Նախագծի կողմնակիցները մտավախություններ ունեն
Գործող սահմանադրության համաձայն, հանրաքվեի ներկայացրած որեւէ նախագիծ համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել մասնակիցների առնվազն կեսից ավելին, իհարկե, եթե մասնակցել է ցուցակներում գրանցված քաղաքացիների մեկ երրորդից ավելին։ Ըստ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ Շավարշ Քոչարյանի, դա նշանակում է, որ առնվազն 750¬800 հազար քաղաքացիներ պետք է կողմ քվեարկեն ներկայացված սահմանադրական փոփոխությունների փաթեթին։ Հնարավո՞ր է սա։ Ըստ Շավարշ Քոչարյանիՙ ոչ, որովհետեւ նման ահռելի քանակություն կողմ չի քվեարկի նախագծին։ Թե ինչո՞ւ, Շավարշ Քոչարյանը չի պարզաբանում։ Եվ դա բնական է, քանի որ նա, ըստ էության, խոսում է միայն իր ցանկության մասին։ Ի վերջո, հեշտ չէ տապալված տեսնել սեփական «ձեռքերով» մշակած նոր սահմանադրության նախագծի թաղումը խորհրդարանում եւ ուրախանալ իրենց համար սկզբունքորեն մերժելի այս նախագծի «հաղթարշավից»։
Անգամ կառավարման համակարգի ներդրման առումով Շավարշ Քոչարյանի չափ շահագրգիռ Կոմկուսը, որն, ի դեպ, նախկինում նույնպես հանդես էր եկել սահմանադրության սեփական նախագծով եւ ավելի ուշ միացրեց Շ. Քոչարյանի նախագծին, գտնում է, որ հանրաքվեի համար ԱԺ համաձայնությունը ստացած նախագիծն էապես բարելավված է։ Մասնավորապես Կոմկուսի խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, թե պետք է օբյեկտիվ լինել նկատելու համար նոր նախագծի բարելավումները, հատկապես իշխանությունների տարանջատվածության եւ հակակշիռների հստակեցման, ինչպես նաեւ նախագահի լիազորությունների զգալի կրճատման փաստերը։ Բայց Կոմկուսը, ինչպես եւ կարելի էր սպասել, սկզբունքորեն դեմ է կիսանախագահական համակարգին, ուստի չեզոք դիրք կգրավի հանրաքվեի նախօրեին։ Ֆ. Խառատյանն ըստ էության միայն նշեց, թե իրենք կպնդեն, որ ավելի նպատակահարմարն իրենց կանխանշած ուղին է, իսկ կընդունվի նոր նախագիծը հանրաքվեի ընթացքում, թե՞ ոչ, նա Շ. Քոչարյանի նման պատասխանատու հայտարարություններ չարեց։
Հետաքրքրական է, բայց նման բան չարեցին անգամ սահմանադրական բարեփոխումներն անվերապահորեն ընդունող ԱԺ մեծամասնության թեւերը։ Օրինակ, ՀՅԴ-ն գտնում է, որ հանրաքվեով նախագծի ընդունումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նախագծի շուրջ ձեւավորված այսպես կոչված կոալիցիան ակտիվ աշխատանք տանի հանրության հետ եւ այդ հարցում սերտ համագործակցություն դրսեւորի։ Միակ պրոբլեմը, որը նախագծում տեսնում է Դաշնակցությունը, պատգամավորի անձեռնմխելիության դրույթը հանելու առաջարկի մերժմումն է։ Իսկ դա, ՀՅԴ-ի համոզմամբ, լրջորեն կարող է անդրադառնալ գալիք խորհրդարանի որակի վրա։ Այն շատ պարզ պատճառով, որ քրեական եւ այլ տարրեր, հենց թեկուզ մեծամասնական ընտրակարգի ընձեռած հնարավորություններից օգտվելով, կշարունակեն գալ խորհրդարան միայն մեկ նպատակովՙ իրենց տանիքը, ապահովության երաշխիքը դարձնելու համար։
Մինչդեռ այդ հարցում նրանց հետ համագործակցող հանրապետականները համաձայն չեն եւ համարում են, որ անձեռնմխելիության ինստիտուտի պահպանումը միայն մեկ նպատակ է հետապնդում. զերծ պահել պատգամավորներին ավելորդ ճնշումներից։ Իսկ ընդհանուր առմամբ հանրապետականները համաձայն են սահմանադրության մեջ փոփոխություններին ծանոթացնելու, նրա առավելությունները ներկայացնելու շուրջ աշխատանքներ տանելու գաղափարին, որպես հանրաքվեն արդյունավետ կազմակերպելու միջոց։ Այս հարցում նրանք թերեւս ակնկալում են նաեւ ներկայիս խորհրդարանի խմբերում ընդգրկված անհատ պատգամավորների օգնությունը, որովհետեւ վերջիններս մեծ մասամբ կողմ են փոփոխություններին, իսկ նրանց հիմնական հատվածը մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ընդ որում, այս հարցում լուրջ համաձայնություն կա նաեւ ընդդիմությունը ներկայացնող «Հայաստան» խմբի հետ, որի անդամների մի մասը կողմ է քվեարկել հանրաքվեի նախաձեռնությանը խորհրդարանում։
Հետաքրքրական է, սակայն, որ ոչ այս, եւ ոչ էլ իշխանամերձ շրջանակները, որպես հանրաքվեի հաջողության գրավական չնշեցին խորհրդարանական ընտրությունների անցկացման փաստը։ Հանգամանք, որի շնորհիվ գերազանցապես հաջողվեց 1995 թ. հուլիսի 5-ին հասնել ներկայումս գործող սահմանադրության ընդունմանը։ Չմոռանանք, որ այն ժամանակ էլ հանրաքվեն զուգահեռվում էր խորհրդարանական ընտրություններին, իսկ իշխանությունը ներկայացնող պատգամավորության թեկնածուներն իրենց քարոզարշավի մաս էին դարձրել սահմանադրության նախագծի ներկայացումը։ Մյուս կողմից, քաղաքական ուժերը մոռանում են, որ երկու իրադարձությունների համատեղումը էապես անդրադառնում է ընտրողների ակտիվության բարձրացմանը, որի հետ, ի դեպ, հույս է կապում անգամ հանրապետության նախագահը։ Վերջինս նախորդ տարի հաշվի առնելով հենց հանրաքվեի նկատմամբ հետաքրքրության պակասը, հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ սահմանադրության հանրաքվեն կզուգակցի խորհրդարանական ընտրություններին։ Կարելի է միայն հիշել, թե ինչպես ընդդիմությունը սկսեց շահարկել նրա այդ հայտարարությունը...
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ