«Ազգի» ապրիլի 2-ի եւ մարտի 25-ի համարներում, Վրաստանի ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա, Թբիլիսիից մեր թղթակիցն անդրադարձել էր ՀՀ քաղաքացի Սերյոժա Գալստյանի Վրաստանում ձերբակալության փաստին եւ հարակից հանգամանքներին։ Ս. Գալստյանի հարազատները երեկ ներկայացան մեր խմբագրություն եւ հետեւյալ ճշգրտումները կատարեցին հիշյալ թղթակցությունների վերաբերյալ.
Սերյոժա Գալստյանը Հայաստանից մեկնել է 2001 թ. նոյեմբեր ամսին եւ առ այսօր չի վերադարձել։ Այս փաստը չի համապատասխանում թերթում տպված տեղեկատվությանը, որ վերոհիշյալ անձնավորությունը 2003 թ. հունվարի 1-ին է Երեւանից մեկնել Թբիլիսի։ Միաժամանակ, 2001 թ. նոյեմբերին Սերյոժա Գալստյանը ՀՀ-ից մեկնելու պահին հետախուզման մեջ չի գտնվել։ Ինչ վերաբերում է Ս. Գալստյանի մոտ հայտնաբերված 490 հազար իրաքյան դինարին, ըստ ՀՀ եւ Վրաստանի մաքսային օրենսգրքի, թե՛ ներմուծման եւ թե՛ արտահանման դեպքում չի կարող հանդիսանալ մաքսանենգ արժույթ, քանի որ, ըստ Վրաստանի ՆԳՆ կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հաղորդագրության եւ արտասահմանյան փորձագետների եզրակացության, չի գերազանցում 200¬250 ԱՄՆ դոլարը։ Ըստ մեր թերթում նշված տվյալների, իբր Սերյոժա Գալստյանը տվյալ գումարը Հայաստանից է արտահանել Վրաստան, ինչը նույնպես չի համապատասխանում իրականությանը եւ, ըստ ՀՀ մաքսային օրենսգրքի 183 հոդվածի, չի գերազանցում օրենքով սահմանված չափն արտահանման դեպքումՙ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Ըստ Վրաստանի մաքսային օրենսգրքի, գումարի ներմուծման չափն անսահմանափակ է, եւ վերջապես իրաքյան դինարը միջազգային շրջանառության մեջ է եւ չի կարող համարվել մաքսանենգ արժույթ։