«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2003-04-02 | #63, 2003-04-03 | #64, 2003-04-04


ԵԼՔԵ՞Ր. ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Երբ ցանկալին փորձում են իրականության տեղ անցկացնել, չգիտես ինչու, ասես, հայտնվում ես խորհրդային իրականության սահմաններում։ Իսկ առհասարակ ինչից սկսվեց այս ամենը, եւ ինչո՞ւ հիմա։ Երբ հարցնում են, մտածելու կարիք չես էլ ունենում, բավական է ծանոթանալ հասարակության շերտերի բազմակնճիռ խնդիրներինՙ սոցիալական, հոգեբանական, բարոյական, հոգեւոր։

Արդյոք անկեղծորեն տագնապեցնող իրողությո՞ւն է հասարակության պառակտվածություն-երկփեղկվածությունը։ Երկբեւեռ մեր հանրության մեջ սողոսկած անվստահություն-ատելությունը մի՞թե արդյունք է նախընտրական եւ հետընտրական հիրավի շիկացած մթնոլորտի։ Հազիվ թե։ Որովհետեւ բացասական էներգիաների նման կուտակումները չեն կարող երբեք արդյունք լինել միայն այս կամ այն քաղաքական թիմին համախոհ լինել-չլինելուց, հատկապես որ նախընթաց շրջանում մեր ազգաբնակչությունն այդքան էլ քաղաքականացված չէր, իսկ քաղաքական դաշտում չկար ազգային գաղափարական հզոր ներուժ կրող այնպիսի միավորում, որ ժողովրդական լայն զանգվածների առաջնորդության հավակնություն ունենար։ Մեր իրականության մեջ տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացներն ունեն սոցիալական եւ բարոյական ավելի խոր դրդապատճառներ։ Եթե 1988-ի զարթոնքը պայմանավորված էր նախ եւ առաջ ազգային խոցելի զգացմունքներով ու խորհրդային գաղափարախոսության արդեն անտանելի դարձած միաբեւեռականությամբ եւ պարտադրանքով, ապա այսօր սոցիալական բեւեռացումների, սոցիալական անպաշտպանվածության խնդիրներից զատ մարդկանց հրապարակ է հանել ամենատարբեր ատյաններում մարդու իրավունքների, արժանապատվության ոտնահարումը։

Անհաշտություն-անմիաբանությունը եւ ծավալվող թշնամանքը հետեւանք չեն կարող լինել ընտրությունների, պարզապես սա լավագույն առիթ էր արտահայտելու 12¬13 տարիների այն զրկանքներն ու տառապանքները, որ կրեց մեր ժողովուրդը սկսած 1992¬93-ից։ Մի՞թե թվում է, թե անցել են 93¬95 թթ. չարագուշակ խավարի ու ձմեռների ազդեցությունները, բնավ. ենթագիտակցորեն դրանք ակտիվ են առայժմ։

Եթե թվում է, թե ցուրտ ձմռան գիշերային տագնապները, մոր ձեռքի պարբերական հպումները նորածին երեխայի սառչող խանձարուրին անցած են, սխալվում ենք, երբ մեր մեկ օրը տարի էր թվում, երիտասարդ էինք եւ մեկեն ծերացանք։ Սա ոչ միայն պատերազմից էր, խավարից, վառարանի ծխի մեջ կորած սառը սենյակից, այլեւ օրավուր նոսրացող անտառների տնքոցից ու մեր դատարկվող հայրենիքից։

Հեռուստատեսությամբ օր-օրի տագնապ է հնչեցվում պառակտված մեր հասարակության մասին, տարածաշրջանային այս իրավիճակներում, աշխարհաքաղաքական ստեղծված մթնոլորտում ներքին անհամաձայնության մեր հերթական անխոհեմությամբ վտանգում ենք մեր պետականությունը, որ փայփայել ենք դարեր շարունակ։ Արդարեւ, դա այդպես է։ Բայց բանաստեղծի երիցս իրավացի պատգամըՙ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ինչպե՞ս ենք իրականացնում։ Ո՞ւր է այն ձեռքը, որ ի զորու է մեզ տանելու այդ ճանապարհով։ Ո՞րն է այն ուղին, որով ընթանալով մենք չենք վտանգելու մեր անկախ պետականությունը եւ չենք վտանգելու մեր հասարակությունը։ Պետական մեքենան պետականության հետ չշփոթելու հավակնությամբ, շրջանցելով իշխանական վերնաշենք ասվածը, փաստենք, որ պետությունը խարսխվում է ամուր եւ կայացած քաղաքացիական հասարակության վրա։ Իսկ այդ հասարակությունն այսօր մի կողմից երկփեղկված է, մյուս կողմից մոլորված հոտ է հիշեցնում, իսկ մի այլ կողմից այնքան է անպաշտպան եւ անզոր, որ փողոցային երթի ժամանակ կարող է շրջապատել ասենք մի պատգամավորիՙ ձեռքերը նրան այնպես երկարելով, որ զարմանում ես մարդկանց հույսի այդչափ կորստի վրա։

Իսկ որտեղի՞ց մեր իրականություն սողոսկեց չարիքի այս որոմը։ Ասում ենՙ ազատությունն ամենադժվարին քննությունն է, որ տրվում է անհատին կամ հասարակությանը։ Եթե պատրաստ չէ ազատությունն ընդունելու, այն դառնում է բեռ։ Տարիների ընթացքում, երբ հայ հասարակական կյանք էին ներխուժում զանազան աշխարհիկ, մշակութային, հոգեւոր օտարածին երեւույթներ, մենք անտարբերությամբ կամ ըմբռնումով էինք մոտենում։ Իմ խորին համոզմամբ, քաղցկեղի ախտանշանները մեր հասարակության օրգանիզմի մեջ շատ ավելի վաղ նկատվեցին։ Ու մենք սկսեցինք պառակտվել ու պառակտվելՙ քաղաքական շինծու եւ ոչ շինծու հարյուրից ավելի կուսակցությունների, հարյուրավոր հասարակական կազմակերպությունների, տասնյակ աղանդավորական-կրոնական միավորումների միջեւ։ Ու հայտնվեցին աստանդական քաղաքական գործիչներ ու աղանդավորներՙ տեղից տեղ տեղափոխելով իրենց բարոյական ունեցած-չունեցած արժեքները։ Այսպես մենք օտարանում էինք միմյանցից, օտարանում մեր հայրենիքից, եւ մեր օտարացած մարմինների մեջ բույն էին դնում անտարբերությունն ու անկերպարանք թշնամանքըՙ երբեմն անկախ մեր կամքից, բնազդաբար գոյատեւելու, ավելի հաճախ հաց հանապազօրյայի պարզունակ խնդրից։ Իսկ անարդարությունների սոցիալական պարանը շատ էլ առաձգական չէ, ու «Ճիտին պարտքի» հերոսի պես ջրամույն լինելու «պատրանքը» շատերին ստվերի պես հետեւում է, որին հավելվում է ավելի անտանելինՙ բարոյականության աստիճանական կորուստները եւ մարդկային հարաբերությունների փլուզվող կամուրջները... Երբ կեղծիքը թանձրանում է, խավարն աստիճանաբար կլանում է ամեն արժանավորը։ Լոզունգներն ու պաթետիկ խոսքերը չեն օգնում այս պարագայում։ Իրատեսական մոտեցումներն ավելի կենսական են. պետք է տեսնել հասարակությանը վտանգող երեւույթների խոր արմատները։ Հանրահավաք-երթերի իբր վտանգավորությունը մակերեսներին լողացող պատկերներ են, որ ընդամենը զանգվածների դժգոհություններն են արտահայտում, իսկ իրականում բուն պատճառը հոգեւոր արժեքների տագնապեցնող կորուստներն են։ Հոռետես չլինենք ու հուսանք, որ մեր ժողովրդի հավաքական իմաստությունը կգտնի գոյատեւումի ելքը, որովհետեւ կարծես կանգնած ենք նոր Ավարայրի շեմին։

Մարդկության հարստությունը նաեւ իր անցյալն է։ Պատմությունը, որն ուսուցանում է, թե աշխարհիս նույնիսկ հզորները կործանվեցին, որովհետեւ քայքայվեցին նախ եւ առաջ բարոյապես։

Քաղաքակիրթ աշխարհն այսօր ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, մենք էլ այլընտրանք չունենք (որովհետեւ քաղաքակի՜րթ ենք)։ Ունենք դժվարին խնդիրներ այս ճանապարհին, իհարկե, չենք կարող մեկեն իմաստնանալ եւ այնպես կազմակերպվել, որ արագ հասնենք հարյուրամյակների ուղի անցած եվրոպական երկրների չափանիշներին, բայց քանի որ ակնհայտ են այդ ճանապարհին մեր ունեցած ձեռքբերումները, այսօր հետընթաց ապրել եւ հասարակական-քաղաքական միտքը հետ շպրտել 30¬40 տարով, առնվազն անմտություն է։

Իրականությունը տեսնել է պետք։ Երբ քաղաքական խմբավորումներից յուրաքանչյուրն ունի իր պատկառելի ընտրազանգվածը, այս կամ այն քաղաքական լիդերների հասցեին ամեն անպարկեշտ արտահայտություն, ըստ էության, վիրավորանք է այդ ընտրազանգվածին, որից էլ ծայր առավ այս թշնամանքը։ Իսկ ընդհանրապես ո՞վ է իրավունք տվել օգտագործելու ամբիոններըՙ թշնամանք սերմանելու մարդկանց մեջ. հարեւանին հանել հարեւանի դեմ, բարեկամինՙ բարեկամի, պառակտել ընտանիքներ, անվստահություն սերմանել միմյանց միջեւ։ Եվ սա սպառնում է հետեւողական դառնալ, չի էլ փորձում դադարել, քանի որ շարունակվում են բախվել քաղաքական շահեր եւ ինչպիսի մոլեռանդությամբ, կրքերի ինչ բախումներով։ «Ինչո՞ւ են մեզ թշնամացնում իրար հետ», հարցնում էր փողոցում մի ծերունի, իսկ շատերն էլ մոլորվում ենՙ աջ ու ահյակ ուժերի այս բախումներում։ Ու դարձյալ տագնապեցնող է հնչում «Չէ, այստեղից հեռանալը կփրկի» արտահայտությունը։ Ո՞ւմ են ղեկավարելու մեր ղեկավարներն այնժամ, իշխանամետ թե ընդդիմադիր։

Շատ խոսվեց նախկին իշխանության գործիչների եւ այժմ նրանց անթաքույց իշխանատենչության մասին։ Քաղաքական դաշտում նրանցից հետո շատ ջրեր են հոսել եւ հհշական ուրվականով վախեցնելու պարզ մեխանիզմն այսօր քաղաքական ակտիվ զանգվածի համար գործոն չէ։ Պատճառաբանեմ։ Ո՞ւմՙ ինձ եւ ինձ նման հարյուր-հազարավորների են ուզում հիշեցնել խավարի մղձավանջը։ Ինձ նման հարյուր-հազարավորները, որ այս երկրի վերջին 15 տարիների ամեն օրվա բեռնակիրն ենՙ դաժան ձմեռների, ավարառություն-ավերածությունների, պարզ մի հարցադրում ունեն. մեր բոլորի կրած ֆիզիկական ու բարոյական զրկանքների պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնում, եւ որտե՞ղ են նրանք։ Այսօր լոկ անուններ հնչեցնել անցած-գնացած նախարարաց դասի, ովքեր ավերեցին ու փոշիացրին երկիրըՙ դատապարտելով տնտեսությունն ամայության, միտքըՙ ամլության, սնանկ է։ Այս ամենը կարուսել է հիշեցնում, փակ շղթա, տեղապտույտ։

Ռեւանշիստների մի խումբ փորձում է նորից գալ իշխանության եւ հովանավորվում է օտարերկրյա կապիտալի կողմից։ Նա թաքնված է այսօրվա քաղաքական ընդդիմադիր դիմակի տակ եւ փորձում է ավելի թույլ լիդերի ստվերում իրականացնել իր ազգադավ ծրագրերը։ Սա կարծիք էր, որ մատուցվեց հասարակությանը, ընդունել-չընդունելու տարբերակը հարաբերական է բազմակարծության այս շփոթում։ Իշխանության է ձգտում մի ուժ, իշխանությունը պահել է ուզում մեկ այլ ուժ։ Պայքարի այս կիզակետի խաչմերուկում նետված է ժողովուրդը, որ եւ իրեն արդեն շատ երկար ժամանակ օտարված է զգում իշխանություններից։ Ամեն պարագայում պետության, պետականության դեմ ոտնձգություն կատարելը դավաճանություն է։ Իսկ քաղաքական ուժերի տարաբեւեռումներն ինքնին բնական գործընթացներ են, սակայն այս հողի վրա պառակտել հասարակությունը եւ բարոյալքել, անթույլատրելի է։ Մի՞թե իշխանությունն ինքնաբավ է։ Ո՞ւր են մղում այս մարդկանցՙ հերթական անհուսությա՞ն, փախուստի՞։

Ճակատագրով երկփեղկվածՙ արեւելյան եւ արեւմտյան քաղաքակրթությունների խաչմերուկներում, մեր պատմության շարունակությամբ ճամփորդի պես անվերջ դռներ ենք ծեծում։ Այսօր մեր հայացքն արեւմտյան չափանիշներին ենք ուղղել, եւ Եվրախորհրդին մեր անդամակցությունը, որ պարտականություն-իրավունքների հստակ շղթա է, բնավ պատահական չէ։ Մենք արեւմտյան մշակույթ կրող ժողովուրդ ենքՙ քրիստոնեական համընդհանուր արժեքների համատեքստում։ Անհնար է միաժամանակ խաղալ երկու լարերի վրա եւ մեզ վերաձեւել անվերաձեւելին։

Աշխարհաքաղաքական ներկա կացությամբ եւ ներքին ռեսուրսներով նորանկախ մեր հանրապետությունը միջազգային կառույցներին եւ հանրությանն ինտեգրվելու անհրաժեշտությունն ունի։ Մեկուսացման մեջ հայտնվելը շահեկան չէ։ Բայց եւ չսայթաքելու համար խորաթափանցություն ունենալուց զատ ներքին կայունություն ու բարոյականություն է պետք։ Երկակի ստանդարտներով առաջնորդվելը պահմտոցի է հիշեցնում, որքանո՞վ է շահեկան։ Եթե շատ ուժեղ չես, պարտավոր ես գոնե ազնիվ լինել, սա է գրավականը։ Մանավանդ, որ իբրեւ վերջին տարիներին մեծագույն նվաճում Եվրախորհրդին մեր անդամակցությունն է նշվում, եւ մենք ցույց ենք տալիս, թե առաջնորդվում ենք քաղաքակիրթ կանոններով ու մեզ հայտարարել ենք բաց ու թափանցիկ երկիր աշխարհի առաջ։

Այսօր ունենք կայացած պետություն եւ արձանագրել ենք շոշափելի առաջընթաց-ձեռքբերումներ։ Ներքին անմիաբանություն-հակասությունները միտված են երկրի ապակայունացմանը եւ վտանգում են մեր անվտանգությունըՙ մանավանդ ներկայումս ստեղծված տարածաշրջանային բարդ խճանկարի եւ ընթացիկ պատերազմի վտանգների ներքո։

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են քաղաքական կայացած բոլոր ուժերը։ Բնական է երկրի իշխանական մարմիններում նրանց մասնակցություն ունենալու ձգտումը։ Սակայն եւ ընտրարշավի այս ընթացքը լավագույնս օգտագործողներիՙ իրենց քվեն ստանալու ճանապարհին, գործելակերպը եւ մեթոդները պակաս կարեւոր չեն։ Երկրի ապագայով մտահոգ անձինք, հասարակության առողջ մասը, բնականաբար, հստակ գիտակցում են, որ մենք կկորցնենք մեր վերջին հնարավորությունը, եթե չկարողանանք ձեւավորել ինտելեկտուալ, բարոյական բարձր նկարագիր ունեցող պարկեշտ ու ազնիվ պատգամավորների խորհրդարան։ Միմիայն նեղանձնական, ներկուսակցական շահերից դուրս պետական գործիչները կարող են փոխել իրադրությունը եւ հասարակական-քաղաքական տարբեր ուժերի փոխհամաձայնության պարագայում ստեղծել ներդաշնակ պայմաններՙ երկրի հետագա զարգացումների համար։

Իշխանական հավակնություններով քաղաքական գործիչները նախ եւ առաջ պետք է առաջնորդվեն պատասխանատվության զգացումով (որն այնքան էլ դյուրին չէ)ՙ հետամուտ լինելու հասարակության համար կենսական խնդիրներին (ոչ միայն կենցաղային, տնտեսական, նաեւ բարոյական)։

Ամենաթողության հետեւանքով զանազան անարդարությունների համար պատասխանատու անձանց կողմից պատասխանների ակնկալիք ունի այսօրվա դյուրաբորբոք հասարակությունը։ Ովքե՞ր են իրավասու նմանատիպ հարցերի պատասխանը տալու, համենայն դեպս, ոչ հասարակ մարդիկ։ Հասարակությունը միայն ջղաձիգ պրկումներով ապրում է օրերի դժվար ընթացքը, իսկ կուտակումները, ինչպես տեսանք, հետեւանքներ ունենում են։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4