապես չէին կարող իմանալ, որովհետեւ մինչեւ վերջին պահը, այսինքնՙ մինչեւ նախագիծը վերանայելուց հետո խորհրդարան բերելը նրանք ընդհանրապես տեղյակ չէին նրա բովանդակությանը, կատարված փոփոխություններին։ Թե ինչով է բացատրվում նախագծի հեղինակների ցուցաբերած զգուշավորությունը եւ պատգամավորներից մինչեւ վերջին պահը նախագիծը թաքցնելը, դժվար է ասել։ Սակայն որ նախագիծն էական բարեփոխումներ է նախատեսում, կարելի է նկատել հենց առաջին հայացքից։ Հետագայում մենք կներկայացնենք դրանք ավելի մանրամասնորեն։ Հիմա սակայն նշենք, թե որ ոլորտներում են այդ փոփոխությունները նկատվելու։
Ըստ էության գրեթե ամբողջությամբ վերանայվում է դատաիրավական համակարգի կառուցվածքըՙ ավելի անկախ դարձնելու մղումով։ Բավական է միայն նշել, որ էապես ընդլայնվելու են Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտների շրջանակներըՙ ընդհուպ շարքային քաղաքացիները, ինչպես նաեւ դատավորներին է իրավունք վերապահվելու այդ ինստիտուտին դիմելու օրենքի այս կամ այն դրույթի, հոդվածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։ Ըստ նախագծի, նախագահն այլեւս չի կարող նշանակումներ կատարել դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներում։ Այդ լիազորություններն ընկնելու են գլխավոր դատախազի վրա։ Նախագահը կնշանակի միայն դատախազին եւ նրա տեղակալներին։
Որոշակի տարանջատվածություն է նախատեսվում նաեւ նախագահի ինստիտուտի եւ օրենսդիր մարմնի լիազորությունների միջեւ։ Փոքրանում են նախագահիՙ Ազգային ժողովը ցրելու հնարավորությունները, իսկ խորհրդարանին հնարավորություն է տրվում նաեւ հատուկ դեպքերում ստանձնել կառավարություն կազմելու պատասխանատվությունը։ Ընդ որում, այդ դեպքն այն իրավիճակն է, երբ հանրապետության նախագահի ներկայացրած կառավարության կազմը երկրորդ անգամ եւս չի ստանում խորհրդարանի վստահության քվեն։ Բացի դրանից նախատեսվում է, որ այսուհետեւ Կենտրոնական բանկի նախագահի թեկնածությունը կհաստատվի միայն ԱԺ հաստատման արժանանալու պարագայում։
Սակայն սահմանադրական փոփոխությունների ամենակարեւոր հատվածը վերաբերում է երկքաղաքացիությանը։ Ինչպես հայտնի է, գործող սահմանադրությամբ ընդհանրապես նման արտոնություն սփյուռքահայերի համար չէր նախատեսվում, այսինքնՙ երկքաղաքացիություն հասկացությունն ընդհանրապես մերժվում էր։ Նոր նախագծով սահմանադրությունից հանվելու է այդ արգելանքը, բայց որեւէ նորմ չի սահմանվելու։ Նախագահի ներկայացուցչի հավաստմամբ նման մոտեցում է որդեգրվել, որպեսզի հարցի լուծումը թողնվի օրենքի կարգավորմանը։ Դրա հիմնական նպատակն է, որ ավելի ճկուն մեխանիզմներ մշակելու հնարավորություն առաջանա եւ սահմանադրությունը դրա համար արգելքներ չդնի, ինչպես առկա է ներկայումս։ Նման մոտեցումն արդարացվում է այնքանով, որ երկքաղաքացիություն շնորհելու համար այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որոնք իրավունքների ու պարտականությունների տեսակետից ավելորդ տարբերակումներ եւ դրանցով պայմանավորված հակասություններ չառաջացնեն հայության երկու հատվածների միջեւ։
Այս խնդիրները սակայն քննարկման առարկա են։ Թե ինչ կոնկրետ փոփոխություններ են սահմանվել նոր նախագծով, կանդրադառնանք առաջիկայում։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ