Երեկ ավարտվեցին հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները եւ ստորագրվեց քննարկված ծրագրերի ֆինանսավորման արձանագրությունը։ Երեք օր առաջ, ինչպես տեղեկացրել էինք, արդեն ստորագրվել էր «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ծրագրի» համար Հայաստանին 2,25 մլն եվրո դրամաշնորհ տրամադրելու պայմանագիրը։
Հայկական կողմից արձանագրությունը ստորագրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, որն էլ ներկայացրեց գերմանական կողմից ֆինանսավորվող ծրագրերը եւ դրանց արժեքները։ Այսպես, 15 մլն եվրոն տրվում է որպես վարկ արտոնյալ պայմանով։ Այն առաջին 10 տարին չի սպասարկվելու, տրվում է 40 տարովՙ 0,75 տոկոսով։ Այդ գումարից 5 մլն եվրոն կտրամադրվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցությանը։ Նույն ծրագրով եւս 0,5 մլն եվրո տրամադրվում է որպես դրամաշնորհ։ 4 մլն եվրո հատկացվում է ավանդների ապահովագրման ինստիտուտի ստեղծմանը։ Այս գումարից 0,5 մլն եվրոն դարձյալ դրամաշնորհ է։
Ամենախոշոր վարկային ծրագիրը տրվում է համայնքային զարգացմանը։ Այդ ծրագրի ընդհանուր գումարը 80 մլն եվրո է, իսկ այս անգամ կտրամադրվի այդ գումարի հերթական բաժինըՙ 7 մլն եվրո։ Մինչ այդ արդեն հատկացվել էր 16,5 մլն եվրո։ Ծրագրի իրագործման դեպքում, ըստ նախարարի, առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարմամբ կապահովվեն Հայաստանի հյուսիսային մարզերը, ինչպես նաեւ Արմավիրը եւ այլ բնակավայրեր։
Մի շարք դրամաշնորհներ են նախատեսված հետեւյալ ծրագրերի համարՙ 0,8 մլն եվրո աղքատության վերացմանը, 1,85 մլն եվրո համայնքների զարգացմանը, 0,5 մլն եվրո իրավական խորհրդատվությանը, 1,45 մլն եվրո ֆինանսաբանկային քոլեջինՙ մասնագետների պատրաստման համար, 3,835 մլն եվրո էլ վարկերի երաշխավորման տարածաշրջանային ծրագրին։ Ընդհանուր առմամբ տրվող վարկերը եւ դրամաշնորհները կազմում են 24 մլն եվրո։
Վարդան Խաչատրյանի ելույթից հետո հանդես եկավ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության Եվրասիա դեպարտամենտի տնօրեն Ռայներ Գյոդելերը։
Նա հույս հայտնեց, որ հայ-գերմանական համագործակցությունը, որն այս տարի նշում է իր 10-ամյակը, հետագայում եւս կշարունակվի։ «Գերմանական» թեմայից դուրս Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ Միջազգային արժութային հիմնադրամը, հակառակ տարածված լուրերի, հաստատել է Հայաստանին վերաբերող բոլոր ծրագրերը։ Նա հայտնեց նաեւ, որ առաջին եռամսյակի արդյունքներով մեր երկիրը կատարել է իր բոլոր պարտավորությունները, այդ թվումՙ հարկերի հավաքումը, որը կատարվել է 100 տոկոսով։ Նախարարն առանձնակի ոգեւորությամբ նշեց, որ մինչեւ մայիս ամիսը պետությունը կմարի բնակչությանն ունեցած ներքին պարտքն ամբողջությամբ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ