«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2003-04-03 | #64, 2003-04-04 | #65, 2003-04-05


ԼԱՎՐԵՆՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՄԲՈՂՋ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆԸ»

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ 2002 թ. Անգլիայի Ուելսի նահանգի խորհրդարանը ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, եւ առաջիկայում տեղի հայկական համայնքի մասնակցությամբ հուշաքար կտեղադրվի խորհրդարանի շենքի առջեւ։ Հայոց ցեղասպանությունը անցած տարի ընդունել եւ դատապարտել է նաեւ Ժնեւի կանտոնի սենատը Շվեյցարիայում։ Ինչպես նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված հայոց ցեղասպանությունն արդեն դատապարտել եւ ճանաչել են աշխարհի շուրջ 12 երկրների խորհրդարաններ, ԱՄՆ 50 նահանգներից 32-ի սենատները, Ֆրանսիայի 25 եւ Իտալիայի 36 քաղաքների քաղաքապետարանները։

Լավրենտի Բարսեղյանը համոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ամբողջ մարդկությանըՙ հետագայում բացառելու համար համանման ոճրագործությունը։ Նրա գնահատմամբ, այսօր էլ գործընթացը շարունակվում է, թեպետ 2002 թ. առանձնապես ակտիվ չի եղել. վերջին երկու տարիների ընթացքում, հատկապես երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը օրակարգից ժամանակավորապես հանեց Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը, Թուրքիայի ղեկավարությունը ԱՄՆ պետքարտուղարության հետ մշակեց նոր ռազմավարություն, որի արդյունքում մի շարք երկրներում գործընթացը սառեցվեց։ Բացի այդ, Գերմանիայի Բունդեսթագի օրակարգից նույնպես հանվեց հարցի քննարկումըՙ ասպարեզ իջած Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի պատճառով։

Լ. Բարսեղյանի կարծիքով, հայ ժողովրդի համար առավել կարեւոր է Անգլիայի, Ավստրիայի եւ Գերմանիայի վերաբերմունքը հարցի վերաբերյալ, քանզի այդ երեք պետությունները առաջին համաշխարհային պատերազմի մասնակից պետություններից են եղել, եւ փաստորեն նրանց աչքի առջեւ է կատարվել ցեղասպանությունը. «Չէ՞ որ նույն Գերմանիան կարող էր բռնել Թուրքիայի ձեռքը եւ թույլ չտալ ոճրագործությունը»։ Թանգարանի տնօրենը գտնում է, որ Գերմանիան մեղսակից է Հայոց ցեղասպանությանը։

Հայ ժողովուրդը, ընդգծեց Լավրենտի Բարսեղյանը, լռելյայն չի կարող անցնել Հայոց ցեղասպանության փաստի կողքից, քանի որ ոճրագործությունից 87 տարի անց դեռեւս մեր կողքին ապրում են այն մարդիկ, որոնք ականատեսն են եղել 1915, 1916 եւ 1917 թվականների դեպքերի. «Քանի դեռ նրանք կենդանի են եւ քանի դեռ կա հայ ժողովուրդը, այդ հիշողությունը չի դադարի գոյություն ունենալ, քանզի ապրում է յուրաքանչյուր հայի մեջ»։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4